ՊԱՅՔԱՐ ԱՌԱՆՑ ԴԱԴԱՐԻ
Դեռ չէր ավարտվել Երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ սկսվեց երկու հակառակ հասարակարգերի դաժան մրցակցությունը, որը երբեմն-երբեմն (կարճ կամ երկար ժամանակով, հիմնականում ուրիշ պետությունների տարածքներում) վերաճում էր իսկական պատերազմի: Պատմաբանները այդ պատերազմը անվանում են «սառը պատերազմ»: Տարօրինակ այդ պատերազմի ամենահետաքրքիր դրվագներից են հետախուզական ինքնաթիռների հանդուգն թռիչքները մրցակից երկրների օդային տարածքներում, որոնք շատ հաճախ վերածվում էին իսկական մարտերի, որոնք կրում էին ավելի հետաքրքրական և զավեշտական բնույթ՝ պայմանավորված դե ֆակտո խաղաղ ժամանակների համար հաճախակի և ագրեսիվ թռիչքներով, դրանց համարձակությամբ, տեխնիկական միջոցների ընդգրկունությամբ, ինքնաթիռների օրեցօր աճող բացառիկ տվյալներով և այլն: Հենց այս ժամանակներից հետախուզական թռիչքների մեջ ի հայտ եկան նորանոր մոտեցումներ: Տեխնիկական նորամուծություններից էին` ավտոմատ տարատեսակ տեսախցիկներն ու տեսասարքերը, ռադիոընդունիչներն ու պելենգատորները, ինֆրակարմիր ճառագայթների հայտնաբերման ընդունիչները, մթնոլորտային բաղկացուցիչների ամենատարբեր հայտնաբերման միջոցները և այլն:
Դեռ նոր էր ավարտվել Երկրորդ աշխարհամարտը, երբ ամերիկյան հետախուզական ինքնաթիռներն սկսեցին ակտիվորեն հետախուզել խորհրդային և այլ կոմունիստական պետությունների տարածքները` ամենահանդուգն ձևով խախտելով օդային սահմանները: Այդպիսի բազմաժանր թռիչքների ժամանակ կիրառվում էին ինչպես սովորական ինքնաթիռների ձևափոխված տարբերակները, այնպես էլ այլընտրանքային թռիչքային սարքերը` հատկապես օդապարիկները, աերոստատները, տարատեսակ զոնդերը, անօդաչու ինքնաթիռները, արբանյակները և այլն: Սկզբում ամերիկյան և անգլիական ՌՕՈւ-երը խորհրդային տարածքների հետախուզման համար օգտագործում էին Երկրորդ աշխարհամարտի լավագույն հետախուզական ինքնաթիռները և ռմբակոծիչների վերափոխված տարբերակները: Արդեն 1945թ. մայիսի 20-ին խորհրդային զենիթային հրանոթները կրակ բացեցին ամերիկյան «Բ-24» ռմբակոծիչի վրա, որը խախտել էր խորհրդային սահմանը, չանցած մեկ ամիս՝ հունիսի 11-ին, կրակ բացեցին «Ֆ-38» կործանիչի վրա: Երկու դեպքում էլ կորուստներ չեղան: Նախկին դաշնակիցն իրեն շատ սանձարձակ էր պահում և անգամ կրակում էր խորհրդային նավերի ու բազաների վրա:
1945թ. աշնանից արդեն խորհրդային հրամանատարությունը պաշտոնապես պահանջեց, որ ամերիկյան սահմանախախտները դադարեցնեն թռիչքները, քանի որ սկսել էին բավականին շատ ներխուժել խորհրդային տարածքներ, իսկ ԽՍՀՄ-ի եվրոպական դաշնակիցների օդային սահմաններն առհասարակ սեփականի տպավորություն ունեին հետախուզական ինքնաթիռների օդաչուների համար: Ամերիկացիները ոչ միայն պարզապես հետախուզություն էին կատարում, այլ նաև՝ դիվերսանտների նետում, ինչը բացառիկ էր: Դիվերսանտներին և գործակալներին նետում էին հատկապես մերձբալթյան հանրապետությունների տարածքներ, Ուկրաինա, Կովկաս և այլուր:
Նման թռիչքներից մեկի ժամանակ էլ՝ 1945թ. նոյեմբերին, երբ ամերիկյան «Բ-29» ռմբակոծիչը մոտենում էր Կորեայում տեղակայված խորհրդային բազային, նրան խոցելու համար օդ բարձրացան ամերիկյան արտադրության «Ֆ-39» կործանիչները, որոնք դեռ ծառայում էին խորհրդային ՌՕՈւ-ում:
Ամերիկացին չէր ուզում ենթարկվել, սակայն, ստանալով իր բաժին «պղնձե դեղամիջոցը», ստիպված վայրէջք կատարեց:
1946թ. ապրիլի 5-ին երկու ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ հարավից ներխուժեցին խորհրդային տարածք, այդ ժամանակ ԽՍՀՄ-ն իր զորքերն էր հանում Իրանից, և ամերիկացիներն ամեն կերպ ցանկանում էին վերահսկել գործընթացը: 1947թ. փետրվարի 25-ին և մարտի 27-ին արձանագրվել են սահմանի խախտումներ, երկրորդ դեպքում Իրանից անցած մխոցավոր շարժիչով ինքնաթիռը վայրէջք կատարեց Նախիջևան քաղաքի մոտակայքում: Երկու օդաչուներին խորհրդային սահմանապահները գերի վերցրին: Նման մի խախտում էլ եղավ դեկտեմբերի 23-ին: Այդ թռիչքներից շատերն իրականացնում էին «Բ-17» հայտնի ռմբակոծիչները, որոնք սարքավորված էին լրացուցիչ հետախուզական սարքավորումներով: Խորհրդային կողմը շատ դեպքերում չէր ցանկանում խնդիրներ ունենալ և չէր խոցում սահմանախախտներին:
Այսպես՝ 1949թ. հոկտեմբերի 22-ին սահմանը խախտած «ՌԲ-29» ինքնաթիռի վրա խորհրդային «Լա-7» կործանիչները կատարեցին չորս գրոհ, սակայն չխոցեցին, այլ բաց թողեցին նախազգուշական կրակահերթ: Մինչև 1950թ. խորհրդային արևելյան սահմաններն ամերիկյան ինքնաթիռները խախտել էին ավելի քան 100 անգամ: Նույն թվականի ապրիլի 8-ին Բալթիկ ծովի վրա խորհրդային օդաչուներն իրենց հաշվին գրանցեցին ամերիկյան խոցված մեկ հետախույզ: «Լա-11» կործանիչով փայլեց Անատոլի Գերասիմովը: Դեպքը չանցավ առանց քաղաքական հետևանքների, եղան երկուստեք բողոքներ: «Բ-24» ռմբակոծիչի հիման վրա ստեղծված «ՖԲ-4Ու» հետախույզը կիրառվում էր դեռ ԵՀՊ-ի ժամանակ: Այն չարաբաստիկ օրը վերջինս օդ էր բարձրացել Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության (ԳՖՀ) Վիսբադեն բազայից, որը պատկանում էր «ՎՓ-6» ավիաէսկադրիլիային: Ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի տասը անդամներ զոհվեցին: Զոհված օդաչուները չհայտարարված պատերազմի առաջին զոհերն էին: Տխրահռչակ այդ ցուցակը, շատ չանցած, պիտի մեծանար: 1950թ. մայիս ամսին Չուկոտկայի շրջանում խորհրդային սահմանը խախտեցին երկու ամերիկյան «Ֆ-51 Մուսթանգ» կործանիչներ, կարգազանցներին պատժելու համար օդ բարձրացան խորհրդային «Լա-11» կործանիչները: Օդային մարտում ամերիկացիները կորցրին մեկ կործանիչ, խորհրդային կործանիչը վնասվեց, սակայն բարեհաջող հասավ սեփական օդանավակայան: Ստալինին շատ էին անհանգստացնում ամերիկյան հետախույզների նման համարձակ գործողությունները, սակայն իրական վախը նրան համակեց հուլիսի 15-ին, երբ ամերիկյան մի հետախույզ թռչելով հասավ մինչև Մոսկվա: Գերագույն հրամանատարի զայրույթը զգացին ՀՕՊ ղեկավարությունը և այլ ռազմական գործիչներ, սակայն ոչինչ անել չէր հաջողվում: Նույն թվականի սեպտեմբերի 4-ին Դեղին ծովում ամերիկյան «Ֆ-4Ու» կործանիչները խոցում են խորհրդային «Ա-20» հետախույզ ինքնաթիռը, անձնակազմը զոհվում է: Ամերիկյան կողմը խորհրդային կողմին է հանձնում օդաչուների աճյունասափորները և նկարները: Ամեն ինչ անցավ առանց ավելորդ բողոքների: Իսկ 1950թ. հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ հանդուգն մի դեպք: Ամերիկյան «Ֆ-80» գրոհիչները հարված հասցրին Վլադիվոստոկ քաղաքի մոտակայքում գտնվող խորհրդային Սուխայա Ռեչկա օդանավակայանին, վնասվեցին մի քանի ինքնաթիռներ: Հետո իհարկե ներողություն խնդրեցին՝ պատճառաբանելով, թե սխալվել են: Մինչդեռ, դեպքը շատ ծանր հետք թողեց ՌՕՈւ-երի վրա, գնդի հրամանատարին կանչեցին Մոսկվա և դատեցին: Այդ օրերի հետ է կապվում արտառոց մի դեպք ևս: Վլադիվոստոկի գիշերային երկնքում «ՄիԳ-15»-երը փորձում էին խոցել «Փ-2Վ Նեպտուն» ինքնաթիռը, որը պատկանում էր ամերիկյան 6-րդ պարեկային էսկադրիլիային, սակայն գնդացրորդը խոցում է յուրային կործանիչներից մեկը:
1950թ. դեկտեմբերի 4-ին Հյուսիսային Կորեայի երկնքում խոցվեց կապիտան Չարլզ Մակդոնաուի «ՌԲ-45Ց» հետախուզական ինքնաթիռը, որն ընկավ Անտունգից մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ: Գերված հրամանատարը ստացած այրվածքներից մահացավ:
1950թ. դեկտեմբերի 26-ին Պրիմորիեյի կողմից խորհրդային սահմանը խախտեց ամերիկյան «ՌԲ-29» հետախույզը, որին խոցեցին խորհրդային «ՄիԳ-15» կործանիչների օդաչուներ` կապիտան Ս.Բախաևը և ավագ լեյտենանտ Ն.Կոտովը: Ամերիկյան ինքնաթիռի անձնակազմն անհետ կորավ: Նմանատիպ դեպքերը այնքան շատ ու հաճախակի էին, որ դիվանագիտական խողովակների բողոքները մեծմասամբ անիմաստ էին դառնում:
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ