ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ
Իշխանը պատահաբար որսաց Թարիփի` Սլովենային ուղղված հայացքը և հարսի փորի նկատվող կլորությունից ամեն ինչ հասկացավ: Նայելով Արտավազդի սիրահարված դեմքին` իշխանը չկարողացավ զսպել երջանիկ ժպիտը: Նրան համակեց իր Փառանձեմին տեսնելու անհաղթահարելի ցանկությունը` իրադարձությունների ու նորությունների ահագնացող հորձանքից առաջացած ապրումներն ու տպավորությունները կիսելու համար: Իշխանը սևեռուն, որոնող հայացքով սկսեց զննել պալատը:
Թորգոմի թիկունքում նա տեսավ անհանգստացած, խառնիխուռն կուտակված հայ և պարսիկ զինվորներին: Հանկարծ նրանց շարքերը հնազանդորեն բաժանվեցին, և ձեռքերը կրծքին սեղմած` շնչասպառ պալատ վազեց գունատ ու հուզված Փառանձեմը: Ինչպես միշտ` նրա ներկայությունն սթափեցնող ազդեցություն ունեցավ իշխանի վրա:
Հենց այդ պահին նա նկատեց, թե ինչպես Թարիփի թիկունքում կանգնած պարսիկ զինվորը մոտեցավ և կիսաձայն ինչ-որ բան ասաց նրան: Թարիփի աչքերի վախն անհետացավ և փոխարինվեց անսահման խոր ատելության:
– Իշխա՛ն, դու ինքդ ես մեղավոր քո բոլոր դժբախտությունների համար, – սպառնագին մռնչաց նա, – արքայից արքայի թիկունքում դո՛ւ, ստո՛ր հայ, ուժեր ես կուտակում, որպեսզի դաշույնը եղբորդ թիկունքը խրես: Ինչու՞ քո որդի Արտավազդը հանուն այս հյուսիսային անաստված ու անտոհմ օտարուհու հրաժարվեց արքայից արքայի աղջկանից, իսկ ավագ որդիդ` Պարմենիոնը, Ալեքսանդրի զորագունդն է գլխավորում:
Փառանձեմն ակամա ճչաց ու դանդաղ նստեց: Սլովենան նետվեց նրան օգնության: Իշխանը շանթահարվածի պես օրորվեց: Նրա սիրտը կատաղած զարկում էր, արյունը տաք հորձանքով հարվածում էր քունքերին:
– Հայկը ո՞ղջ է, – բացականչեց իշխանը, և Թարիփի` մռայլ ատելությամբ լեցուն հայացքը հաստատեց այդ: Իշխանի աչքերի առաջ կրկին մոլեգնեցին Գավգամելի ճակատամարտի մասին հիշողությունների արյունոտ պատառիկները. «Ես կռահում էի, որ այդ նա է»:
Գավգամելի ճակատամարտում մակեդոնահունական բազմահազարանոց փաղանգը, որպես ահռելի հրեշ, նրանց վրա էր գալիս առանց կանգ առնելու: Կուռ ու միաձույլ տողանները` փայլփլող թրերով ու վահաններով, միասնական ու ամբողջական օրգանիզմի պես, առանց դադար առնելու, վստահաբար ու անսասան, մոտենում էին որպես ճակատագիր: Դրանից աջ սպառնագին առաջանում էր Ալեքսանդրի կատաղած հեծելազորը: Ի հակակշիռ` իշխանը հապճեպ պատրաստվում էր հակադրել հայկական այրուձին` Արտավազդի գլխավորությամբ:
Անսպասելիորեն հնչեց Դարեհի` թշնամու փաղանգը հայկական ու սողդիական հեծելազորներով գրոհելու անհեթեթ հրամանը: Դարեհի մարտավարությունից վհատված` իշխանն ակամա նայեց պարսիկների ու նրանց վասալների` մարտական պատրաստականության մեջ կոփված ու կոպտացած մեծաքանակ և հույներին բազմաթիվ անգամ գերազանցող, զորագնդերի դեմ կռվելու համար հատուկ պատրաստված հետևակին: Մի պահ մտքերի մեջ ընկավ և հանկարծ հիշեց, որ մեկ տարի առաջ սողդիանդացիներն ապստամբեցին, բայց այն դաժանաբար ճնշվեց: Եվ հիմա, մտածեց իշխանը, անխուսափելի հաղթանակի մեջ վստահ, Դարեհը մեկ անգամ ևս պատժում էր նրանց, այս անգամ Ալեքսանդրի ձեռքով:
Իշխանը շրջվեց ու հպարտությամբ նայեց իր հեծելազորին: Բազմաթիվ ճակատամարտերում թրծված, մեծաթիվ ու լավ սպառազինված` այն անգերազանցելի ուժ էր ներկայացնում, որը բազմիցս հաղթանակ է բերել պարսիկներին և լիովին կարող է բաց մարտում ջախջախել Ալեքսանդր Մեծի հեծելազորը: Դրա շնորհիվ այս բոլոր տարիներին իշխանն իր մեջ ուժ ու արիություն է գտել զսպելու արքայից արքայի` հայերի օրինական իրավունքների նկատմամբ ունեցած անսահման հավակնություններն ու ոտնձգությունները:
Ալեքսանդր Մակեդոնացու հայրը` Ֆիլիպ Երկրորդը, պարսիկների դեմ անհաշտ պայքարում շատ անգամ է ջանացել իր կողմը գրավել հայ իշխաններին` հայոց այրուձին նախապես ապահովելու համար: Պատահական չէ, որ իշխանն իր ավագ որդուն անմիջապես Հունաստան ուղարկեց, երբ իմացավ, որ արքայից արքան պատրաստվում է բաժանել իրենց և որդուն զրադաշտականության հետևորդ դարձնել:
Հայկն Ալեքսանդրի հետ աշակերտել էր Արիստոտելին: Այդ ժամանակ էլ ստացել էր Պարմենիոն նոր անունը: Երբ պարսկական զորքերը սրով ու հրով անցան Հունաստանով, Հայկի հետքերը երկար տարիներ կորան: Սակայն ժամանակի ընթացքում հուսալի աղբյուրներից իշխանն իմացավ, որ պատրաստվելով ջախջախել պարսիկներին և իմանալով Հայկի արքայական ծագման մասին, Ֆիլիպ Երկրորդը նրան նախապատրաստում է որպես պարսկական գահի հնարավոր ու իսկական ժառանգորդ` պարսիկների նկատմամբ հաղթանակի պարագայում:
Իշխանը հայացքն ուղղեց բարձունքին, որտեղ բազմաթիվ մարտակառքերով ու «անմահների» գնդերով շրջապատված` տեղավորվել էր իր հաղթանակի մեջ համոզված արքայից արքա Դարեհը: Ասես թատերական օթյակից` նա պատրաստվում էր հետևել, թե ինչպես են իր թշնամիները ոչնչացնելու միմյանց:
Հեծելազորն ամբողջ ուժով հարձակվեց զորագնդի վրա, բայց չկարողացավ կանգնեցնել այն: Իշխանը սրտի ցավով տեսավ, թե ինչ դժվարությամբ ճեղքեր բացվեցին, և ինչքան հեշտ այն կրկին վերականգնեց իր շարքերը: Նա սրտով էր զգում փաղանգի ուժն ու ռիթմը: Դրանք առարկայանում էին զորագնդի` ճակատագրի պես անկասելի շարժման մեջ: Պարբերաբար զորագունդն իր որովայնից հանկարծակի, միաժամանակ ու կտրուկ շարժումով դուրս էր նետում իր երկար պատճենների մահացու շարքերը, և դրանք անմիջապես խոցում էին հեծելազորի առջևի շարքերը:
Անսպասելիորեն` մռայլ ու հուզված հայ ռազմիկներով շրջապատված իշխանին մոտեցավ Դարեհի սուրհանդակը: Իշխանը շրջվեց և տեսավ Թարիփի հանդիսավոր դեմքը: Վերջինս լուռ խոնարհումով նրան հանձնեց ոսկով ու փղոսկրով շքեղորեն դրվագված մի տուփ: Իշխանը զարմանքով նկատեց, որ դա ճատրակ է: Հենց այդ պահին նրան զեկուցեցին, որ Արտավազդի ձին ընկել է:
Կատաղությունը կուրացրեց իշխանին: Նա ճատրակն ուղիղ Թարիփի դեմքին շպրտեց: Այնուհետև, առանց Դարեհի թույլտվության, խախտելով կայսրության բոլոր օրենքներն ու մոռանալով հպատակ ժողովուրդների վասալական պարտականությունները, իշխանը հրամայեց հայասների սուրբ դրոշը պարզել, ռազմի փող փչել ու փոքրաթիվ հայկական հետևակն առաջնորդեց որդուն օգնության: Հայկական դրոշը, ինչպես հզոր հայասների հնագույն ժամանակներում, կրկին փողփողաց քամուց: Զգալով ապշահար ռազմիկների` իրեն ուղղված հիացական հայացքները` իշխանը շրջվեց ու տեսավ, որ Դարեհը կանգնել է իր մարտակառքի մեջ և հոտնկայս հետևում է իրադարձությունների ընթացքին:
Շարունակելի
ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Հոգևոր-մշակութային