Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ՝ ՓԱՌՔԻ ԵՎ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ…



Երբ ձեռքս առա Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորի` դեղնած թղթի վրա մանուշակագույն թանաքով գրված ռազմաճակատային վերջին օրերի նամակը, ակամայից հիշեցի երեք տասնամյակ առաջ Հայրենական մեծ պատերազմում զոհված հայ հերոսների մասին իմ կարդացած առաջին՝ «Նամակներ փառքի և անմահության» գրքի (մայրս էր ինձ նվիրել) տիտղոսաթերթին գրված խորհրդային հայտնի բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկու այն ժամանակ շատ հայտնի բանաստեղծության հետևյալ քառատողը`

Մարդիկ, քանի դեռ ձեր սիրտն է զարկում,

Հիշեցեք նրանց,

Այդ նրանք էին ձեր բախտը փրկում, այն էլ ինչ գնով,

Հիշեցեք նրանց։

Ահա, կրկին, ինչպես սրբազան մասունք, ձեռքս եմ վերցնում 1944 թվականի մայիսի 6-ին 19-ամյա Մաթևոս Մաթևոսյանի` Բելառուսական ռազմաճակատից մեկ այլ ռազմաճակատում կռվող ավագ եղբորը` Ապետնակ Մաթևոսյանին գրած վերջին նամակը, և ակամա ինձ համակում է այն նույն զգացողությունը, որ ապրել էի պատանի հասակում՝ երեք տասնամյակ առաջ, երբ մեր սերունդը դաստիարակվում էր Մեծ հայրենականի հերոսների սխրանքով։

Նամակը ինչով է հուզիչ։ Այն կարծես կրտսեր եղբոր՝ ավագին ուղղված հաշվետվություն լինի քաջարի պահվածքի, արիության մասին, որ մեծ եղբայրը փոքր-ինչ չկասկածի իր քաջության վրա: «Սիրելի՛ եղբայր ջան, ինձ պարգևատրել են «Կարմիր աստղի» շքանշանով։ Երբ կռիվը վերջանա, և առողջ վերադառնամ տուն, դու կհամոզվես, որ Հայրենական պատերազմում ես ցույց եմ տվել իմ արիությունը։ Եղբա՛յր ջան, չնայած ես տարիքով փոքր եմ, բայց ցույց տվեցի իմ արիությունը»,- անթաքույց հպարտությամբ եղբորն է գրում նոր-նոր տասնինը բոլորած Մաթևոս Մաթևոսյանը։

Ինչպիսի հավատ իր գործի արդարության, իր ուժերի, վաղվա օրվա նկատմամբ. «…երբ կռիվը վերջանա, եւ տուն վերադառնամ…»:

♦♦♦

1980-ականներին Մաթևոսյանները Բելառուսից նամակ են ստանում, որով ծանուցում էին, թե իրենց զոհված հարազատի շիրիմը գոմելցի պիոներները գտել են, և որ այն արդեն ամփոփվել է եղբայրական գերեզմանոցում։

Նամակը ստանալուն պես Սպարտակ Մաթևոսյանը և իր հորեղբոր աղջիկը անհապաղ մեկնում են Բելառուս, Գոմելի մարզ՝ արժանանալով մեծ պատիվների եւ չտեսնված ընդունելության։

«Ձեր հարազատը իր երիտասարդ կյանքը զոհաբերել է հանուն Բելառուսի ու նրա ժողովրդի ազատագրության։ Հազարավոր հայորդիներ են իրենց կյանքը զոհաբերել հանուն այսօրվա, և մենք միշտ էլ երախտագիտությամբ ենք հիշելու մեր ազատարարներին»,- մեկ անգամ եւս իրենց երախտագիտությունը հավաստեցին մարզի վարչակազմի ներկայացուցիչներն ու հասարակ մարդիկ, որոնց ներկայությամբ էլ հերոս հայորդու անունը փորագրվեց եղբայրական գերեզմանոցի պատվո հուշատախտակին։

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #03 (970) 24.01.2013 – 30.01.2013, Բանակ և հասարակություն


24/01/2013