ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՄՏՔԵՐԻՑ
Սոցիալապես որքան արդար՝ այնքան զորավոր է հայրենիքը։ Գերերջանիկ է այն մարդը, որ կարող է ասել՝ իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար, այնտեղ երկիրը մշակելու և հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես։
♦♦♦
Բարոյական ուժն է գոտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհավասար կռվում. նա է դեպի հաջողություն ու հաղթանակ առաջնորդում թվապես թույլերին՝ մեծ, մեծամեծ հակառակորդների դեմ։
♦♦♦
Կեղծ է ամեն մի գրականություն, բարոյական ու քաղաքական վարդապետություն, որ ուժ և արիություն չի ներշնչում իր դավանողին։
♦♦♦
Զորակա՛ն, կռվիր այնպես, որ կարողանաս ասել զենքի ընկերներիդ՝ ինձ պես կռվեցեք։
♦♦♦
Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնո՞ւմ ես, դո՛ւ ես մեղավոր, որովհետև թույլ ես։
♦♦♦
Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողների ձեռքերը լինեն տաք և մաքրամաքուր։
♦♦♦
Այն օրից, ընթերցո՛ղ, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագավորեց Հայաստանը։
♦♦♦
Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և Հայրենիք։ Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության՝ Ազգ, Հայրենիք, Պետություն։
♦♦♦
Ներիր, Տե՛ր, եթե մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ քո դեմ։
♦♦♦
Արի է նա, ով իր մեջ սպանել է կաշվի համար դողացող անասունը։
♦♦♦
Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա և մի՛ ստիր։ Ստել նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ նշանակում է դադարել մարդ լինելուց։
♦♦♦
Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից։
♦♦♦
Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն։ Խոնարհիր ճակատդ միայն իդեալիդ առաջ։
♦♦♦
Աշխատիր առյուծի հետք թողնել ցեղիդ պատմության մեջ և բնավ մի մտածիր այն մասին, թե մի օր աղվեսը կարող է ապականություն փռել թողածդ հետքի վրա։
♦♦♦
Սիրե՞լ – սիրում են և՛ շուկան, ուր կարելի է շահել, սիրում են դրամը, հաճույքը, հարմարավետությունը,- անցողական, սակավարժեք հազար ու մի բաներ։ Իսկ Հայրենիքը – դա, իբրև գերագույն արժեք, պատկանում է սրբազան այն առարկաների կարգին, որոնք պաշտվում են նաև։ Սիրում ենք շատ բաներ, բայց արյուն չենք թափում նրանց համար։ Հայրենիքը, սակայն, պահանջում է ոչ միայն մեր սիրտը, այլև մեր արյունը, և դա անհրաժեշտ է իր գոյության համար։ Սերն ավելի իրավունք է ճանաչում, պաշտամունքը՝ պարտականություն։
♦♦♦
Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից։
♦♦♦
Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում։
Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Հոգևոր-մշակութային