Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԳՆԴԱՊԵՏԸ



Հովիկ Ազոյան` Սիսական գնդի փառապանծ հրամանատար, որին սերունդները սիրով ու երախտագիտությամբ են հիշելու:

Ես գնդապետի մասին առաջին անգամ հեռուստատեսությամբ եմ լսել, դիտել նրա ու նրա ղեկավարած գնդի մասին պատմող տեսանյութը «Զինուժով» ու նույն պահին էլ մտածել եմ. «Երանի որդիս հենց այս գնդում ծառայի»:

Անցավ մի քանի տարի, տղաս զորակոչվեց բանակ ու ծառայության անցավ Սիսիանի գնդում` գնդապետ Հովիկ Ազոյանի գնդում, որտեղ առաջին անգամ եղա զինվոր որդուս երդման արարողության օրը: Այն կազմակերպվել էր բարձր մակարդակով: Դա իմ ապրած կյանքի ամենահուզիչ օրն էր, որը երբեք չեմ մոռանա: Այդ օրն ինձ վիճակվեց ծանոթանալ գնդապետի հետ` իմ շնորհակալական խոսքն ուղղելով նրան: Նա ուշադիր լսելով ինձ` ասաց.

-Տիկի՛ն, մի՛ շտապեք շնորհակալություն հայտնել, սպասեք, դեռ շատ ժամանակ ունենք միասին անցնելու:

Ես ամեն ամիս, բաց դռների օրը, այցելում էի որդուս, հեռվից տեսնում էի, թե գնդապետն ինչ ուշադիր է զինվորների նկատմամբ, ինչ հոգատար: Որդուցս իմացա, որ նա ծանոթ է նույնիսկ զինվորների ընտանեկան դրությանը: Որդիս պատմում էր, որ նա հաճախակի օրինակ էր բերում գյուղից գնացած տղաներին, որովհետև նրանք կոփված էին ու ծառայությունից երբեք չէին տրտնջում: Ամեն անգամ զորամասից վերադառնալուց հետո դպրոցում իմ գործընկերներին հպարտությամբ պատմում էի որդուս ծառայությունից, զորամասից և, իհարկե, պարոն Ազոյանից:

Մի անգամ, հերթական այցելության գնալիս, հանգամանքների բերումով ուշ զորամաս հասա: Տեսնելով ինձ` գնդապետը հրամայեց որդուս կանչել: Տեսակցությունից հետո մտահոգ նայեց ինձ ու ասաց.

– Տիկին, ուշ է արդեն, ինչպե՞ս եք վերադառնալու, միգուցե մեր տուն գնանք, կմնաք մեր տանը, առավոտյան կվերադառնաք:

Անցան ամիսներ: Որդիս հիվանդ էր, հոսպիտալում էր: Ես այցելել էի նրան: Մի քանի րոպե չանցած` հոսպիտալի բակ մտավ բուժօգնության ավտոմեքենան: Պատգարակով վիրավոր զինվոր էին բերում: Նրան ուղեկցում էր գնդապետը` այլայլված, հուզված: Չհամբերեց, երևի վախեցավ, որ վայրկյաննները կարող են վճռորոշ լինել զինվորի կյանքի համար, բռնեց պատգարակի կողքից ու սկսեց վազել: Արցունքի խոշոր կաթիլները հոսում էին աչքերից: Ես շատ ազդվեցի այդ տեսարանից՝ հասկանալով, որ նա ծնողի նման է սիրում իր զինվորներին, ծնողի չափ անհանգստանում նրանց համար: Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց. վիրավոր զինվորն արդեն հաջորդ օրը քայլում էր, ժպտում:

Գնդապետ Ազոյանը կարողացել էր իր գնդում ստեղծել կարգապահություն, ինչի մասին շատ ծնողներ էին խոսում, և հենց ինքս ամեն անգամ աչքովս էի դա տեսնում, այդպես էլ պետք է լիներ, այլապես գունդը ինչպե՞ս կարելի էր ղեկավարել:

Անկեղծորեն խոստովանում եմ, որ լսելով հարգարժան գնդապետ Հովիկ Ազոյանի մահվան բոթը` շատ վշտացա: Այդ մասին իմացա հենց նրա աղջկանից` Ֆլորա Ազոյանից, որի հետ Եղեգնաձոր քաղաքում միասին ուսուցիչների վերապատրաստման դասընթացների էինք մասնակցում:

Հովիկ Ազոյանի փառապանծ անունը միշտ վառ կմնա որդուս և իմ հուշերում: Կարծում եմ՝ շատ շատերի։

Զինվորի մայր` ԺԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Վայոց ձորի մարզ, գյուղ Արտաբույնք

Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Ճակատագրեր


31/01/2013