Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵԼ ՆՐԱՆՑ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆԸ…



Երբ ուսումնական հրետանային գնդի հրամանատարությունը կրտսեր սերժանտ Վաղինակ Ոսկանյանին ներկայացրեց որպես լավագույն կրտսեր հրամանատարի և իմիջիայլոց ավելացրեց. «Բանակում» սերիալում էլ խաղացել է», ես անմիջապես հիշեցի գրող ընկերոջս խոսքերը. «Տասը հատ գիրք գրես, նույնիսկ մրցանակի արժանանաս, ոչ ոք տեղդ չի իմանա, բայց հենց հեռուստացույցի մի անկյունում քիթդ երևա, անմիջապես դառնում ես հեռուստատեսային աստղ, և ով տեսնում է, հարցնում է՝ էդ ի՞նչ բանի էիր…»։ Եվ քանի որ ես էլ եմ ընկերոջս նման մտածում, մանավանդ վաղուց ձևավորված կարծիք ունեմ հայրենական հեռուստատեսային սերիալների, մանավանդ նրանց բերած «մշակույթի», ասելիքի, դերասանական կազմի մասին, անկեղծ ասած, կանխակալության որոշակի զգացումով ծանոթացա կրտսեր սերժանտ՝ սերիալի դերասանի հետ… Եվ որքա՜ն ուրախացա, հասկանալով որ սխալվել եմ, և որ գոնե Վաղինակի դեպքում ես արդարացի չեմ։ Իմ առջև կանգնած երիտասարդը թեև փորձում էր տարիքից ավելի հասուն երևալ, բայցևայնպես անպայմանորեն ազնիվ, խելացի, կարդացած-զարգացած, իր դերն ու տեղը այս կյանքում իմացող անձնավորություն էր։ Զինվորականին ու դերասանին պատշաճող բարձր, առինքնող հասակ ուներ, բաց դեմք, պայծառ ժպիտ, խորքում թեթևակի չարաճճի աչքեր…

-Վաղինակ, «Բանակում» սերիալում ներկայացված բանակն ու իրական բանակը, որտեղ դու հիմա ծառայում ես, միմյանցից շա՞տ են տարբերվում։

-Իմ առաջին ծանոթությունը բանակի հետ հենց այդ սերիալի միջոցով է եղել, այնպես որ՝ ես բանակ եմ զորակոչվել նրան բավականին մոտիկից ծանոթ լինելուց հետո… Իմ կարծիքով՝ «Բանակում» սերիալում ներկայացվածը և՛ նման է, և՛ նման չէ իրական կյանքին՝ բանակային կյանքին։ Գուցե հենց այդպես էլ պետք է լիներ. սերիալում ներկայացված է բանակի հավաքական կերպարը…

-Դու ինքդ ի՞նչ կերպար ես մարմնավորել։

-Ասատուրի։ Իմ Ասատուրը բանաստեղծական նատուրա է, ռոմանտիկ մարդ ու զինվոր։ Իմ մարմնավորած Ասատուրի նման զինվորներ բանակում ես շատ եմ հանդիպում, այնպես որ՝ վստահ կարող եմ ասել՝ այսօր մեր զորամասերում ոչ միայն կոպիտ ու անտաշ, վատ կրթություն ու դաստիարակություն ստացած զինվորներ կան, այլև կրթված, դաստիարակված, ռոմանտիկ և բանաստեղծական խառնվածքով զինվորներ…

-Իսկ ինչքանո՞վ են նման սերիալի Ասատուրն ու հայկական զինված ուժերի կրտսեր սերժանտ Վաղինակը։

-Երկուսն էլ պարտաճանաչ զինվորներ են, ազնիվ մարդիկ։ Թերևս այսքանը միայն։ Ուրեմն, իմ մարմնավորած Ասատուրը սերիալում պատասխանատու է միայն ինքն իր համար։ Մինչդեռ ես այսօր պատասխանատու եմ այն 19 կուրսանտների համար, որոնք մեր դասակի կազմում են։ Մինչև չծառայես, բանակը չես ճանաչի։ Եթե ես ծառայությունից հետո նկարվեի սերիալում, համոզված եմ՝ ինձ վստահված դերը այլ կերպ կմարմնավորեի, թերևս շատ ավելի լավ։

-Ասում ես՝ բանակի ներսում լինելու դեպքում ես միայն հասկանում, թե ի՞նչ է ծառայությունը։ Անշուշտ, այդպես է։ Եթե հիմա քեզ հնարավորություն տային խմբագրելու «Բանակում» սերիալի սցենարը, ի՞նչ փոփոխություններ կանեիր։

-Չգիտեմ։ Հավանաբար կփորձեի ավելի շատ քննադատել տղամարդկային այն կեղծ արժեքները, որոնք որոշ զինվորներ քաղաքացիական կյանքից զինված ուժեր են բերում։ Դատարկ ու փուչ սկզբունքներ, անիմաստ պատվախնդրություն, թվացյալ արժանապատվություն, որոնք իրական տղամարդկային արժեքների հետ ոչ մի կապ ու առնչություն չունեն։ Իսկ բանակում դրա կարիքը բոլորովին չկա, և զինված ուժերում հարգի են բոլորովին այլ արժեքներ։ Այդ՝ իսկապես դատարկ «տղամարդկային սկզբունքները» շատերին խանգարում են բանակային կյանքում, համատեղ, մի հարկի տակ ապրելուն ու ծառայելուն։ Չգիտեմ, գուցե ես շեշտը հենց այդ արատավոր երևույթների վրա դնեի, որոնք, ցավոք, երբեմն ծանր դժբախտությունների պատճառ են դառնում։ Ես իմ կուրսանտներին ասում եմ, որ մենք եկել ենք հայրենիք պաշտպանելու, այն հայրենիքը, որը հավասարապես յուրաքանչյուրինս է, ոչ թե ինչ-ինչ ծիծաղելի երեխայական հաշիվներ միմյանց հետ պարզելու…

-…Եվ քեզ լսո՞ւմ են, քո կուրսանտները քեզ հավատո՞ւմ են։

-Ինձ թվում է՝ հիմնականում այո։

-Չէ՞ որ ընդամենը երեկ, ասենք մի վեց ամիս առաջ դու ինքդ նրանց տեղում էիր…

-Այո՛, բայց երեկ ես ինքս ինձ համար էի ծառայում, իսկ այսօր պատասխանատու եմ նաև ուրիշների համար։ Եվ հենց այս հանգամանքը՝ պատասխանատվությունը ուրիշի համար, ինձ փոխել է։ Ես արդեն երեկվա Վաղինակը չեմ, այլ բոլորովին ուրիշ մարդ՝ ավելի լուրջ, ավելի կազմակերպված, հավասարակշռված և ավելի պարտաճանաչ։ Այնպես որ՝ եթե անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ ինքս ինձ երբեմն չեմ էլ ճանաչում։ Այն հատկանիշները, որ ես թվարկեցի, հավատացեք՝ առաջ ինքս իմ մեջ չեմ նկատել։ Փաստորեն, ուրիշի համար պատասխանատվություն կրելը բացահայտեց իմ թաքնված հնարավորությունները, ներուժը, որոնց մասին ես ինքս էլ տեղյակ չէի… Հիմա ես իսկապես ուրիշ մարդ եմ՝ կրտսեր սերժանտ, որ սիրում է իր զինվորներին և մտածում է նրանց մասին։ Ես հիմա ամեն օր բացահայտում եմ ինքս ինձ…

-Դժվա՞ր է ուսումնական զորամասի սերժանտ լինելը, միայն թե՝ անկեղծորեն…

-Սերժանտի դերը մեծ է բանակում և ծանր բոլոր առումներով։ Ախր, սերժանտը ո՛չ զինվոր է և ո՛չ էլ սպա։ Եվ դու պետք է զինվոր-սերժանտ-սպա շղթայում քո տեղը գտնես։ Կրտսեր հրամանատարը, մի տեսակ, կարծես միջնորդ է զինվորի և սպայի միջև։ Ե՛վ տարիքային, և՛ զբաղեցրած պաշտոնի առումներով նա կապող օղակ է զինվորի և սպայի միջև։ Ես, որպես կրտսեր սերժանտ, բանակին նայում եմ ներսից, այսինքն՝ նաև զինվորի աչքերով, ինչն ինձ թույլ է տալիս ավելի լավ հասկանալ զինվորի լեզուն։ Կրտսեր հրամանատարը զինվորին բանակային կյանքի այբուբենն է սովորեցնում, այբուբեն, որն ամբողջ կյանքի համար է…

-Ասացիր, որ սովորել ես թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, դերասանական ֆակուլտետում։ Քո սիրած մասնագիտությունը քեզ օգնո՞ւմ է բանակում։

-Այո՛, ինձ թույլ է տալիս մտնել ամեն զինվորի կերպարի մեջ, հասկանալ նրան։ Դերասանը հենց ուրիշի կերպարի մեջ մտնող մարդն է։ Ինձ թվում է, եթե ես ծառայության մեջ, որպես կրտսեր սերժանտ, ինչ-որ հաջողությունների հասել եմ, ապա շնորհիվ նաև իմ մասնագիտության…

-Իսկ ի՞նչ ես կարծում, ի՞նչ է տալիս քեզ բանակը։

-Բանակը, իսկապես որ, կյանքի դպրոց է։ Եվ սա ձևական խոսք չէ։ Ինձ թվում է՝ երբ ես ծառայեմ, վերադառնամ իմ քաղաքացիական կյանքին և զբաղվեմ իմ սիրած գործով՝ դերասանությամբ, ապա ինձ հետ կտանեմ շատ հետաքրքիր կերպարներ։ Բանակային կյանքը թույլ է տալիս ավելի լավ ճանաչել մարդուն, նրա հոգեվիճակը… Ես այսօր շատ համոզիչ կարող եմ մարմնավորել թե՛ ուրախ զինվորի, թե՛ տխուր։ Մարմնավորել նրան և՛ ոգևորված ժամանակ, և՛ մտահոգ, և՛ վախեցած, և՛ ինքն իր մեջ ներքաշված։ Ես տեսել եմ, թե զինվորն ինչպես է ծառայության առաջին օրն իրեն սարսափելի օտար զգում նոր միջավայրում, նաև տեսել եմ, թե ինչպես է կամաց-կամաց ընտելանում զինվորական կյանքին, ընտելանում հրամաններ կատարելուն, ինչպես է ենթարկվում կոչումով ավագին՝ հրամանատարին… Եվ ես փորձում եմ այս հրաշալի հնարավորությունը ձեռքիցս բաց չթողնել։

-Պարզապես ինձ համար շատ հաճելի է քեզ հետ զրուցել, սիրելի Վաղինակ… Ի՞նչ ես կարծում, քո բնավորության ո՞ր հատկանիշներն են ավելի շատ գնահատում քո հրամանատարները…

-Ես չեմ կարող ասել, այդ հարցին նրանք պետք է պատասխանեն։ Բայց ես ինքս մարդու մեջ գնահատում եմ ազատ մտածողությունը։ Ինձ համար ամենից թանկ է անհատի հոգևոր ազատությունը։ Եվ շնորհակալ եմ իմ սիրելի ուսուցչին՝ Ռազմիկ Խոսրոևին, որ իմ աչքերը բացեց և ասաց. «Մարդ պետք է ազատ լինի, իսկ ազատ լինել նշանակում է՝ ազատ մտածել ու գործել»։ Իմ ուսուցչի այս խոսքերը դարձել են իմ կյանքի կարգախոսը։ Նա մեզ դերասանի վարպետության դասեր էր տալիս, բայց ամենամեծ դասը հենց ազատության մասին նրա մտքերն էին…

-Իսկ ինչո՞վ ես պարտական քո հրամանատարությանը…

-Նրանք ինձ կյանքի դասեր են տվել-սովորեցրել են ճանաչել կյանքը, ինքս ինձ, վստահել իմ ուժերին ու հնարավորություններին… Չգիտեմ, ես հիմա ուզում եմ միայն արժանի լինել նրանց վստահությանը…

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #03 (970) 24.01.2013 – 30.01.2013, Ազգային բանակ


24/01/2013