Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆՆ ԱՄՈՒՐ ԵՆ ՊԱՀՈՒՄ



ԶՈՐԱՄԱՍԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊԱՆ

Անցած ուսումնական փուլում փոխգնդապետ Է.Օհանյանի հրամանատարությամբ գործող գումարտակում մարտական հերթապահություն իրականացնելիս ոչ մի թերություն չի արձանագրվել` միջանձնային փոխհարաբերություններում խնդիրներ, մարմնական վնասվածք ստանալու դեպքեր չեն եղել:

Զորամասի հրամանատար, գնդապետ Կ.Իշխանյանը փոխգնդապետ Օհանյանին համարում է իր լավագույն սպան և բնութագրում որպես պարտաճանաչ, կարգապահ, զինվորի մասին հոգ տանող զինծառայողի, որի ղեկավարած գումարտակը անցյալ տարվա ընթացքում աչքի է ընկել մարտական պատրաստականության բարձր ցուցանիշներով: Մասնավորապես, մարտական կրակով վաշտային զորավարժություններում փոխգնդապետ Է.Օհանյանին ենթակա ստորաբաժանումը խոցել է թիրախների 70%-ը և արժանացել «լավ» գնահատականի: Գումարտակը նույն գնահատականն է ստացել նաև գլխավոր շտաբի հանձնաժողովին հանձնած քննությունից, որը ներառում էր գիտելիքների և հմտությունների ստուգում մարտավարությունից, կրակային, ֆիզիկական, շարային, մարտավարամասնագիտական պատրաստություններից:

-Այս արդյունքներին հասել ենք մրցակցության, անձնական օրինակի մեթոդներով աշխատելու շնորհիվ,- ասաց փոխգնդապետ Օհանյանը:- Մեր կոլեկտիվն ամուր է, միասնական, անձնակազմը նվիրված է ծառայում: Կոլեկտիվում պահպանվում է արդարության սկզբունքը, լավագույն զինծառայողները խրախուսվում են ըստ արժանվույն:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ

Շարքային Սերոբ Ալեքսանյանը լավագույն դիրքապահն է փոխգնդապետ Է.Օհանյանի, իսկ շարքային Իշխան Դուքոյանը` մայոր Ն.Գոմցյանի հրամանատարությամբ գործող գումարտակներում: Սերոբը նռնականետորդ է, Իշխանը` ականանետորդ:

-Շարքային Ս.Ալեքսանյանը «ունիվերսալ» զինվոր է,- ասաց նրա հրամանատարը` փոխգնդապետ Է.Օհանյանը:- Բոլոր առարկաներից ցուցաբերում է բարձր առաջադիմություն: Ամեն ինչով օրինակելի զինվոր է:

Իշխանի մասին էլ դրվատանքով արտահայտվեց զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Հարությունյանը:

♦♦♦

Փորձեցի պարզել, թե ինչի՞ շնորհիվ են Սերոբն ու Իշխանը վաստակել լավագույն դիրքապահի համարում:

Նախ` նրանք շատ լավ պատկերացնում են իրենց առաջադրված մարտական խնդիրը և անելիքը հակառակորդի հարձակման դեպքում: Երկրորդ` ծանոթ են հակառակորդի` մեր զինվորի զգոնությունը թուլացնելուն և հոգեբանորեն նրանց վրա ազդելուն միտված հնարքներին (տարօրինակ ձայներ, դիպուկահարների քողարկում, գազազած շների բաց թողնել և այլն): Երրորդ` լավ են տիրապետում իրենց մասնագիտությանը. Սերոբը ֆիզիկական լավ պատրաստվածության շնորհիվ հեշտությամբ տիրապետում է նռնականետին, կարողանում է ճիշտ դիրք ընտրել և դիպուկ կրակել, իսկ Իշխանը ամենաարագն է կատարում իր պարտականությունները «Մարտի՛» հրամանի դեպքում:

Շարքայիններ ԻՇԽԱՆ ԴՈՒՔՈՅԱՆԸ եւ ՍԵՐՈԲ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Չորրորդ` Սերոբն ու Իշխանը ոչ միայն իրենք են գերազանց կատարում իրենց պարտականությունները, այլև կարողանում են լավ սովորեցնել իրենց կրտսեր ընկերներին և օգնել, որ առաջին անգամ դիրքեր բարձրացած զինվորները յուրացնեն ծառայության նրբությունները, սովորեն չվախենալ և պահպանել անվտանգության կանոնները: Սերոբը, օրինակ, երկու անգամ կրտսեր ընկերներին սովորեցնելու, արիություն ներշնչելու համար խրախուսվել է հրամանատարների կողմից:

«Առաջին կանոնը, որ սովորեցնում ենք, խրամատից գլուխը չհանելն է»,- ասում են Սերոբն ու Իշխանը: Նրանք սովորեցնում են նաև ականադաշտերի տեղը, սովորեցնում են ճանաչել ձայները, զգուշանալ անծանոթ առարկաներից, հրահանգում են փամփուշտը անտեղի չմտցնել փամփշտատուփի մեջ և այլն: «Մեզ էլ մեր ավագ ընկերներն են սովորեցրել, ինձ շատ է օգնել իմ դասակի հրամանատար, ենթասպա Օհանյանը: Հետևել եմ նրա խորհուրդներին ու երբեք չեմ փոշմանել»,- ասում է Իշխանը:

Տղաներն ասում են, որ մեկ հերթափոխի տևողությունը բավական է ծառայակցին լավ ճանաչելու համար, ինչը լավ դիրքապահի պարտականությունն է: «Նրա ընտանիքի մասին պետք է ամեն ինչ իմանաս, խորությամբ ճանաչես ընկերոջդ»,- ասում է Իշխանը: Դա կարևոր է հոգեպես ընկճված պահերին նրան օգնելու համար: Իսկ ընկճվել կարելի է նաև կարոտից: Սերոբն ու Իշխանը կարոտը հաղթահարում են տարբեր կերպ. Սերոբը գերադասում է դիրքում ինչ-որ օգտակար զբաղմունք գտնել, նոր բան սովորել: Իշխանը նախընտրում է կարոտած մարդուն զանգահարելը կամ նամակ գրելը: Նա իր հարազատներին թույլ չի տվել, որ երդման արարողությունից հետո այցելեն իրեն. ճանապարհը երկար է և հոգնեցուցիչ, կապված է ֆինանսական ծախսերի հետ, իսկ ծնողին սիրող զավակի համար չի կարող միևնույն լինել, թե ինչ գնով է ծնողն իր մասին հոգ տանում:

Թե՛ Սերոբը և թե՛ Իշխանը տիրապետում են առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություններին, արյան տեսքից չեն վախենում և վստահ են, որ հարկ եղած դեպքում կարող են օգնել ծառայակիցներին:

Սերոբը վաշտի կազմում մասնակցել է զորավարժության: «Մենք պաշտպանությունից անցել ենք հարձակման, հետ ենք մղել պայմանական հակառակորդի հարձակումն ու գրավել նրա դիրքերը,- պատմեց նա:- Նորույթն ինձ համար այն էր, որ գրոհելով առաջ էինք շարժվում, և պետք էր վազելու ընթացքում կրակել»: Իշխանն էլ ականանետից մարտական արկերով կրակելու փորձ ուներ:

♦♦♦

Սերոբը Արմավիրի մարզի Արգավանդ գյուղից է: Մինչև բանակում ծառայելը աշխատել է պարկի գործարանում՝ որպես բանվոր: «Օրական 5 հազար դրամ էի վաստակում, դժգոհ չեմ իմ աշխատանքից»,- պատմում է նա:

Այսօր, սակայն, Սերոբը մտածում է զինծառայությունը խաղաղապահ բրիգադում շարունակելու մասին: Միգուցե դրան նպաստել է այն, որ նրա եղբայրը այնտեղ է ծառայում:

Իշխանը Ֆերիկ գյուղից է (Էջմիածին): Դպրոցն ավարտելուց հետո երկու տարի զբաղվել է սպորտով (կուլտուրիզմով), մեկ տարի աշխատել է վարսավիր: Ծառայությունից հետո մտադիր է հիմնել սեփական գործը և շարունակել փող վաստակել իր արհեստով: Նշանված է:

Հնարավորություն ունեցանք զրուցելու նաև Իշխանի ընկերոջ` շարքային Ռաֆայել Սարիբեկյանի հետ: «Մեզ մտերմացրել են ընդհանուր կենցաղը, ընդհանուր դժվարություններ հաղթահարելը, տնից ուղարկված հացը կիսելը,- ասաց Ռաֆիկը:- Իշխանն ընկերոջ համար ամեն ինչի պատրաստ է»:

– Թե՛ շարքային Սերոբ Ալեքսանյանը և թե՛ շարքային Իշխան Դուքոյանը բարձր մակարդակով են կատարում իրենց պարտականությունները և ամուր են պահում մեր երկրի սահմանը,- ասում է փոխգնդապետ Ա.Հարությունյանը:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


31/01/2013