ՌԵԱԿՏԻՎ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ
1951թ. սկզբներից ամերիկացիները շարունակում էին հետախուզական թռիչքները Խորհրդային Միության օդային տարածքներում՝ ներխուժելով բոլոր կողմերից: Ապրիլի 9-ին ամերիկյան «ՌԲ-45Ց» հետախուզական ինքնաթիռը, թռչելով Ճապոնիայից, ներխուժեց Կորեայի օդային սահման և քիչ էր մնում խոցվեր խորհրդային կործանիչների կողմից:
1951թ. նոյեմբերի 6-ին խորհրդային Խաղաղօվկիանոսյան նավատորմի 88-րդ գվարդիական կործանիչային ավիագնդի օդաչուներ` ավագ լեյտենանտներ Ի.Լուկաշևը և Մ.Շուկինը «Լա-11» կործանիչներով, այլ տվյալներով` «ՄիԳ-15»-ով, Ճապոնական ծովի վրա խոցեցին ամերիկյան «Փ2Վ Նեպտուն» ծովային հետախույզին: Ամերիկյան ինքնաթիռի անձնակազմը զոհվեց:
1951թ. նոյեմբերի 9-ին նորից ամերիկյան հետախույզը հրաշքով փրկվեց Կորեայի երկնքում:
1952թ. մարտի 21-ին անգլիական օդաչուները, որոնք արդեն վաղուց յուրացնում էին ամերիկյան «ՌԲ-45Ց» հետախուզական ինքնաթիռները, Բեռլինի օդային սահմանը խախտելով, կատարեցին փորձնական թռիչք: Ամեն ինչ անցավ շատ խաղաղ, ինչը նրանց ոգևորեց: Ծրագրի ղեկավար օդաչուն էր Ջոն Կրեմպտոնը:
1952թ. ապրիլի 17-ի գիշերը միանգամից երեք ՆԱՏՕ-ական «ՌԲ-45Ց» ինքնաթիռներ մեծ բարձրության վրա խախտեցին խորհրդային սահմանը: Նրանք օդ էին բարձրացել Սկալտորպ բազայից: Առաջին ինքնաթիռը, որը վարում էր Ջոն Կրեմպտոնը, ուղղություն վերցրեց դեպի ԽՍՀՄ-ի հարավ, Սև ծովի ավազանի ռազմական բազաներ: Երկրորդ ինքնաթիռը, որը վարում էր Գորդոն Կրեմերը, ուղղություն վերցրեց դեպի Մոսկվա, իսկ երրորդ ինքնաթիռը՝ Բիլ Բլեերի հրամանատարությամբ, ուղղություն վերցրեց դեպի բալթիական ավազանի ռազմական բազաներ: Ինքնաթիռները անվնաս կատարեցին իրենց մարտական առաջադրանքը և վերադարձան: Խորհրդային ՀՕՊ-ը նրանց տեսնում էր, սակայն անկարող էր որևէ բան ձեռնարկել:
1952թ. հունիսի 13-ին խորհրդային «ՄիԳ-15» կործանիչները (օդաչուներ` Ֆեդոտով, Պռոսկուրին) Ճապոնական ծովի վրա խոցեցին ամերիկյան 91-րդ ռազմավարական հետախուզական էսկադրիլիային (կամ թևին) պատկանող «ՌԲ-29» ինքնաթիռները, (գրանցման համարը 44-61810), որոնց անձնակազմերը անհետ կորան:
1952թ. հուլիսի 13-ին խորհրդային «ՄիԳ-15» կործանիչը, որի օդաչուն էր Բորիս Օսիպսկին, Բալթիկ ծովի վրա ոչնչացրեց շվեդական սահմանախախտ «ԴՑ-3» ինքնաթիռը: «ԴՑ-3»-ի անձնակազմի որոնման համար ժամանեցին երկու «ՓԲՈւ Կատալինա» ինքնաթիռներ:
1952թ. հոկտեմբերի 15-ին ամերիկյան երկու «ՌԲ-47Բ» հետախույզները, Դոնալդ Հիլմենի ղեկավարությամբ թռչելով Ալյասկայի կողմից, ներխուժեցին խորհրդային օդային տարածք: Միմյանցից անջատ թռչելով՝ նրանք հետախուզում էին ավելի մեծ տարածություն, Էգվենկինոտին չհասած` խորհրդային «ՄիԳ»-երը երևացին Հիլմենի ինքնաթիռի հետևում, սակայն նրանք չկարողացան գրոհել: Թռիչքը տևեց մոտ ութ ժամ, որից մոտ երկու ժամը խորհրդային օդային տարածքում: Այսպիսի թռիչքներով ճշգրտվում էր ոչ միայն իրադրությունը խորհրդային այդ տարածաշրջանում, այլ նաև հեռավոր հետախուզական թռիչքների հնարավորությունը: Սա «ՌԲ-47» ինքնաթիռի առաջին թռիչքն էր ԽՍՀՄ տարածքով:
Քայլը, ինչ խոսք, համարձակ էր և հանդուգն: Ամերիկացիները նման թռիչքների համար սկսեցին լայնորեն կիրառել այդ ժամանակների համար դեռեւս նոր «ՌԲ-47Ե» հետախուզական ինքնաթիռները, որոնք նորագույն «Բ-47» ռմբակոծիչի վերափոխված տարբերակներն էին: «ՌԲ-47Ե»-ն ուներ մինչև 950-1000 կմ/ժ արագություն, 13-14 կմ թռիչքային առաստաղ և կարող էր խորհրդային տարածքներում կատարել մոտ 1000 կմ թռիչք: Այն զինված էր հզոր հետախուզական սարքերով և բազում գաղտնիքների հայտնաբերման հեղինակ է:
1952թ. նոյեմբերի 18-ին խորհրդային չորս «ՄիԳ-15» կործանիչները Վլադիվոստոկ քաղաքի մոտակայքում փորձեցին խոցել ամերիկյան «Փրինսթոն» ավիակիր նավից օդ բարձրացած մի քանի «Ֆ9Ֆ2 Պանտերա» կործանիչները, տեղի ունեցած օդային մարտի ժամանակ ԽՍՀՄ-ը կորցրեց երկու կործանիչ, օդաչուներ Վանդալովը և Բելյակովը անհետ կորան: Պախոմկինն էլ զոհվեց՝ փորձելով փրկել խոցված կործանիչը:Ըստ ամերիկյան տվյալների՝ 1952թ. ընթացքում ամերիկյան հետախուզական ինքնաթիռները ռադիոտեղորոշիչ հետախուզության միջոցով կարողացել են գտնել Սիբիրի ռազմավարական նշանակության օբյեկտները, և մեկ թռիչք էլ կատարել են Կոլա թերակղզու կողմերում: Նման հետախուզական սարքերը նրանց թույլ են տալիս կատարելու գիշերային անվտանգ թռիչքներ:
1953թ. ապրիլի 15-ին խորհրդային «ՄիԳ-15» կործանիչները հեռավոր արևելքում փորձում էին ամերիկյան «ՌԲ-50» հետախույզին ստիպել վայրէջք կատարել, սակայն ստիպված եղան ոչնչացնել չենթարկվող սահմանախախտին: Անձնակազմն անհետ կորավ:
Հուլիսի 29-ին նորից նույն ինքնաթիռով, որը պատկանում էր 343-րդ ռազմավարական հետախուզական էսկադրիլիային, ամերիկացիները խախտեցին սահմանը Ճոպոնական ծովի կողմից, և «ՄիԳ-17»-ի օդաչուներ Ա. Ռիբակովն ու Յու. Յաբլոնսկը նորից խոցեցին սահմանախախտին:
Երկու օր առաջ ամերիկյան կործանիչները խոցել էին խորհրդային անզեն տրանսպորտային «Իլ-12»-ը, որը Պորտ-Արթուրից թռչում էր Վլադիվոստոկ, «հերոսությունը» կատարել էր կապիտան Ռ.Պառռը:
Օգոստոսի վերջին արդեն «Կանբերրա» ինքնաթիռով իրենց բախտը ԽՍՀՄ-ում փորձեցին անգլիացիները՝ հետախուզական թռիչքի ուղարկելով ռմբակոծիչը, որը պետք է նկարահաներ Կապուստին-Յար հրաձգարանը: Ինքնաթիռը օդ բարձրացավ Գերմանիայից և միանգամից հայտնվեց խորհրդային ՀՕՊ-ի տեսադաշտում: Բարձրանալով մինչև 14000 մետր՝ ինքնաթիռն անցավ վարշավյան երկրների տարածքով և հարավից խախտեց խորհրդային օդային սահմանը: Անցավ Կիևը, հետո Խարկովը ու շարունակում էր թռչել դեպի արևելք՝ բարձրանալով ավելի վեր: Վերջինիս ընթացքը կասեցնելու նպատակով տասնյակ կործանիչներ էին օդ բարձրանում՝ իրար խանգարելով ու հերթ չտալով, սակայն ապարդյուն: Կապուստին-Յարի մոտակայքում «ՄիԳ»-երից մեկը դժվարությամբ մոտեցավ և կրակահերթ արձակեց, արկերը դիպան «Կանբերրա»-ին: Հետախույզը չկործանվեց եւ երերալով վայրէջք կատարեց Իրանի տարածքում:
1954թ. ԱՄՆ-ի նոր նախագահը, ծանոթանալով իրադրությանը, թույլատրեց հետախուզական թռիչքներ կատարել ԽՍՀՄ-ի տարածքում: Գարնանը նորից սկսվեցին ակտիվ հետախուզական թռիչքները:
Ի վերջո, անգլիացիները ևս անցան գործի մեզ արդեն հայտնի Ջոն Կրեմպտոնի առաջնորդությամբ: Ապրիլի 28-ից 29-ի գիշերը երեք ինքնաթիռներ՝ այս անգամ անգլիական «ՌԲ-45Ց», խախտեցին խորհրդային սահմանը: Նորից հարավային ուղղությամբ թռչում էր ինքը, կենտրոնական ուղղությամբ՝ Գարրի Կարրելլի անձնակազմը, իսկ հյուսիսային ուղղությամբ անձնակազմը առաջնորդում էր Գորդոն Կրեմերը: Կրեմպտոնի ինքնաթիռը արդեն հասնում էր Կիևին, երբ երկնքում 11000 մետր բարձրության վրա տեսավ զենիթային հրանոթների արկերի պայթյուններ: Նա ինքնաթիռը շրջեց՝ բացելով առավելագույն արագություն: Հրամանատարի գլխում անգամ միտք ծագեց ցած նետելու դատարկ կախովի վառելաբաքերը, որպեսզի ավելացնի արագությունը, սակայն հետո մտածելով քաղաքական ճգնաժամի մասին, ձեռնպահ մնաց: Կիևից օդ բարձրացան կործանիչներ, սակայն նրանք մթության մեջ ոչինչ չկարողացան անել: Մյուս ինքնաթիռները ևս փորձեցին խոցել, բայց՝ ապարդյուն: Անգլիացիները անվտանգ հեռացան: Կրեմպտոնը վայրէջք կատարեց արևմտյան Գերմանիայում, հետո վերալիցքավորվելով՝ վերադարձավ Սկալտորպ: Թվում է՝ այս ամենը հերթական ամերիկյան սադրանք է, սակայն ԽՍՀՄ-ում նման մտքից ուղղակի սարսափում էին, չէ՞ որ ամերիկացիները խորքային անպատիժ հետախուզություն էին կատարում ռազմավարական ռմբակոծիչներով, որոնք կարող էին կրել միջուկային ռումբեր:
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ