Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ



Սկիզբը՝ նախորդ համարում

– Սպասի՛ր, տղա՛ս, – որքան հնարավոր է մեղմ արտասանեց նա` մոտենալով Արտավազդին ու գրկելով նրա ուսերը, – մեր միջև չի եղել այնպիսի բան, ինչը կարող էր խռովել իմ խիղճն ու փոխել քո հանդեպ վերաբերմունքը:

Իշխանի խոսքերում Արտավազդի հանդեպ ունեցած ամբողջ սերն ու կուտակված հայրական կարոտն էր: Նա խորը ցավ էր զգում այն գիտակցությունից, որ անհանգիստ, անհաղթահարելի և անհնազանդ մտքերն ալեկոծում են իր տանջված ու ջլատված գիտակցությունը, և ասես ներշնչել էր իրեն այն բառերը, որոնք պետք է ցրեին վերջին օրերին կուտակված կասկածներն ու տագնապները:

– Ես չկարողացա պաշտպանել քեզ, ես մեղավոր եմ …

Արտավազդը զարմանքով ու սևեռուն նայեց հոր աչքերին, հետո սովորականի նման ժպտաց շուրթերի ծայրով: «Տարօրինակ հայացքն» անմիջապես հալվեց որդու հարազատ աչքերից ճառագող քնքշության ու անմնացորդ նվիրումի հորձանքի մեջ: Իշխանը ցնցվեց, սիրո ու արդարացման` պոռթկալու պատրաստ բառերը դատարկ ու անտեղի թվացին:

«Ինձ թվացել է, – թեթևացած մտածեց նա, – ես պարզապես հոգնել եմ»:

Դուռն անսպասելիորեն բացվեց, և կեղծավորաբար խոնարհվելով, առանց դուռը թակելու, ներս մտավ Թարիփը, ձեռքին ոլորած մագաղաթը: Նրա հետևից գալիս էր պարսիկ մի զինվոր` ամբողջ դեմքը ծածկող սաղավարտը գլխին: Իշխանի ուսերն ատելությունից ցնցվեցին, բայց նա զսպեց իրեն:

– Արքայից արքա Դարեհը, Զրադաշտի սուրբ կրակը նրան պահապան, սպասում է քեզ զորքով, Գետափի դաշտում, ամենաուշը տասն օր հետո, – հանդիսավորությամբ ու ամբարտավանորեն արտաբերեց Թարիփը: Այնուհետև խորամանկորեն, ատամները ցույց տալով և առանց այդ էլ նեղ աչքերը նեղացնելով, ընդհուպ մոտեցավ իշխանին: Ասես ըմբոշխնելով հանձնարարված գործը` Թարիփը դանդաղ նրան հանձնեց մագաղաթը և խուլ, բայց պարզորոշ շշնջաց.

– Այսօր ես ամրոցի պարսկական կայազորի հետ վերադառնում եմ Պերսեպոլիս և արքայից արքա Դարեհի կամքով ինձ հետ եմ վերցնում քո որդի Արտավազդին ու Սլովենային:

Արտավազդը կտրուկ շրջվեց և անշարժացավ դռների արանքում: «Ահա թե ի՜նչ», – մտածեց իշխանը` կրկին իր վրա զգալով որդու տարօրինակ հայացքը: Մտախոհ նայեց նրա աչքերին, և ամոթի ու մեղքի ծանոթ զգացումը մղկտացրեց սիրտը: Իշխանը հասկանում էր, որ ելք չկա, և տվյալ իրավիճակում ամենախելամիտ որոշումը սպասելն ու ենթարկվելն է: «Այդպես է պետք», – ուզում էր ասել իշխանը որդուն` չկտրելով նրանից ծանր, բայց հուսադրող հայրական հայացքը: Արտավազդը դանդաղ խոնարհեց հայացքը, և իշխանը հասկացավ, որ որդին կանխատեսել էր իր որոշումը ու հիմա զգում է դրա պատճառած ցավը:

«Դու չես ուզում աչքերիս մեջ նայել, որպեսզի ես ավելի շատ ցավ չզգամ, խնայում ես արժանապատվությունս», – հասկացավ իշխանը սրտի դողով և զգաց, թե ինչպես է ամոթից ամբողջ դեմքը ներկվում կարմիրով: Անզորության` վերջին օրերին իրեն կեղեքող անխոցելի վարագույրը պատռելու հնարավորությունից հանկարծ խելագար մոլեգնության անասելի, ոչնչով այլևս չզսպվող հորձանք զգաց: Սաստիկ կատաղության ծանոթ զգացումը, ինչպես գրոհից առաջ, լցվեց հոգին և ամբողջությամբ ողողեց ու քշեց-տարավ բոլոր կասկածներն ու տագնապները: Սևեռուն նայեց Թարիփի դեմքին և նրա աչքերում ամբարտավանության ու կեղծավորության դիմակի տակ անսահման, տենդագին վախ տեսավ:

– Մեկ ամիս առաջ ես չէի համարձակվի ասել քեզ այն, ինչ կասեմ հիմա, – կտրուկ նետեց իշխանը: – Առանց հայկական հեծելազորի դուք արդեն չեք հաղթահարի Ալեքսանդրին: Գավգամելի ճակատամարտից հետո այն լուրջ հանգստի ու համալրման կարիք ունի: Արտավազդից լավ ոչ ոք չի կարող դա անել: Բացի այդ նա գահաժառանգն է և այդ պատճառով կմնա ինձ հետ:

Անսպասելիությունից Թորգոմն ակամա փլվեց դռան բռնակի վրա, և այն կտոր-կտոր լինելով` բարձր չրխկոցով թռավ այս ու այն կողմ: Իշխանը նայեց որդու աչքերին ու դրանց մեջ խելահեղ, անմնացորդ ու անսահման սեր տեսավ և ցոլքերն այն մոլեգին կրակի, որոնք արդեն մինչև վերջ այրել էին խղճի ու ամոթի` վերջին օրերին իր գիտակցությունն ու հոգին թունավորող բոլոր խայթոցները:

– Թող հարվածի սուրբ կրակը թշնամիներին, ուխտադրուժներին ու դավաճաններին: Միայն մեկ գահ գոյություն ունի սուրբ և արևի կրակով ջերմացող այս հողի վրա, – շշնջաց Թարիփը, – և դու շուտով կիմանաս, թե որտեղ է այն գտնվում: Թող հայտնի լինի քեզ, որ արքայից արքա Դարեհը, թող դարեդար պահպանվի նրա անունը, հարազատ որդու նման է սիրում Արտավազդին և նրա համար քո տեղն է նախատեսել: Հիմա Դարեհն շտապում է մտերիմներով ու հարազատներով շրջապատել իրեն, որպեսզի անիծյալ մակեդոնացիների դեմ վճռական ճակատամարտից առաջ սուրբ Զրադաշտի իմաստուն հանդարտությունն ու աստվածային ոգին ձեռք բերի:

– Դրա՞ համար էր այդ վախկոտ շնագայլը Գավգամելի ճակատամարտում Արտավազդին անխուսափելի մահվան ուղարկել: Ալեքսանդրի հեծելազորին հայկական այրուձին միայն կարող էր կանգնեցնել, բայց այդ ամբարտավան, գոռոզամիտ ուղտը, հույսն իր մարտակառքերի վրա դնելով, այն մակեդոնացիների հազարանոց փաղանգների վրա նետեց, և նրանք այն սրի հանեցին, – կատաղած գոռաց իշխանը` վերջնականապես կորցնելով ինքնատիրապետումը և ձեռքի մեջ թրի կոթը սեղմելով: Ապրածի մասին հիշողությունները շիկացած երկաթի պես այրել էին զգուշավորության ու խելամտության մնացորդները: – Այդ ճակատամարտում մեր «իմաստուն» արքայից արքան բազմակի առավելություն ուներ և այդ պատճառով որոշեց, որ կկարողանա միանգամից ազատվել և՛ հայերից, և՛ հույներից: Այդ- պես է, չէ՞:

– Մի՛ մոռացիր, իշխա՛ն, որ քո և քո որդու երակներում պարսից արքաների սուրբ արյունն է հոսում, և որքան էլ այն նոսրացվեր քո մոր գարշելի կաթով, միևնույն է` դու և քո հետնորդները միշտ պետք է հիշեք ձեր ճշմարիտ հավատքի ու հայրենիքի մասին, – խռպոտ սվսվացրեց Թարիփը:

Կատաղած իշխանը պատյանից հանեց թուրը: Աչքի ծայրով հասցրեց նկատել, թե ինչպես է Թարիփին պահպանող պարսիկ զինվորը սպառնալի կեցվածքով գալիս իր վրա: Այնուհետև խլացնող դղրդյունով ու բոլորին ցնցելով` որոտաց Թորգոմի կոչը` ի զե՛ն: Անմիջապես լսվեց առաջ շարժվող ռազմիկների յուրահատուկ գվվոցը:

Հանկարծ աղջկական բարձր ճիչ լսվեց: Անսպասելիորեն, չգիտես որտեղից հայտնված Սլովենան իրենով ծածկեց մերկ թուրը ձեռքին առաջ նետվող Արտավազդին: Նրա խոշոր, անվախություն ու վճռականություն ճառագող երկնագույն աչքերը շլացուցիչ տպավորություն գործեցին բոլորի վրա: Անսովոր խարտյաշ խոպոպներն ալիքներով թափվել էին կրծքին` ոչ երկրային, ինչ-որ տարաշխարհիկ հմայք ու գեղեցկություն հաղորդելով նրան: Սլովենան անհասկանալի լեզվով վստահությամբ ինչ-որ բան ասաց: Իշխանն ու Թարիփն ակամա հայացքներ փոխանակեցին: Նրանց երկուսի համար էլ դեռևս շատ տարօրինակ ու անըմբռնելի էին Սլովենայի պահվածքն ու տեսքը, որ ոչ մի կերպ չէր համապատասխանում հնազանդ ու լռակյաց կնոջ սովորական կերպարին:

Շարունակելի

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Հոգևոր-մշակութային


31/01/2013