«ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ» ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 26-ին Երևանի պետական համալսարանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողությանը: Պաշտպանության նախարարն «Արիության դաս» անցկացրեց եւ նշեց, որ իր համար մեծագույն պատիվ է մայր բուհում հյուրընկալվելը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ ամեն անգամ հանդիպելով ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ` փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվում հետագա համագործակցության համար. «Տարեցտարի համագործակցությունն ավելի է ընդլայնվում եւ կատարելագործվում: Հաշվի առնելով մեր պաշտպանական համակարգը և անվտանգության միջավայրը՝ մենք պետք է օգտագործենք ոչ միայն պաշտպանական գերատեսչության, այլեւ մյուս կառույցների եւ հասարակության բոլոր խավերի ներուժը»:
Անդրադառնալով հայոց բանակի կայացման առանձնահատկություններին՝ նախարարն ընդգծեց միասնականությունը, դժվարին պայմաններում ճիգերի գերլարումը, համաժողովրդական ուժերի միջոցով բանակի ձեւավորման ձգտումը. «Բանակն ու ժողովուրդը որտեղ միասնական են, այնտեղ նրանք անպարտելի են»: Ամփոփելով 2012 թվականը՝ Սեյրան Օհանյանը շեշտեց, որ նախորդ տարին ԶՈՒ համար առանձնահատուկ էր պատրաստության և կարգապահության առումներով. «2011 թվականը մեր պատմության մեջ եղել է ամենալավ տարին, մենք քիչ կորուստներ ենք ունեցել և փայլուն կարգապաhությամբ ենք աչքի ընկել: Նույն ցուցանիշները պահպանել ենք 2012-ին: Հիմք է ստեղծվել 2013 թ. ավելի լիարժեք աշխատելու, արատավոր երևույթների դեմ պայքարելու համար»:
Որպեսզի հակառակորդը զերծ մնա Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր նկրտումներից, ըստ նախարարի՝ կարեւոր է կատարելագործել մարտական հերթապահությունը, բարձրացնել անձնակազմի հմտությունների եւ կարողությունների մակարդակը, ապահովել ինժեներական կառույցների շարունակական կատարելագործումը. «Առաջնագծում մենք ստեղծել ենք ինժեներական սարքավորումների այնպիսի խորություն, որ դժվար թե դասական ոճով կարելի լինի դրանք հաղթահարել եւ ինչ-որ խնդիրներ լուծել»,-ընդգծեց նախարարն ու հավելեց, որ չնայած դրան, նախորդ տարին առանձնացավ Ադրբեջանի հետ շփման գծում լարվածության աճով, ինչը պայմանավորված էր հակառակորդի դիպուկահարների կրակոցներով եւ դիվերսիոն-հետախուզական գործողություններով։ Այդ գործողությունները համարժեք պատասխան են ստացել հայկական կողմից, ցավոք, հայկական ԶՈՒ-ն կորուստներ է ունեցել. «Մեր զինծառայողները հերոսաբար կռվեցին եւ հերոսաբար զոհվեցին մարտական առաջադրանքը կատարելիս: Պետք է հպարտանանք, որ ունենք անձնուրացաբար կռվող, իրենց կյանքի գնով մարտական դիրքերը պաշտպանելու պատրաստ զինվորներ: Դա հայրենասիրական դաստիարակության արդյունք է: Մեր ստորաբաժանումների հմուտ գործողություններով արժանի հակահարված ենք տվել և կանխարգելիչ միջոցառումներ իրականացրել հենց հակառակորդի տարածքներում»,-նշեց Սեյրան Օհանյանը: Ռազմավարական բնույթի միջոցառումների շնորհիվ էլ հայկական զինված ուժերը ավելացրել են մարտական կարողությունները. «Պատերազմներից զերծ մնալու կարևոր նախապայման են ռազմական տեխնիկան և դրան տիրապետելու հմտությունը: Ուզում ենք լինել ուժեղ, հաղթող, ուզում ենք խաղաղություն՝ պետք է պատրաստվենք պատերազմի»:
«Բաքվի հակահայկական քարոզչությունն ու հայատյաց քաղաքականությունը ի՞նչ արդյունք կարող են տալ» հարցին ի պատասխան, Սեյրան Օհանյանն ասաց, որ նման քաղաքականությունը չի կարող արդյունավետ լինել: Անհրաժեշտ է դաստիարակել ասպետական հատկանիշներ, ինչը ենթադրում է սեփական անձի կատարելագործում, այլ ոչ թե հակառակորդի որակների նսեմացում, ինքնախաբեության փորձ: Նման մոտեցումը կարող է հակառակ արդյունքն ունենալ»: Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ բազմաթիվ շփումներ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների եւ մասնավորապես՝ այն սերնդի ներկայացուցիչների հետ, որոնք ատելություն են քարոզում հայերի նկատմամբ եւ այդ ոգով էլ դաստիարակում են երիտասարդությանը. «Նման մոտեցման դրսեւորումներ եղել են նաեւ նախկինում: Արդյունքը մենք տեսանք Արցախի պատերազմի ընթացքում»:
Հանդիպման ժամանակ ԵՊՀ մշակութային կենտրոնը հանդես եկավ երաժշտական կատարումներով, ներկայացվեց «Երազ իմ երկիր» խորագրով տեսաշարը:
Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում