Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ



Արդեն մեկ տարի և ութ ամիս է, ինչ որդիս՝ Արմեն Սարգսյանը, ծառայում է հայոց բանակում։ Անշուշտ, դժվար է մոր համար այդքան ժամանակ հեռու մնալ որդուց։ Դժվարությամբ էի համակերպվում այդ մտքին, սակայն զգացողություններս թաքցնում էի ու չէի արտահայտվում, քանզի հպարտությունս ավելի էր՝ զինվոր էր որդիս, հայրենիքի պաշտպան։ Ութ ամիս անց որդիս վերադարձավ տուն՝ անցկացնելու զինվորական արձակուրդը։ Անսպասելի այցելությունից հուզվել էի ու մի տեսակ քարացել, փարվել էինք մայր ու որդի, կարծես ուզում էինք փարատել մեր անչափ մեծ կարոտը։ Որդիս անընդհատ պատմում էր զինվորական կյանքի հաղթահարած դժվարությունների, ձեռք բերած զինվորական գիտելիքների մասին։ Մի քիչ վախվորած էի, բայց նաև հպարտ, որ որդիս իսկական տղամարդ է, քաջ զինվոր, որ կարող է հարկ եղած դեպքում զենք բռնել և անվարան կռվել թշնամու դեմ։

Մի ակնթարթի պես անցան զինվորական արձակուրդի օրերը։ Այս անգամ որդուս ճանապարհեցի առանց արցունքների, առանց հուզմունքի։ Մայրական ներքին զգացողությունս վկայում էր, որ ամեն ինչ լավ է լինելու։

Ես ուրախ եմ քեզ համար, իմ զինվոր որդի, դու արդարացրիր իմ բոլոր հույսերն ու սպասելիքները։ Այս ամիսների ընթացքում ես հասկացա, որ ճիշտ եմ դաստիարակել քեզ, որ դու առաջին հերթին պետք է ծառայես հայրենիքիդ, հետո՝ ընտանիքիդ։ Եվս մի քանի ամիս, և դու կվերադառնաս տուն, կշարունակես բարձրագույն կրթությունդ ու կհասնես մեծ հաջողությունների։

Մի քանի օրից նշվելու է հայոց բանակի կազմավորման տոնը։ Որպես զինվորի մայր` իմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերն եմ հղում հայոց բանակի բոլոր զինվորներին, հատկապես արալեռցի զինվորներին և սպայական անձնակազմին։ Մաղթում եմ բոլորին բարի ծառայություն, իսկ մեր հայրենիքին՝ խաղաղ ու անամպ երկինք։

Շնորհավոր տոնդ, հայոց բանակ։ Շնորհավոր տոնդ, հայ զինվոր։

Զինվորի մայր ԱՐՈՒՍՅԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Բանակ և հասարակություն


31/01/2013