ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆԵՑԻՆ
Մեր թերթի այս տարվա 2-րդ համարում անդրադարձել էինք բռնագաղթածների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող «Ղարաբաղ» հասարակական կազմակերպության նախագահ Սիրվարդ Գալստյանի ահազանգին: Նա պատմել էր, որ դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ում բնակվող բարերար Մանավազ Մարտիրոսյանից 9 ծանրոց նյութական օգնություն էր ստացել, որը Ամանորի կապակցությամբ պիտի հատկացներ սահմանամերձ գյուղերի կարիքավոր բնակիչներին։ Մինչդեռ ստոր մարդկանց պատճառով ծանրոցների պարունակությունը չէր համապատասխանել մակնշմանը, ինչը հիասթափության պատճառ էր դարձել տասնյակ ընտանիքների, երեխաների, օգնության սպասող տարեցների համար:
Ընթերցողներից ոմանք, կարդալով նյութը մեր թերթի ինտերնետային կայքում, որոշել են ինչ-որ կերպ աջակցել վերոնշյալ մարդկանց: «ԱՄՆ-ի հայկական համայնքների ներկայացուցիչներից տասնյակ հեռախոսազանգեր եմ ստացել, մարդիկ իրենց սատարում-աջակցությունն էին առաջարկում, հետաքրքրվում էին մեր կարիքներով, նաեւ իրենց զայրույթն ու վրդովմունքն էին արտահայտում կատարվածի կապակցությամբ,-պատմեց Սիրվարդ Գալստյանը եւ ավելացրեց:- Մանավազ Մարտիրոսյանն ու բեռնափոխադրման կազմակերպության տնօրեն ամերիկաբնակ Գագիկ Թամրազյանը մեր կազմակերպությանը գումար նվիրաբերեցին: Վերջինս նաեւ վստահեցրեց, որ հավաքված նյութական օգնությունն իր ղեկավարած բեռնափոխադրման ընկերության միջոցով տեղ կհասցնեն, որպեսզի նման դեպքեր այլեւս չկրկնվեն: Մի քանի օրից Գագիկ Թամրազյանից կստանանք վրաններ ու քնապարկեր, որոնք կհատկացնենք գյուղացիներին, որպեսզի գիշերակացը արոտավայում կամ հողամասում անվտանգ լինի, նաեւ` հագուստ: Շնորհակալ եմ Սեյրան Օհանյանին, որ հավանություն տվեց մեր ծրագրին, եւ պաշտպանության նախարարությունը մեզ ավտոբուս ու բեռնատար կտրամադրի սահմանամերձ բնակավայրեր բեռները փոխադրելու համար»:
Գագիկ Թամրազյանի եւ Մանավազ Մարտիրոսյանի նվիրաբերած գումարով կազմակերպությունը որոշեց նշել Բանակի օրը: Ավելի քան 70 ազատամարտիկների ընտանիքների անդամներ մասնակցեցին կազմակերպված երեկույթին. «Մենք մտածեցինք, որ հինգ հազարական դրամ բաժանելով, առանձնապես մեծ օգուտ տված չենք լինի, ուստի որոշեցինք հաճելի հանդիպում նախաձեռնել, ինչը հնարավորություն ընձեռեց զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին մեկ օրով թոթափելու առօրյա հոգսերի բեռը: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Սփյուռքի մեր հայրենակիցներին խորին շնորհակալությունս եմ հայտնում, որ անտարբեր չգտնվեցին եւ օգնության ձեռք մեկնեցին»,-ասաց Ս. Գալստյանը:
Մեր հրապարակմանը արձագանքեց նաեւ Ավանում գտնվող բժշկական կենտրոնի տնօրեն Գագիկ Բաբայանը եւ հաշմանդամի երկու թանկարժեք սայլակ փոխանցեց «Ղարաբաղ» հասարակական կազմակերպությանը: «Սայլակները հանձնեցինք Սյունիքի մարզի Սվարանց գյուղի գյուղապետին: Գյուղի երկու բնակիչներ (ազատամարտիկի երեխա եւ պայթյունի հետեւանքով հաշմանդամ դարձած եւս մեկ բնակիչ) այժմ կկարողանան շրջել բակում, շփվել հարեւանների հետ»:
Ի դեպ, «Ղարաբաղ» հասարակական կազմակերպությունը վերջերս իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանում հաստատված սիրիահայ կարիքավոր ընտանիքներին. «Մենք պետք է միասնական լինենք, աջակցենք իրար, հոգեպես թեւ ու թիկունք դառնանք: Հայը անպարտելի է եւ ամենակարող, եթե կազմակերպված է գործում ու միասնական»,- նշեց Սիրվարդ Գալստյանը:
Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Բանակ և հասարակություն