«ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ՄԵՐ ԵՐԿՐՈՎ, ՄԵՐ ԲԱՆԱԿՈՎ»
25-ամյա Պետրոս Բաղամյանը ապրում է Երուսաղեմ քաղաքում, սակայն երբեք էլ չի մոռացել, որ Հայաստանն է իր հայրենիքը: Նա գիտի, որ այն կայացել է մեծ զոհաբերությունների, անսահման նվիրումի և թանկ կորուստների գնով: Պետրոսին շատ է հուզում Հայաստանի անվտանգության ապահովման հարցը, մասնավորապես` Երկրի առջև ծառացած արտաքին սպառնալիքները: Ըստ նրա` Հայաստանի անվտանգության առանցքային խնդիրներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Ապրելով Հայաստանի սահմաններից դուրս` նա պատրաստ է զենք վերցնել` ապահովելու իր հայրենիքի սահմանների անձեռնմխելիությունը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը:
-Հարգելի Պետրոս, ինչպե՞ս եւ ե՞րբ հայտնվեցիք Հայաստանի սահմաններից դուրս:
-Ես Հայաստանից չեմ հեռացել, քանի որ ծնվել և մեծացել եմ Երուսաղեմում: Ծնողներիս նախնիները 1915 թվականի ջարդերից մազապուրծ՝ հաստատվել են այստեղ: Հորս ընտանիքի անդամների մեծ մասը զոհվել է, իսկ մորս ընտանիքը կարողացել է խուսափել սպանդից: Ես ապրում եմ Երուսաղեմում, սակայն միշտ փորձել եմ հնարավորինս մոտ լինել Հայաստանին: Ճիշտ է՝ ֆիզիկապես գտնվում եմ Երուսաղեմում, բայց հոգիս միշտ Հայաստանում է:
-Ինչպե՞ս եք լրացնում հայրենիքի կարոտը:
-Արբանյակային հեռուստաալիքների, ինտերնետ կայքերի միջոցով հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացներին, երկրպագում եմ հայ մարզիկներին, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցով հաղորդակցվում եմ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում գտնվող հայ երիտասարդների հետ: Բացի այդ, օրը մի քանի անգամ թերթում եմ Հայրենիքում արված լուսանկարներիս ալբոմը:
-Հնարավորություն ունենու՞մ եք հաճախակի այցելել Հայաստան:
-Փորձում եմ ամեն ամառ գալ Հայաստան և հնարավորինս մոտ լինել արմատներիս:
-Իսրայելում հայկական համայնքը մե՞ծ է:
-Այստեղ մոտ 2000 հոգանոց հայկական համայնք կա, մեր հայրենակիցների մեծ մասն ապրում է Երուսաղեմում: Որոշ թվով հայեր էլ կենտրոնացել են Հայֆա քաղաքում: Կցանկանայի ընդգծել, որ հայերի իրական թիվը բավականին մեծ է 2000-ից, պարզապես ոմանք ամուսնացել են հրեաների հետ, կամ փոխել են քաղաքացիությունը և ներկայանում են որպես հրեա` խզելով կապը հայկական համայնքի հետ:
-Ծառայե՞լ եք իսրայելական բանակում:
-Չեմ ծառայել ու չեմ էլ պատրաստվում ծառայել: Չեմ կարող ծառայել մի երկրի համար, որն իմ երկրի ցավը չի ճանաչում՝ չի ընդունել հայերի դեմ կատարված մեծ ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը: Ավելին՝ սատարում է Հայաստանի թշնամի երկրին` օգնելով նրան հզոր զինամթերք ձեռք բերել: Կնախընտրեի ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և վտանգի դեպքում իմ ողջ կարողությունը ներդնել Հայաստանի ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը, պետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, երկրիս խաղաղությունը պահպանելու համար:
-Ինչպիսի՞ պատկերացումներ ունեք հայկական բանակի մասին:
-Իրականում, ես շատ բան չգիտեմ հայկական բանակի մասին: ՀՅԴ կազմակերպած միջոցառումների շնորհիվ 2 շաբաթ անցկացրել եմ զորամասերից մեկում, և այդ օրերը ամենահիշարժանն են իմ կյանքում` լցված հպարտությամբ, ինքնավստահությամբ, հայրենասիրությամբ: Չնայած խորքային տեղեկատվություն չունեմ Հայկական բանակի մասին, սակայն կցանկանայի, որ ԶԼՄ-ներում արծարծվող բացասական երևույթներն արմատախիլ արվեին այդ համակարգից հնարավորինս կարճ ժամանակահատվածում: Ինչպես նաև քաջ գիտակցում եմ, որ դա բնորոշ է բոլոր երկրների զինված ուժերին: Ես հպարտ եմ մեր երկրով, մեր պետականությամբ, մեր անկախությամբ և մեր բանակով:
-Ի՞նչ կմաղթեիք հայ զինվորին և ձեր ազգակիցներին:
Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստան այցելությունների ժամանակ սիրտս ուրախությամբ է լցվում, երբ տեսնում եմ, թե ինչպես է հայրենիքս օր օրի դառնում ավելի կայուն, զարգացած, բարեկեցիկ ու անվտանգ: Ցանկանում եմ, որ Հայաստանն աչքի ընկնի հզոր տնտեսությամբ և մարդկային կապիտալով:
Զրույցը վարեց ՍԱՐԳԻՍ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ
Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Բանակ և հասարակություն