ՄԻ ԷՋ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԻՑ
Արցախյան Ազատամարտի չորրորդ տարվա սկիզբն էր` 1994 թ. հունվարը:
ԼՂՀ բանակի հետախուզության ձեռք բերած տվյալների համաձայն՝ ադրբեջանական հրամանատարությունը 1993 թ. աշնանը հարավային ճակատում կրած պարտությունից հետո մարտական մեծ ուժեր է կենտրոնացնում Արցախյան ռազմաճակատի բոլոր ուղղություններում, այդ թվում նաև Աղջաբեդի և Ժդանովսկի շրջաններում, որտեղից նախատեսվում էր հզոր հարվածներով ճեղքել Արցախի պաշտպանական դիրքերը հարավային (Հորադիզ քաղաք-կայարան), հարավարևելյան (Ֆիզուլիի շրջան, Հորադիզից հյուսիս-արևելք՝ դեպի Շուքյուրբեյլի-Ալխանլի հատվածը) ու արևելյան (Մարտունիի շրջանի հարակից ուղղությունը) ճակատներում և գրավելով Մարտունիի ու Ֆիզուլիի շրջանները՝ դուրս գալ դեպի Հադրութ և Ստեփանակերտ, իսկ հաջողության դեպքում՝ գուցե նաև Զանգեզուր ու Նախիջևան…
Հակառակորդը հասցնում է քանակական գերակշռություն ապահովել ռազմաճակատի բոլոր հատվածներում: Զգալի էր նաև ծանր զինատեսակների՝ հրասայլերի ու զրահամեքենաների գերազանցությունը: Հակառակորդի մարտական ուժերը հարավարևելյան ճակատում դիմագրավելու էին Հադրութի գնդի երեք գումարտակները և Շուշիի առանձնակի գումարտակը: Ուժերի հարաբերակցությունը անհամեմատելի էր:
Ռազմաճակատի պաշտպանության բնագծում Շուշիի առանձնակի գումարտակից ձախ՝ Ալխանլի գյուղի մոտակայքում, դիրքեր են գրավում Արթուր Աղաբեկյանի գլխավորած գնդի Ռիժիկի (գումարտակները կոչվում են հրամանատարների անունով – Հ.Գ.), իսկ աջ կողմում՝ Վահեի, ապա Վահանի գումարտակները: Շուշիի առանձնակի գումարտակի պաշտպանական բնագծում հիմնական ուժերը՝ քանաքեռավանցի Վիտոյի (Վիկտոր Դավթյան, ՀՀ բանակի փոխգնդապետ) գլխավորած վաշտն ու Շեկյան Էռնեստի կրակային դասակը, չորս հիմնական հենակետերում տեղաբաշխված էին հետևյալ դասավորությամբ. 1-ին և 2-րդ հենակետերում դիրքավորվում են արարատցի Խաչիկ Զաքարյանի և քանաքեռավանցի Տիգրան Հարությունյանի, իսկ 3-րդ և 4-րդ հենակետերում՝ Շեկյան Էռնեստի և բուժականցի Մուրադի (Զաքարյան Մուրադ, զոհվել է 1994 թ. փետրվարի 23-ին, Ֆիզուլիի ճակատում) գլխավորած դասակները:
2-րդ հենակետի տեղամասում դեպի 1-ին հենակետը նայող խրամատներում ( 2-րդ հենակետը կիսալուսնաձև տեսք է ունեցել – Հ.Գ.) դիրքավորվել էր թալինցիների դասակը, արեգցի Աղասու գլխավորած վեց ազատամարտիկներից (կարմրաշենցիներ Գևորգ, Հրաչ, բազմաբերդցի Հարութ, արեգցի Սամվել և թալինցի Ալբերտ) կազմված ջոկատը: Գումարտակի երկրորդ վաշտից մի դասակ գումարտակի սպայակույտի (շտաբ) պետ Մարգարյան Ռոմիկի (ՀՀ բանակի գնդապետ, Երևանի Շահումյանի շրջանի զին. կոմիսար) և նույն վաշտի հրամանատար հրազդանցի Աբոյի (Ալավերդյան Ալբերտ, զոհվել է 1994 թ. հունվարի 10-ին, Ֆիզուլիի ճակատում) հրամանատարությամբ կարևոր առաջադրանքով հունվարի սկզբին մեկնում են Շահումյանի հայդուկներին օգնելու: Նույն վաշտի մյուս մասը՝ Ղազարյան Մուկուչի գլխավորած թալինցիների դասակը, գտնվում էր պահեստազորում: Բացի վերոհիշյալ ուժերից, Պետոյի տնօրինության տակ էր Հովիկի (Տիրան Խաչատրյան, ներկայիս ՀՀ բանակի գնդապետ) հրասանդորդների դասակը, պռոշյանցի երիտասարդ ազատամարտիկների ջոկատը, Ափոյան Անդրանիկի գլխավորած հրազդանցիների դասակը և մեկ Տ-72 հրասայլ: Այո, սպասվելիք ճակատամարտերը ծանր էին լինելու, և բոլոր նրանք, ովքեր ծանոթ էին Շուշիի առանձնակի գումարտակի մարտական ներուժին, հարուստ կենսագրությանն ու հրամանատարական կազմին, ինչպես նաև զինվորների նվիրվածությանն ու անսասան ոգուն, չէին կասկածում, որ այս անգամ ևս գումարտակը գերազանց կկատարի առաջադրանքը:
♦♦♦
ԼՂՀ սահմանակից հարավային շրջաններում 1993 թ. աշնանը կրած ծանր պարտություններից հետո ադրբեջանցիների բանակը հայտնվել էր չափազանց ծանր, թվում էր՝ անելանելի վիճակում: Բանակը կորցրած նախագահ Հեյդար Ալիևը, պարտությունների և բնականաբար նաև անխուսափելի կործանման սպառնալիքի հարկադրանքով, հանրապետությունն ընդգրկում է ԱՊՀ կազմում և Ռուսաստանի իշխանությունների միջնորդությամբ ԼՂՀ ղեկավարության հետ ձեռք բերած զինադադարի շնորհիվ կարողանում է երկիրը փրկել վերահաս փլուզումից: Նման իրավիճակում դա միակ փրկարար քայլն էր: Ալիևը և նրան սատարող ներքին, ինչպես նաև արտաքին ուժերը շատ արդյունավետորեն կարողացան օգտագործել մինչև նույն տարվա դեկտեմբերի վերջերը ձգվող զինադադարը: Տարբեր երկրներից հավաքագրված հազարավոր վարձու ռազմագետների, զինվորների և աֆղան մոջահեդների մասնակցությամբ ադրբեջանական իշխանությունները կարողացան կարճ ժամանակամիջոցում կյանքի կոչել հզոր տեխնիկայով հագեցած բազմահազարանոց բանակ և կենտրոնանալով արցախյան ռազմաճակատի գրեթե բոլոր ուղղություններում՝ պատրաստվել վճռական գոտեմարտի:
Բանակի կազմավորման համար օգտագործելով հսկայական նյութական միջոցներ ու մարդկային ուժ՝ ադրբեջանական իշխանություններն ավելի քան համոզված էին, որ այս անգամ իրենց վերջնականապես կհաջողվի զենքի զորությամբ Արցախին պարտադրել իրենց պահանջները: Եվ պատահական չէր, որ հանրապետության նախագահ Հ. Ալիևը ի լուր աշխարհի հայտարարեց 1994 թ. հունվարի 10-ին Ստեփանակերտում հաղթական զորահանդես և հերթական խորհրդակցություն անցկացնելու մասին: Արցախյան բանակի ուժերին սպասվում էր ևս մեկ հերթական դժվարագույն փորձություն:
1994 թ. հունվարի 5-ին ադրբեջանական զորքերը զանգվածային հարձակումներ են ձեռնարկում ռազմաճակատի գրեթե բոլոր ուղղություններով, և գրոհի ենթարկված Արցախյան զորամասերն առաջին օրերին հայտնվում են ծանրագույն իրավիճակում:
Հադրութի ինքնապաշտպանական շրջանի հրամանատար Արթուր Աղաբեկյանը, անդրադառնալով այդ օրերին ծավալվող մարտական գործողություններին, նշում է. «Մի քանի օր շարունակ ադրբեջանցիները հարձակումներ էին գործում, կարողացանք հետ շպրտել:
Դրանից հետո նրանք օգտագործեցին նոր մարտավարություն: Սահմանի մոտով մեր թիկունքն անցավ հակառակորդի մի վաշտ: Առավոտյան մի քանի կռիվներից հետո պարզվեց, որ թիկունքից փորձում էին փակել դեպի Վահանի և Վահեի դիրքերը տանող ճանապարհը: Զորքի մեջ խուճապ առաջացավ: Զորքերն ստիպված նահանջեցին մինչև Շուքյուրբեյլի: Պարսկաստանի սահմանի հատվածը մնացել էր անպաշտպան: Այդ մի քանի կիլոմետրը չէր հսկվում, և թշնամին հեշտ կարողացավ վաշտն անցկացնել մեր թիկունք»:
Հրամանատարի վկայության մեջ կարևորվում է մի ուշագրավ խոստովանություն: Պարզվում է, որ ռազմաճակատի համար սպառնալիք է ստեղծել «անպաշտպան տարածքից» գումարտակների թիկունքն անցած ադրբեջանական զորամասը: Ճիշտ և ճիշտ այդ նույն օրը համանման երևույթ է կրկնվել նաև հարավում` Հորադիզի շրջանում: Ռազմաճակատի այդ հատվածում ևս հակառակորդին հաջողվել է դարձյալ «անպաշտպան տարածքից» Հորադիզը պաշտպանող զորամասի թիկունք անցկացնել իրենց զորավաշտերը, ինչի արդյունքում հայկական զորքերը, առանց որևէ դիմադրության, թշնամուն հանձնեցին ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող քաղաք-կայարանը:
Շուշիի առանձնակի գումարտակը հայտնվում է օրհասական իրավիճակում: Թշնամին, հսկայական ռազմական ուժեր կենտրոնացնելով և օգտվելով գումարտակների նահանջից, կարող էր արդեն հեշտությամբ առաջանալ բաց տեղանքով և աջ թևից շրջանցելով գումարտակի պաշտպանական հենակետերը, այն վերցնել շրջափակման մեջ:
Եվ քանի որ արդեն իսկ ռազմաճակատի գրեթե բոլոր ուժերն են բռնում նահանջի ուղին, ուստի հրամանատարության կենտրոնում այն կարծիքն է տիրում, թե անխուսափելիորեն նույն ճակատագիրն է բաժին ընկել նաև Շուշիի գումարտակին: Ուստի կարելի է հասկանալ ռազմաճակատի հրամանատարի անկեղծ ուրախությունն ու զարմանքը, երբ Պետոն ռադիոկապով նրան հայտնում է. «Թեկուզ քրտինք էլ թափենք, թեկուզ արյուն էլ թափենք, ես, միևնույն է, մեր դիրքերը կպահեմ, բայց ձեր մասին մտածեք: Եթե ադրբեջանցիներն այդպես շարժվեն, ապա կգան ու կհասնեն Հադրութ»:
Պաշտպանական երկրորդ դիրքեր գոյություն չունեին, ի՞նչ ճակատագրի կարժանանային ռազմաճակատի ուժերը, և ինչպիսի՞ ընթացք կունենային մարտադաշտում ծավալվող իրադարձությունները, եթե Շուշիի գումարտակը շրջափակման սպառնալիքից խուսափելու նպատակով իր հարևանների նման նույնպես փորձեր նահանջել: Վրա է հասնում այն ճակատագրական պահը, երբ գումարտակը առաջնորդող Պետոն իր զինակիցներով պիտի կատարեր հիրավի պատմական նշանակություն ունեցող քայլ: Այժմ արդեն մեծապես նրա գլխավորած զորավաշտերի հաստատակամությունն ու դիմադրողական կարողություններն էին վճռելու ռազմաճակատում ծավալվող մարտական գործողությունների ճակատագիրը: Այդ օրհասական իրավիճակում Պետոն, առավել քան երբեւէ, տրամադրվում է դիրքերը մինչև վերջին շունչն ու փամփուշտը աներեր պաշտպանելու ու թշնամու գրոհները ջախջախելու վճռականությամբ: Նույն ոգով ու հաստատակամությամբ էին համակված գումարտակի բոլոր մարտիկները, որոնք անվերապահորեն հավատում էին իրենց հրամանատարին, նրա ընդունած վճիռների ճշմարտացիությանը:
Հունվարի 5-ի առավոտյան, երբ լույսը դեռ չէր բացվել, ադրբեջանցիների հետևակը հրասայլերի աջակցությամբ գրոհում է Պետոյի գումարտակի դիրքերը՝ 3-րդ և 4-րդ հենակետերի ուղղությամբ: Քանի որ աջ թևն արդեն լրիվ բաց էր, ուստի թշնամին ձգտում է մեծաքանակ ուժերի հարվածն ուղղելու պաշտպանական այդ հատվածում դիրքավորված բուժականցի Մուրադի գլխավորած մարտիկների ու Էռնեստի կրակային դասակի դիմադրությունը կոտրելուն, ապա և շարժվելով ռազմաճակատի խորքը՝ Արցախյան ուժերի նկատմամբ ձեռք բերելու դիրքային վճռական գերակշռություն: Հապաղելու ժամանակ այլևս չկար: Անհրաժեշտ էր եղած ուժերով փակել աջ կողմում առաջացած ճեղքվածքը և արագ տեղաշարժերով ու անսպասելի հարվածներով խափանել հակառակորդի՝ գումարտակը շրջափակելու փորձերը: Պետոյի հրամանով պահեստազորում գտնվող Մուկուչի, Անդոյի դասակները եւ Հովիկի գլխավորած ջոկատն արագորեն շարժվում են գումարտակի աջ կողմը՝ դիմագրավելու առաջացող թշնամուն:
Գումարտակի հրամանատար Վահան Բադաթյանի պատմածից պարզվում է, որ հակառակորդի պաշտպանական հենակետերի վրա ճակատից և հատկապես թիկունքից ձեռնարկված միաժամանակյա հարվածներն իրենց համար կատարյալ անակնկալ էին: Հայտնվելով պաշարման մեջ՝ գումարտակն ստիպված նահանջել է մոտավորապես ութ կիլոմետր և, անընդմեջ կռիվներ մղելով, ճեղքել թիկունք անցած ադրբեջանական զորաջոկատների շղթան, ապա դժվարությամբ դուրս գալով շրջափակումից՝ դիրքեր է գրավել Ֆիզուլիի շրջանի Շուքյուրբեյլի գյուղի մոտակայքում:
Շարունակելի
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ, դոկտոր, պրոֆեսոր