Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՐԻՆՏԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԱՐՅՈՒՆՈՏ ՁՈՐ



1992թ. հունվարի 26-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները գրոհում են Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի վրա: Շուրջ 12 ժամ տևած մարտերից հետո ադրբեջանցիները փախուստի են դիմում` մարտադաշտում թողնելով 100-ից ավելի դիակներ: Քարինտակում ադրբեջանցիների կրած պարտությունն այնքան մեծ էր, որ նրանք տեղանքն անվանում են Արյունոտ ձոր:

Քարինտակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանում է, Կարկառ գետի ձախ ափին, ծովի մակերևույթից 1400 մետր բարձրության վրա: Քարինտակի վրա ադրբեջանական հարձակումները սկսվել էին դեռևս 1991թ.-ին. նոյեմբերին և դեկտեմբերին թշնամին փորձել էր գրավել գյուղը, սակայն բախվելով հայ ազատամարտիկների հուժկու հակահարվածներին, նահանջել էր: Այնուհետև գյուղը ադրբեջանական հրետանու և դիպուկահարների մշտական կրակի տակ էր:

1992թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը ադրբեջանական զինուժը շրջապատում է Քարինտակը և առավոտյան 6:30-ին սկսում հարձակումը: Ռազմական գործողություններն անձամբ ղեկավարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Թաջեդին Մեհտիևը: Գրոհին մասնակցում էին մի քանի հարյուր ադրբեջանցի զինվորներ և 3 զրահամեքենա: Քարինտակի ինքնապաշտպանության ջոկատի 60-70 ազատամարտիկները, հրամանատար Վաղարշակ Առուշանյանի գլխավորությամբ, ընդունում են անհավասար մարտը:

«Հունվարի 26-ի առավոտվանից Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումները լայնամասշտաբ մարտական գործողություն սկսեցին Շուշիի շրջանի միակ հայկական գյուղի՝ Քարինտակի դեմ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության կենտրոնական շտաբից ստացված ճշգրտված տվյալների համաձայն, հարձակմանը մասնակցում էին շուրջ 250 պատժիչներ, որոնց գործողությունները պաշտպանվում Էին ուժեղ հրետանային կրակով: Ադրբեջանական կազմավորումներին հաջողվեց գյուղին մոտենալ 100-150 մետր տարածության վրա: Քարինտակի ինքնապաշտպանության ջոկատները ստիպված էին սկզբում նահանջել առաջավոր դիրքերից»:

«Հայաստանի Հանրապետություն», 1992 թ. հունվարի 29:

Գյուղի պաշտպանության ղեկավարների խնդրանքով Ստեփանակերտից մարտերով Քարինտակ են հասնում հայկական ուժերի ստորաբաժանումներ` Աշոտ Ղուլյանի, Դուշման Վարդանի հրամանատարությամբ, ինչն էլ վճռում է 12 ժամ տևած մարտի ելքը: Ադրբեջանցիները նահանջում են՝ մարտադաշտում թողնելով տասնյակ սպանվածներ: Մարտի ժամանակ հայկական կողմից զոհվում է 20 մարտիկ, այդ թվում ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանյանը:

«Ադրբեջանական ղեկավարությունը երկար ժամանակ Քարինտակը գրավելու միջոցներ է ձեռնարկում, սակայն ինքնապաշտպանական խմբերը միշտ էլ կարողանում են թշնամուն արժանի հակահարված տալ: Նույնիսկ օգոստոսյան հեղաշրջումից առաջ, երբ ադրբեջանցիները հայկական բնակավայրեր ներխուժելու համար օգտագործում էին խորհրդային բանակի զորամիավորումները, Քարինտակը չընկճվեց, կարողացավ դիմակայել բոլոր փորձությունները և չլքեց իր հարազատ օրրանը: Բերդաձորի անկումից հետո Քարինտակը ենթարկվեց շատ հարձակումների, բայց մնաց անառիկ: Ակնհայտ է, որ այսուհետև ևս այդ գյուղը կենթարկվի անընդհատ գնդակոծությունների և անսպասելի գրոհների: Պետք է պատրաստ լինել արժանի հակահարված տալու հարձակվողներին»:

«Ազգ», 29 հունվարի, 1992թ.:

Պատրաստեց ՄԻՔԱՅԵԼ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #03 (970) 24.01.2013 – 30.01.2013, Պատմության էջերից


24/01/2013