ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ` ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակի կապակցությամբ Հայաստանում գտնվող սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ Լիբանանից ժամանած բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը եւ Չիլիից ժամանած ծովակալ Հեռնան Կույումջյանը հունվարի 30-ին այցելեեցին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարները` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Ռազմական ինստիտուտում հայազգի գեներալներին ներկայացնում են Արցախյան ազատամարտի պատմության կարեւոր մանրամասները. սկիզբը, ընթացքը, ազատամարտի ժամանակ կիրառված սպառազինությունը: Պատմում են, թե ինչպիսի ճակատամարտեր են տեղի ունեցել եւ ինչ արդյունք ունենք այսօր:
Թանգարանում պահպանվում են Շուշիի ազատագրման Հյուսիսային ուղղության ընդհանուր հրամանատար Վալերի Չիթչյանի անձնական իրերը, նամակները, նկարները: Ծովակալ Հեռնան Կույումջյանն իր զորակցությունը փոխանցեց Արցախյան ազատամարտի մերօրյա հերոսի կնոջը` Արֆենյան Չիթչյանին, որն աշխատում է թանգարանում:
Կրակային պատրաստության ամբիոնի պետ գնդապետ Սասուն Մակարյանը ներկայացնում է Էլեկտրոնային վարժասարքը, որը փոխարինում է մարտական զենքը. կուրսանտը, կիրառելով այն, պատկերացում է կազմում իրական զենքի մասին եւ վարպետություն ձեռք բերելուց հետո միայն հրաձգարանում կրակում է մարտական փամփուշտներով: Բարձրաստիճան զինվորականներն էլ փորձարկեցին վարժասարքը:
Հյուրերը տպավորված էին ռազմական ինստիտուտի պայմաններով և տեխնիկական հագեցվածությամբ:
Սփյուռքահայ զինվորականներին հուզեցին արցախյան պատերազմի բովով անցած ինքնաշեն զենքերը:
Թանգարանից դուրս գալուց առաջ գեներալն ու ծովակալը գրառումներ են կատարում:
Ֆակուլտետի պետ գնդապետ Մկրտիչ Գաբրիելյանը կրակի կառավարման` Մովսես Սիլիկյանի անվան լսարանում բացատրում է, թե ինչպես են կուրսանտները սովորում ղեկավարել ստորաբաժանումը եւ զենքերի կրակը:
Հետեւակի մարտական մեքենայի 1-ին ուսումնական լսարանում, որտեղ պատրաստում են նշանառու-օպերատորների, Հեռնան Կույումջյանը հետաքրքրվեց, թե ինչպես են կուրսանտները լսարանային պայմաններում կրակ վարել սովորում:
Դասանցկացման գործընթացին ծանոթանալուց հետո բարձրաստիճան զինվորականներն արդեն ռազմական ինստիտուտի դահլիճում իրենց փորձն ու խորհուրդները կիսեցին կուրսանտական եւ սպայական կազմի հետ:
Խորագիր՝
Ազգային բանակ,
Բանակ և հասարակություն,
Նորություններ