Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԳԱ ԱՅԴ ՕՐԸ…



Կարեն Բաբայան. ԼՂՀ ՊԲ առանձին մոտոհրաձգային գումարտակի նախկին հրամանատար. «Իր մարտական ուղու ընթացքում Սոս Հովսեփյանն աչքի է ընկել հայրենիքի նկատմամբ ազնիվ ու մաքուր սիրով, հայ ժողովրդին եւ նրա ազգային-ազատագրական պայքարին իր անմնացորդ նվիրվածությամբ, խիզախությամբ ու անձնազոհությամբ: Սոսի պես հայ քաջարի մարտիկների շնորհիվ է, որ մենք այսօր վայելում ենք խաղաղությունը, Հայաստանի եւ Արցախի վերամիավորման պատմական անգնահատելի իրողությունը, մասնակցում ենք պետության եւ զինված ուժերի հզորացման գործընթացին: Սոսի կերպարում զարմանալիորեն միավորված էին բանաստեղծը, ճարտարապետը, զինվորը»:

Լորիկ Հայրապետյան. «1993 թ. փետրվարի 23-ին Երեւանից մեկնել ենք Արցախ, մասնակցել Մարտակերտի շրջանում` Սարսանգի հէկ-ի մոտակայքում մղվող մարտերին, որից հետո մեկնել Ասկերան` հանգստանալու: Այդ ժամանակ էլ լսեցինք մեր Սոսի կատարած քաջագործության մասին. հակառակորդից տանկ էր առգրավել ու բերել հասցրել մեր դիրքեր, որի համար հետագայում նրանից շատ շնորհակալ եղանք»:

Վարդան Գեւորգյան. «Որոշ ժամանակ Սոսն անընդհատ կողքիս էր, չէի հասցնում մի նռնակը կրակել, երկրորդն արդեն պատրաստ էր լինում, իսկ այդ ընթացքում գիշեր-ցերեկ լարված մարտեր էին մղվում: Հուլիսի 4-ին հրաման ստացանք ազատագրել Նախիջեւանիկ գյուղը: Մարտի թեժ պահին Սոսը վիրավորվեց աջ ուսից, բայց վիրակապված ձեռքով էլ դիրքը չլքեց` մինչեւ մարտը չդադարեց: (Մինչ այդ նա կռվել էր ուրիշ զորամասում եւ վիրավորվելուց հետո դարձել 2-րդ կարգի զինհաշմանդամ. այդ մասին մենք իմացանք արդեն նրա մահից հետո): Երբ վերադարձավ գումարտակ, մարտական ընկերները նրան ջերմորեն ընդունեցին: Այդ ժամանակ արդեն մարտեր էին մղվում Աղդամի ուղղությամբ»:

Արմեն Ավետիսյան. «Քյաթուկի ուղղությամբ արյունալի մարտեր էին մղվում: Երբ հակառակորդի գրոհը հետ էր մղվում, թշնամու հրետանին չէր լռում` կրակի տակ պահելով մեր դիրքերը: Սոսն այդ ժամանակ գնդի նռնականետորդ Վարդան Գեւորգյանի օգնականն էր: 1994 թ. հունվարի 1-ի առավոտյան սկսեցինք գրոհը: Խնդիր էր դրված գրավել ջրատարը, ամրանալ մյուս ափին եւ շարունակել հարձակումը: Ծանր մարտերով առաջանում էինք եւ արդեն հասցրել էինք դիրքավորվել իշխող փոքր բարձունքի վրա, երբ Սոսը գլխից մահացու վիրավորվեց…: Մենք` նրա մարտական ընկերները, խորին հարգանքով ենք հիշում Սոս Հովսեփյանին, նրա բանաստեղծությունները, որոնցում Հայաստանի, հայ ժողովրդի, գեղեցիկի հանդեպ անսահման սեր կար: Հիշում ենք նրա երգերը, որ մարտից առաջ, դժվարին պահերին ոգեւորում, օգնում էր մեզ: Սոսը համարձակ ու խիզախ մարտիկ էր, բարեսիրտ եւ հավատարիմ ընկեր»:

♦♦♦

Ազատամարտիկ Սոս Հովսեփյանի տանն եմ, ինձ հետ է նրա մայրն ու առաջին ուսուցիչը` Քնարիկ Ղարիբյանը, եւ մայրը բարձրաձայն կարդում է որդու մասին մարտական ընկերների խոսքերը: Ցավ, կարոտ եւ անսահման սեր է ամբարված նրա ձայնում: Ասում է` հաճախ է բացում թղթապանակը, որտեղ խնամքով պահպանվում են որդու անցած ուղու կարեւոր ու նշանակալից «դրվագները». ահա նրա առաջին սեպտեմբերը N 115 դպրոցում, որն այսօր կրում է հերոսի անունը, բարետես եւ գեղեցիկ ժպիտով առաջին ուսուցչուհին` տիկին Քնարիկը: Յուրօրինակ խաղաղություն է փոխանցում դպրոցական առաջին օրվա լուսանկարը: «Սոսը դպրոցն ավարտեց բարձր առաջադիմությամբ, ընդունվեց պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետի արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության բաժինը: Ահա ընդունելության քննության ժամանակ որդուս գրած շարադրությունը` «Աղասու կերպարը» վերնագրով (1987թ.)»: Տիկին Քնարիկը բացում է տետրն ու կարդում կոկիկ գրված տողերը: Սոսը Աղասու կերպարի մեջ մարմնավորել է գեղեցիկի, վեհության, բարու և արդարության մասին իր ունեցած նվիրական ձգտումները:

Ուսանող Սոս Հովսեփյանն ուզում էր շինարար դառնալ եւ իր մտահղացումներով նորանոր շինություններ կյանքի կոչել: Ճարտարապետական կառույցի նրա գծագիրը տարիներով մնացել է աշխատանքային տախտակին փակցված, մինչեւ մայրը, խեղդելով կորստի դառնությունը, «համարձակվել է» գծագիրը ծալել ու թղթապանակում տեղավորել. «Սոսը առաջին կուրսից մեկնեց խորհրդային բանակ: Վեց ամիս Խաբարովսկում նախնական պատրաստություն անցավ, այնուհետեւ նրան տարան Սախալին: Ծառայում էր տանկային գումարտակում. ձեռք բերեց տանկիստի ու նշանառուի մասնագիտություններ: Ծառայության օրերին լսել էր սումգայիթյան դեպքերի մասին եւ հեռախոսազանգի հնարավորություն էր փնտրում, որպեսզի լսածների մասին մանրամասներ իմանա: Ես փորձում էի նրան հանգստացնել, որ չդժվարացնեմ ծառայությունը, նա էլ փոստային բաժանմունքում աշխատող Գալյայից էր լսածները ճշտում»,- հիշում է մայրը: Եվ ահա 1989 թ.-ի ապրիլին նա զորացրվում է եւ առաջին հերթին այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դնում, իսկ արդեն տանը գրում.

Մենք չենք մոռանա երկիրը մեր հին,

Որ հիմա չունի տարածքը իր հին,

Հայկի հետնորդներ, ով որ մոռանա,

Դժոխքի բաժին հոգին թող դառնա:

Մի կարճ ժամանակահատված Սոսը նորից նստում է ուսանողական նստարանին, այնուհետեւ որոշում է կամավոր անդամագրվել 4-րդ գումարտակին: Տիրապետում էր զենքի եւ մարտական տեխնիկայի գրեթե բոլոր տեսակներին, ուստի անփոխարինելի զինվոր էր, պարզապես հայտնություն, որին մերժել չէին կարող. «Մարտական ընկերները հաճախ են կրկնում, որ որդուս համարձակությունը սահման չուներ, եւ որպես օրինակ հիշում են, թե ինչպես է հետախուզության գնացել, մի քանի օր չի երեւացել, նրանք արդեն հույսները կտրել են, երբ հանկարծ հայտնվել է մեծ ավարով` թշնամու տանկով: Պարզվում է` ինքն իր մտքում որոշել է՝ գնալ ու մեր տանկը խփած թշնամու տանկը բերել՝ համոզված լինելով, որ շատ չեն իմանալու, թե ինքն ով է: Սոսը գնացել է թղթախաղով տարված թշնամու ճամբար, հերթապահող զինվորից ծխախոտ է խնդրել, մինչ նա կբերեր, մտել է տանկն ու հասցրել դիրքեր»,-պատմում է տիկին Քնարիկն ու Սոսի անձնական թղթերից առանձնացնում է Արցախի մեծամասշտաբ քարտեզը:

Սոսը քարտեզի վրա կապույտ գրիչով նշում էր մարտական գործողությունների այն վայրերը, որոնց մասնակցել էր. Մարտակերտի ինքնապաշտպանություն, Սարսանգի ջրամբար, Գետավան, Զարդախաչ, Հաթերք, Զագլիկ, Ումուդլու, Մեհմանա, Կուսապատ, Մեծշեն, Շուշիի ազատագրում, որին մասնակցեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի երկրորդ վաշտում, Ասկերան, Զանգելան, Հորադիզ, որտեղ էլ առաջին անգամ վիրավորվեց 1992-ի հուլիսի 5-ին: Մայրը ցույց է տալիս հաշմանդամության թուղթը, ըստ որի՝ Սոսը համարվում էր 2-րդ կարգի հաշմանդամ եւ կարող էր այլեւս մարտադաշտ չմեկնել. «Նա հինգ անգամ վիրավորվել է, բայց դեռ չապաքինված, մարտադաշտ է մեկնել: Այո, ես փորձում էի ամեն գնով նրան հեռու պահել… որովհետեւ երկու երեխա էի կորցրել դժբախտ դեպքերի պատճառով: Բայց չկարողացա…»:

♦♦♦

Երկրորդ անգամ Սոսը վիրավորվում է 1992 թ. սեպտեմբերի 19-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերի 4-րդ գումարտակի հետ Վանքն ազատագրելիս. «Երկու ոտքից վիրավոր էր, հենակներով էր տեղաշարժվում: Փորձեցի համոզել, որ ռազմաճակատ չգնա, օրինակ բերեցի ինձ ծանոթ տղաներին: Նա էլ պատասխանեց. «Թույլերը մեզ վնաս են տալիս, թող չգան»: Հիշում եմ` բազմոցին պառկած «Վարդանանք»-ն էր վերընթերցում, գիրքը մեկնեց ինձ ու ասաց, որ ես էլ նորից կարդամ, ուսուցիչ եմ, սերունդ եմ դաստիարակում: Հետո էլ ձեռքի մի ափը մեկնեց, ասելով` էսքան ենք մնացել… »: Երրորդ անգամ վիրավորվեց Մարտակերտում եւ նորից բուժումը չավարտած՝ մեկնեց Արցախ: 1993 թ. օգոստոսի 8-ին վիրավորվեց չորրորդ անգամ` Հաջարլի գյուղի մոտ. «Վիրավորվել է թե՛ գլխից, թե՛ ոտքերից, թե՛ կողից, թե՛ բազկից: Եվ ամեն անգամ հիվանդանոցից ոչ թե տուն, այլ դիրքեր է շտապել: Հիշում եմ` բազկից վիրավորվել էր, ձեռքը այտուցված էր, բժիշկները հորդորել էին մի քանի օր տանը մնալ, բայց որոշեց առավոտյան մարտադաշտ մեկնել: Գիշերը լսեցի` ցավից տնքում է, մտա սենյակ ու առաջարկեցի բժիշկ կանչել, որ մի բան անի, ցավը դադարի: Նա էլ երեք անգամ ուժեղ հարվածեց ձեռքին` ապացուցելու համար, թե ցավ չունի եւ առավոտյան նորից մեկնեց Արցախ»: Հինգերորդ անգամ վիրավորվեց «Գրադ» կայանքի արկի հարվածից: Տուն եկավ, նշեցին եղբոր ծննդյան օրը: Կրտսեր եղբայրը` Արտեմը, ասում է, որ իրեն ձոնված քառյակը կարծես յուրատեսակ պատգամ լիներ.

Մանուկ ես դու, փոքրիկ Արտեմ,

Ժիր ու խնդուն, չարաճճի,

Որ մեծանաս, մեծ մարդ դառնաս,

Դու երբեք ինձ չմոռանաս…

Մայրն այս անգամ շատ խիստ խոսեց. «Արգելեցի նրան մարտադաշտ մեկնել, մի ապտակ հասցրի դեմքին: Ոչինչ չասաց, ինձ նայեց տխուր մի հայացքով, ապա լուռ հեռացավ եւ փակվեց իր սենյակում: Առավոտյան գրասեղանին գտա «Ների՛ր ինձ, մայրի՛կ» բանաստեղծությունը: Հետմահու տպագրվել է համանուն վերնագրով գրքույկը, որում ամփոփված են որդուս բանաստեղծական պատառիկները. մենք դրանք ստացանք նրա զոհվելուց հետո…»:

Ների՛ր ինձ, մայրի՛կ, ների՛ր ինձ մի քիչ,

Որ այսքան վիշտ եմ պատճառում ես քեզ,

Իմ որդեկորույս, իմ քաղցրիկ մայրիկ:

Չէ որ մայրական սիրուց առավել

Հայրենիքն է դա, սիրելի՛ մայրիկ,

Որ սիրում եմ ես քեզնից առավել:

Գիտեմ, շատ վիշտ ես տեսել դու կյանքում,

Եվ գուցե մի օր ինձ էլ կորցնես,

Բայց ների՛ր, մայրի՛կ, ների՛ր ինձ, ների՛ր:

Արձակագիր, հրապարակախոս Գեւորգ Դեւրիկյանը գրքի նախաբանում գրել է. «Մնացին բանաստեղծական այդ պատառիկները, որոնք Արցախյան ազատամարտի տարեգրության գեղարվեստական վկայություններից են եւ հերոս զինվորի սրտի տրոփյունը: Մնացին այդ բանաստեղծական տողերը, որոնք Արցախն արյան գնով պահելու, պաշտպանելու կոչ-երդում են: Եվ Արցախյան պայքարի մասունքներից են դառնալու այս բանաստեղծությունները, որ մեծմասամբ գրվել են խրամատներում ու հիվանդանոցներում, գրվել ծանր վերքերից տնքացող մարմնով, բայց եւ հպարտ հոգով ու այնքան անկեղծ սրտով: Նա հետագայում ժամանակ չէր ունեցել անդրադառնալու գրածներին, մշակելու եւ հղկելու: Եվ այդ պատճառով էլ մնում են որպես առաջին մտահղացում եւ առաջին ներշնչանք, մնում են Արցախ աշխարհի հանդեպ առաջին սիրո պես թանկ…»:

Գիր ու գրականության հանդեպ Սոսի ունեցած սիրո վկայությունն է նրա մարտական ընկեր` ազատամարտիկ Կարինե Հովսեփյանի այս հուշը. «Ադրբեջանցիները վառել էին Մաղավուզ գյուղը: Տները լրիվ քանդված էին, դպրոցն ու գրադարանը դեռ վառվում էին: Թեժ մարտերից հոգնած հանգստանում էին մարտիկները, իսկ Սոսը մոմն առած ծխացող գրադարանից գտնում, հանում էր փրկված գրքերը, որոնք հետո 20 կմ շալակած տարավ, հանեց գյուղից, փրկեց»:

1994 թ. հունվարի 1-ին Ակն (Աղդամ) բնակավայրի մերձակայքում` Սալահլի-Քենգերլի գյուղերի տարածքում թշնամու գնդակը մահացու խոցեց եւ հատեց 25-ամյա Սոս Հովսեփյանի կյանքը:

Նայում եմ սեղանին փռած քարտեզին, եւ ուշադրությունս գրավում է միակ տարածքը, որ եզրագծված է կարմիր գրիչով. Ակնն է` «Սպիտակ քաղաքը», որի ազատագրմամբ, ըստ տիկին Քնարիկի, Սոսը պայմանավորում էր ընդհանուր հաղթանակը:

Կգա այդ օրը,

Եվ հայը կասի.

-Ահա երկիրս,

Այն է` Հայաստան:

Մի բառով կասի,

Այնտեղ կտեսնես

Ե՛վ Վան, ե՛ւ Բիթլիս,

Ե՛վ Կարս, ե՛ւ Կարին,

Ե՛վ Մուշ, ե՛ւ Մարաշ,

Զեյթուն, Բայազետ,

Սասուն ու Գանձակ,

Կգա այդ օրը,

Եվ հայը կասի.

-Ահա, հենց սա է

Իմ Հայաստանը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Ճակատագրեր


31/01/2013