Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՅՈՒՐԻ ԴՈԼԳՈՐՈՒԿԻՆ» ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ



Ռուսաստանի ռազմածովային նավատորմը սպառազինության է ընդունել 955 «Բորեյ» դասի առաջին` «Յուրի Դոլգորուկի» նորագույն ռազմավարական ատոմային սուզանավը: Մինչև 2020թ. ռուսական նավատորմը կստանա այս դասի 8 ատոմային սուզանավ: Այս փաստը մեծ ոգևորություն է առաջացրել ռուս զինվորականների շրջանում, իսկ ոգևորվելու առիթ իրոք որ կա: ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ պետության ռազմածովային ուժերը ստանում են այսպիսի հզոր և նոր մոտեցումներով կառուցված ամբողջությամբ ռուսական ատոմային սուզանավ: «Յուրի Դոլգորուկին» սկսել է կառուցվել 1996թ., ջրարկվել է 2007թ.: Այնուհետև այն անցել է փորձարկումների երկարատև շրջան, որը բավական երկար է տևել, քանի որ ատոմային սուզանավում կիրառվել են նորագույն տեխնոլոգիաներ, որոնց համատեղելիությունը, նպատակահարմարությունը նմանատիպ նավերում օգտագործելու համար ժամանակ է պահանջում: Բացի այդ, շատ մեխանիզմներ և զինատեսակներ պարզապես առաջին անգամ են կիրառվել, և անձնակազմը աստիճանաբար է յուրացրել դրանք:

Սուզանավը 170 մետր երկարություն ունի, 13,5 մետր լայնություն, ջրատարողությունը մինչև 24 000 տոննա է: Վերջրյա արագությունը 15 հանգույց է, ստորջրյա արագությունը` 29 հանգույց: Նախագծային տվյալների համաձայն` սուզանավը կարող է սուզվել մինչև 450 մետր: Ինքնաբավ նավարկության ժամկետը 90 օր է: Տեխնիկական նոր լուծումների շնորհիվ նախագծողներին հաջողվել է զգալիորեն նվազեցնել հակառակորդի կողմից նավը հայտնաբերելու հավանականությունը: Դրան նպաստում է նաև ջրանետ շարժիչը, որի առաջացրած ջրային ալիքները քողարկում են նավի շուրջ ջրի հոսանքը` աննկատ դարձնելով սուզանավի շարժը ռադարների համար: Ընդ որում, մինչ օրս այդ շարժիչի հատվածը գաղտնի է պահվում: Ապահովված է նաև անձնակազմի անվտանգությունը հավանական վթարի դեպքում: Առկա է վթարային վերելքի խցիկ անձնակազմի բոլոր անդամների համար:

Մինչև այս տարվա վերջ ՌԴ ռազմածովային ուժերը կստանան նաև այս դասի երկրորդ ատոմային սուզանավը` «Ալեքսանդր Նեւսկին»: Գրեթե պատրաստ է փորձարկումների համար «Ալեքսանդր Մոնոմախը»: Այն կառուցելիս օգտագործվել են աղմուկի խլացման առավել կատարյալ միջոցներ: Կառուցվում է նաև չորրորդ նավը` «Կնյազ Վլադիմիրը»:

Այսպիսով՝ Ռուսաստանն սկսել է թարմացնել իր ատոմային սպառազինության ռազմածովային բաղկացուցիչը: Թեև, պետք է նշել, որ սուզանավերի գլխավոր առանձնահատկությունը ոչ միայն վերը նշված, ինչպես և գաղտնի պահվող տվյալներն են, այլև նրանց հիմնական սպառազինությունը համարվող P-30 « Булава » միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները: Սուզանավերը կունենան 16-ական հրթիռ` յուրաքանչյուրը 8-10-ական մարտական առանձնացող լիցքով: 955A կատարելագործված նախագծի սուզանավերը կունենան արդեն 20 հրթիռ: Դրանց թռիչքի երկարությունը 8000 կմ է, թեև փորձարկումների ժամանակ անցել են ավելի քան 9300 կմ: Ընդհանրապես, 955 «Բորեյ» դասի սուզանավերի և « Булава » հրթիռների ստեղծման նախագծերը չի կարելի առանձին դիտարկել: Եթե հրթիռների նախագիծը տապալվեր, ապա հնարավոր չէր լինի իրագործել նաև սուզանավերի նախագիծը:

Ի սկզբանե որոշված էր` նավի ամբողջ ենթակառուցվածքը պետք է հարմարեցվի հենց նոր սերնդի հեռանկարային « Булава » հրթիռներին: «Յուրի Դոլգորուկիի» սպառազինություն ընդունելու ժամկետների երկարաձգումը կապված էր « Булава »-ի մի քանի անհաջող փորձարկումների հետ: Սկզբնական երեք հաջող փորձարկումներից հետո մի քանի տապալում եղավ, և նախագծողները հայտարարեցին, որ պատճառը արտադրանքի ոչ պատշաճ մակարդակն է, ինչպես նաև վերահսկողության բացակայությունը: Եվ իրոք, առավել խիստ վերահսկողությունն ու մատակարարվող պահեստամասերի որակի նկատմամբ պահանջկոտությունը տվեցին ցանկալի արդյունք. վերջին վեց փորձարկումները լիովին հաջողված համարվեցին: Հակառակ դեպքում, 2020թ. հետո, երբ պետք է սկսվի «Դելֆին» դասի ատոմային սուզանավերի դուրսգրումը, դրանք հնարավոր չէր լինի փոխարինել նոր ռազմանավերով` վտանգելով ՌԴ ատոմային անվտանգությունը:

Այսպիսով՝ վերահաստատվեց Ռուսաստանի ռազմական ղեկավարության որդեգրած քաղաքականությունը` ռազմածովային ուժերի զարգացումը երկրի զինված ուժերի առաջնահերթություններից է: Ընդ որում, դրանք չեն սահմանափակվի լոկ ցուցադրական գործառույթներով: Դեռ անցած տարի որոշում էր ընդունվել վերականգնելու ռազմավարական պարեկությունը միջազգային ջրերում: «Բորեյ» դասի սուզանավերը սպառազինություն ընդունելուց հետո այդ խնդիրը միանգամայն իրատեսական է դառնում:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Ռազմական


31/01/2013