ԲԵՐԿՐԱՆՔԻ, ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
Գիշերային ութժամյա ճամփորդության նպատակակետը գնդապետ Կ.Իշխանյանի հրամանատարությամբ գործող զորամասն էր, որտեղ հունվարի 19-ին երդման հանդիսավոր արարողություն էր: Նորակոչիկների ծնողների, հարազատների ու բարեկամների ստվար բազմությունը վկայում էր, որ հայ մարդը պատրաստ է հարյուրավոր կիլոմետրեր կտրելու, որպեսզի ներկա լինի իր որդու՝ զինվոր դառնալու հանդիսավոր ուխտին:
Մահապարտների հռչակավոր գումարտակի նախկին մարտիկ, «Հայկական Լեգեոն» հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Կարապետյանը ջանում էր հուզմունքը թաքցնել ամբողջ ճանապարհին ասել-խոսելով: Նա համարյա իր նորակոչիկ որդու տարիքին էր, երբ կամավոր մեկնեց Արցախի համար կռվելու:
– Աղասը երազում էր Սամվելին զինվորական համազգեստով տեսնել,- ամուսնու մասին պատմեց Եվան:- Այդ պատճառով էլ փոքր-ինչ հիասթափվել էր, երբ դեռևս մինչև երդումը զորամաս այցելելով՝ ջրծաղիկից բուժվող որդուն բուժկետում տեսել էր հիվանդանոցային հանդերձանքով:
Իսկ երդման օրն ամեն ինչ այլ էր: Սամվելը, շարքում ձիգ կանգնած, հորը նկատել էր դեռևս ամբիոնի մոտ, որին նա մոտեցել էր որպես «Հայկական Լեգեոն» կազմակերպության նախագահ՝ ողջույնի խոսք ասելու զինվորներին, ու որդու սիրտն անասելի հուզմունքից պատեպատ էր զարկվել: Հետո, երբ շարային քայլքով անցնում էին շարահրապարակով, Սամվելը քայլում էր մյուսներից ավելի զգաստ ու խրոխտ կեցվածքով: Համենայն դեպս, հորը այդպես էր թվում: Իսկ գուցեև բոլորովին էլ չէր թվում. Սամվելը ուզում էր ապացուցել, որ պատրաստ է արժանիորեն պաշտպանելու այն հողը, որն ազատագրել է իր հայրը: Եվ գրպանում էլ սուրբ մասունքի պես պահում էր այն լուսանկարը, որում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ երկուսով էին. նախարարը կատարել էր ազատամարտիկի խնդրանքը՝ լուսանկարվելով նրա որդու հետ, և այդ պատվին արժանանալը է՛լ ավելի ոգևորել ու պարտավորեցրել էր հայրենիքի նորընծա պաշտպանին:
-Ձեր հարազատների աչքերում արցունքներ տեսա: Հավատացեք, որ դրանք ուրախության արցունքներ են,- զինվորներին դիմելով՝ իր ելույթի վերջում ասաց Աղասի Կարապետյանը: Նա տեսել էր զինվորներից մեկի հոր արցունքներն ու տպավորվել: «Տղամարդու արցունքները ուժեղի արցունքներ են և հզորության վկայություն»,- ասաց նա: Չգիտես ինչու, համոզված եմ, որ ուրախության թաքցրած արցունքներ կային նաև ազատամարտիկի հոգում:
-Տղայիս զինվոր դառնալը փոխել է ինձ,- խոստովանեց նա հետո: – Դարձել եմ ավելի զգացմունքային, ավելի բարի:
Զինվորի ծնողի մեջ կատարված այդ փոփոխությունը երևի օրինաչափ է. զինվորական համազգեստ հագած յուրաքանչյուրի մեջ նա սկսում է տեսնել իր որդուն, ու երբ նորակոչիկների ստվար շարքերում դժվարանում է ճանաչել նրան, դա էլ ինչ-որ խորհուրդ ունի. բոլոր զինվորներն էլ ինչ-որ իմաստով իր զավակներն են: Հակառակ դեպքում, փոխգնդապետ Ս.Շաքարյանը չէր կարող խնդրանքով դիմել ծնողներին, որ նրանք տեսակցության տանեն նաև այն նորակոչիկներին, որոնց ծնողներն ի վիճակի չեն եղել ներկա գտնվելու երդման արարողությանը: Հավատացած եմ՝ այդպես էր լինելու, եթե նույնիսկ նա չխնդրեր:
Հետո, արդեն սեղանի շուրջ նստած, Աղասի Կարապետյանը Սամվելին պատվիրեց. «Տղա՛ ջան, համարիր, որ երկու տարի քո հայրը հրամանատարն է»: Ինձ թվում է՝ հատկապես հոր համար որդուն նման բան ասելը հեշտ չէ, ինչպես հեշտ չէ համակերպվելն այն բանի հետ, որ, թեկուզ ժամանակավորապես, որդիդ հայտնվում է պետությունը ներկայացնող մարդկանց՝ սպաների իշխանության ներքո: Բայց սա նաև արտահայտում է ծնողի մեծագույն վստահությունը սպայի, բանակի ու հրամանատարի հանդեպ: Վստահություն, որը պարտավորեցնում է:
Ա. ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ