ՈՐ ԽԱՂԱՂ ԼԻՆԻ ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻՆ
Պատերազմի ցավն ու դառնությունը, տառապանքն ու վիշտը տեսած մարդկանց համար աշխարհում խաղաղությունից թանկ ոչինչ չկա։ Մեր գյուղը՝ Կոթին, շրջապատված է ադրբեջանական տարածքներով և այն դաժան տարիներին բազմիցս ենթարկվել է հրետակոծությունների ու ավերածությունների և թշնամուն սահմանամերձ մյուս բնակավայրերի նման բազմաթիվ կորուստներ կրել։ Ամուսինս՝ Թելմանը, 26 տարեկանում զոհվեց՝ անհայր թողնելով իր երեք որդիներին։ Դժվար, շատ դժվար ժամանակներ էին, գնան ու երբեք հետ չգան այդ մղձավանջային տարիները։ Այդ տարիներին մեծ ու փոքր դարձել էին զինվոր։ Հողի մարդը զենք էր վերցել՝ զենքով պաշտպանելու իր քրտինքով, իր պապերի քրտինքով մշակած հողը։ Երբ սահմանին կանգնեց զինվորը, բանակը, գյուղի ժողովուրդը մի փոքր խաղաղվեց։ Սահմանամերձ տարածքում ապրող մարդու համար զինվորն ուրիշ խորհուրդ ունի և մեծ հավատով ու սիրով է զավակներին բանակ ճանապարհում։
Սարգիս ու Նարեկ որդիներս արդեն ծառայել են բանակում։ Հիմա երրորդ որդիս՝ Նաիրին է հայրենիքին իր պարտքը տալիս։ Կրտսեր սերժանտ է, ծառայությունից գոհ է, երբեք չի տրտնջացել, պատվով և արժանապատվորեն ծառայում է։
Հունվարի 28-ի առթիվ ուզում եմ շնորհավորել մեր բանակի բոլոր զինծառայողներին։ Թող մեր բանակն այնքան հզոր և ամուր լինի, որ թշնամու մտքի ծայրով իսկ չանցնի երբևէ ոտք դնել մեր հողին։ Ուզում եմ շնորհավորել նաև զինվոր որդուս՝ Նաիրիին, բոլոր զինվորներին՝ մաղթելով անփորձանք ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախ։ Վերադարձեք և շենացրեք մեր հայրենիքը, և թող խաղաղ լինի մեր հող հայրենին, և հողը մշակվի միայն արդար քրտինքով։
ԱՂՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ավ. ենթասպա
գ. Կոթի