Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆԿԵՐՍ ԶԻՆՎՈՐ Է



Գրեթե երկու ամիս է, ինչ ընկերս՝ Արման Ավանեսյանը, ծառայում է հայոց բանակում։ Մեր ընկերությունը սկսվել է շատ վաղուց՝ փոքր տարիքից։ Առաջին դասարանից սովորում էինք միասին և ընկերություն անում։ Եվ դարձանք գրեթե եղբայրներ։ Հիմա ընկերս զինվոր է և սրբորեն է կատարում հայրենիքի հանդեպ իր պարտքը։ Հունվարի 12-ին երդման արարողություն էր։ Այցելեցի ընկերոջս զորամաս։ Շատ էի ուզում նրան տեսնել զինվորական համազգեստով։ Ճանապարհին մտորում էի մեր այս ընկերության մասին։ Հիշեցի, թե ինչպես Արմանը ամիսներ առաջ առաջարկեց եկեղեցում մկրտել ինձ և դառնալ իմ կնքահայրը։ Հաճույքով ընդունեցի այդ առաջարկը։ Այդ սուրբ արարողությունն է՛լ ավելի մտերմացրեց մեզ և բարեկամացրեց մեր ընտանիքները։ Ճանապարհին լավ ու բարի հիշողություններով այնքան էի տարվել, որ չզգացի էլ, թե ինչպես հասա զորամաս։ Սկսվեց երդման հանդիսավոր արարողությունը։ Տոնական շքերթը, զինվորների խրոխտ քայլքը հիացրել էին բոլորին։ Ես ևս հիացած էի ու նաև անթաքույց նախանձով էի նայում զինվորներին՝ հայացքով փնտրելով Արմանին։

Տոնական արարողությունից հետո վերջապես ողջագուրվեցի ընկերոջս հետ։ Երկար զրուցեցինք։ Արմանը պատմեց զինվորական կյանքից։ Պատմում էր հպարտությամբ և տղամարդուն հատուկ առնականությամբ։ Անչափ ուրախ էի, որ Արմանը հաղթահարել էր կյանքի առաջին դժվարությունը և պատրաստ էր ծառայելու հայրենիքին։

Հրաժեշտ տվեցի ընկերոջս՝ մաղթելով բարի ծառայություն և բարի վերադարձ։

Շուտով՝ հունվարի 28-ին, նշվելու է Հայոց բանակի կազմավորման տոնը։ Ուզում եմ շնորհավորել Հայոց բանակի բոլոր զինվորներին և առանձնապես ընկերոջս՝ զինվոր Արմանին։ Բոլոր զինվորներին բարի ծառայություն եմ մաղթում, իսկ Արմանին ուզում եմ հավաստիացնել, որ ես էլ եմ համալրելու Հայոց բանակի շարքերը, դառնալու եմ իմ հայրենիքի պաշտպան զինվորը։ Կավարտեմ համալսարանը ու կզինվորագրվեմ։

ՌԱՖԱՅԵԼ ՏՈՆՈՅԱՆ

Խորագիր՝ #03 (970) 24.01.2013 – 30.01.2013, Բանակ և հասարակություն


24/01/2013