ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀՈԳՈՒ ՊԱՐՏՔՆ Է
Լիբանանի բանակի բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը 1972թ. ընդունվել է ռազմական հաստատություն, զինվորական ծառայության ընթացքում դժվարությունների է հանդիպել, բայց կարողացել է հաղթահարել դրանք եւ արդեն 38 տարի ծառայում է բանակում.
«Քանի որ ես հայ եմ, իմ ոգին ամուր է և իրավունք չունեի հետ դառնալու իմ ընտրած ճանապարհից, հայ զինվորականները ևս պարտավոր են շատ համառ լինել Հայաստանը պաշտպանելիս: Հայրենիքի պաշտպանության սրբազան գործը ստանձնած զինվորներին, սպաներին ուժ ու եռանդ եմ մաղթում: Թեեւ ինքս էլ հայ եմ, սակայն Հայաստանում ապրող հայերն ավելի բախտավոր են: Ձեր բախտավորությունն այն է, որ ապրում եք Հայաստանում, հայ սպաներ են ձեր ղեկավարները, ձեր ամեն ինչը հայկական է: Մեր վիճակն էլ շատ լավ չէ, մենք էլ ներքին պատերազմ ունենք քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ: Մեր բանակը պառակտվեց, վերամիավորեցինք, հիմա ունենք արտաքին թշնամի: Սիրիայում պատերազմ է, արաբական աշխարհն անհանգիստ է: Բայց պետք է ասեմ, որ արաբները ունեն 20-ից ավելի պետություն, կքանդվի մեկը, կկառուցեն մյուսը, ունեն դրամ, նավթ, Հայաստանը չունի այդ ամենը, ուստի յուրաքանչյուրն իր հոգու պարտքը պետք է համարի Հայաստանի պաշտպանությունը»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարը` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ