Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ



Սահմանամերձ զորամասերից մեկում հունվարի 12-ը հանդիսավոր օր էր: Այդ օրը հայրենիքին անմնացորդ նվիրվելու երդում տվեցին հարյուրից ավելի նորակոչիկներ: Նրանց երդման արարողության վկաներն էին ինչպես զորամասի սպայական և զինվորական ողջ կազմը, այնպես էլ նորակոչիկների հարազատները: Երդման հանդիսավոր կարգը ղեկավարում էր անձամբ զորամասի հրամանատար, գնդապետ Առստամյանը: Թեեւ նորակոչիկներից շատերը հազիվ մեկ ամիս է, ինչ զինվորական համազգեստ էին կրում, բայցեւ ակնհայտ էր, որ հասցրել էին վարժվել զինվորական կարգուկանոնին: Այդ մասին էին վկայում նրանց բոլոր գործողությունները արարողության ողջ ընթացքում:

Նորակոչիկներին ուղղված իր խոսքում զորամասի հրամանատարը հիշատակեց լեգենդար Ավոյի` Մոնթե Մելքոնյանի անունը, որը եղել է այդ շրջանի ինքնապաշտպանական ուժերի հիմնադիր ղեկավարը, և որի անմահ ոգին մշտապես թևածում է իրենց գլխավերևում` որպես հայրենիքի առջև սրբազան պարտավորության կենդանի վկայություն:

Երդման արարողակարգն ավարտվեց մասնակից վաշտերի խրոխտ քայլերթով, որն ըստ անհրաժեշտության բռունցքվելու և հայրենիքի սահմաններն անառիկ պահելու վճռականություն էր խորհրդանշում: Նորակոչիկների թվում էր նաև Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Զորի Վարդանի Պետրոսյանը, որը բանակ էր զորակոչվել համալսարանական կյանքին ընդամենը երկուսուկես ամիս առնչվելուց հետո:

Համաձայն ընդունված կարգի, հանդիսավոր արարողության ավարտին զորամասի հրամանատարությունը նորակոչիկներին թույլ տվեց մինչև ժամը 17.00-ը զորամասի հարակից տարածքում անցկացնել տեսակցության եկած ծնողների, հարազատների հետ, որոնցից շատերն այդ մի քանի ժամը վայելելու համար հաղթահարել էին ձմեռային դժվարանցանելի ճանապարհների հարյուրավոր կիլոմետրեր:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #03 (970) 24.01.2013 – 30.01.2013, Բանակ և հասարակություն


24/01/2013