Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԽԱԹԱՎԻՆԻ ԵՎ ԱՎԵՐԱԿ ՋՐԱՂԱՑԻ» ԿՌԻՎՆԵՐԸ



19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ

Հայ ժողովրդի XIX դ. վերջի և XX դ. սկզբների ազգային-ազատագրական պայքարում առանձնահատուկ ու կարևորագույն նշանակություն ունի մարտական և զինատար խմբերի գործունեությունը: Մարտական և զինատար խմբերի պարտականությունը զենք – զինամթերքի տեղափոխումն էր նախանշված շրջաններ: Զենք փոխադրող խմբերը կոչվում էին զինատար կամ զինակիր: Նրանք ավելորդ հրացաններ էին տանում իրենց հետ, երկու հոգուն՝ 3 հրացան, իսկ ավելի ուժեղները՝ մի հոգուն՝ 2 հրացան: Յուրաքանչյուր հայդուկ ուներ 150-200 փամփուշտ, ատրճանակ, սուր, հացի տոպրակ:

Եթե անաչառորեն գնահատենք, ապա պիտի ընդգծել, որ Երկիր մեկնող մարտական և զինատար խմբերը գլխավորապես համալրել են ազատագրական պայքարին զինվորագրվածներից ամենանվիրյալներն ու խիզախները, որոնց համար ազատության համար մղվող պայքարը եղել է կյանքի իմաստ ու գերխնդիր: Հսկայական ճանապարհ կտրելու ու բազում անասելի դժվարություններ հաղթահարելու պատրաստ այդ մարտախմբերին զինվորագրվածները քաջ գիտակցել են, որ իրենք մեկնում են մարտադաշտ՝ կենաց-մահու կռվի, ուր որևէ մեկի ողջ մնալը կամ չզոհվելը բնավ երաշխավորված չէր: Եվ բնավ պատահական չէ, որ հայ ազատագրական պայքարի նշանավոր գործիչներից շատերը (Սերոբ Աղբյուր, Նիկոլ Դուման, Անդրանիկ, Սեբաստացի Մուրադ, Քեռի, Սեպուհ, Սևքարեցի Սաքո և այլք) իրենց մարտական ուղին սկսել են հենց մարտական ու զինատար խմբերի կազմում:

ԲԱԼԱԲԵՂ ԿԱՐԱՊԵՏ, ԲԻԹԼԻՍՑԻ ՄՈՒՇԵՂ, ԱՌՅՈՒԾ ԱՎԱԳ

1898 թ. տեղի ունեցած ՀՅԴ 2-րդ Ընդհանուր ժողովն ընդունում է ուժերի կենտրոնացումը Երկրի մեջ որոշումը: Համաձայն այդ որոշման, ՀՅԴ-ն հրաժարվում է ֆիդայական-պարտիզանական կռիվներ մղելու մարտավարությունից և պատրաստվում Երկրի առավել կարևորագույն վայրերում (Բարձրավանդակ (Սասուն), Վասպուրական) ուժերի կենտրոնացմանը` ընդհանուր ապստամբության կազմակերպման համար: Սասունը փաստորեն ընտրվում է որպես հայ ազատագրական պայքարի միջնաբերդ, որտեղ պիտի կենտրոնանային կուսակցության մարտական ուժերը:

«Ուժերու կեդրոնացում»-ը, նախ և առաջ, ենթադրում էր Բարձրավանդակում զենք ու զինամթերքի, մարտական ուժերի կենտրոնացում: Բնականաբար, Տարոնի և Սասունի հեղափոխական կառույցները ղեկավարող ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի կենտրոնական կոմիտեն այս ուղղությամբ պետք է ավելի ծանրակշիռ գործունեություն ծավալեր:

Մինչև այդ որոշումն ընդունելը, Դուրան-Բարձրավանդակի կենտրոնական կոմիտեի անդամ Աղբյուր Սերոբի հանձնարարությամբ 1897թ. աշնանը Ճարտարի (Հակոբ Վարդանյան՝ Սերոբի հորեղբորորդին է-Հ.Գ.) գլխավորած զինախումբը կարողացել էր Կարս-Մանազկերտ-Բուլանուխ-Ախլաթ երթուղով Դուրան-Բարձրավանդակ հասցնել 77 բերդան ու մոսին հրացան ու հազարավոր փամփուշտներ: Քանի որ Ճարտարի գլխավորած զինատար խմբի անցումը Կարսից Ախլաթ պսակվել էր աննախադեպ հաջողությամբ, ուստի Դուրան-Բարձրավանդակի (Տարոն-Սասուն) կենտր. կոմիտեի և անձամբ Աղբյուր Սերոբի հանձնարարությամբ Ճարտարը 25 մարտիկների հետ 1898 թ. սեպտեմբերին մեկնում է Կովկաս՝ դարձյալ զենք ու զինամթերք տեղափոխելու: Ճարտարը բարեհաջող հասնում է Կարս, ՀՅԴ տեղի կենտրոնական կոմիտեից ստանում է որոշակի քանակությամբ զենք ու զինամթերք և միաժամանակ, նոր մարտիկներով համալրելով իր զինատար խումբը, պատրաստվում վերադառնալ Ախլաթ:

78 մարտիկներից բաղկացած զինատար խմբի կազմում են եղել Բիթլիսցի Մուշեղը, Առաքելը, Բալաբեղ Կարապետը, Երկար Նատոն, Զուլումաթը, Առյուծ Ավագը և այլ փորձառու ռազմիկներ, որոնք մինչ այդ մասնակցել էին Աղբյուր Սերոբի գլխավորած Ախլաթի ինքնապաշտպանական և ֆիդայական-պարտիզանական մարտերին: 1898 թ. սեպտեմբերի սկզբներին զինատար խումբը Կարսից տեղափոխվում է Կաղզվան, ապա անցնում ռուս-թուրքական սահմանը և փորձում Ալաշկերտ-Մանազկերտ-Բուլանուխ գծով աննկատ ուղևորվել Ախլաթ: Մինչդեռ այս անգամ հաջողությունը, ինչպես առաջին անցման ժամանակ, հայ մարտիկների կողմը չէր:

Ճարտարի 1-ին խմբի բարեհաջող անցմանն ամիսներ էին հաջորդել: Իսկ թուրք իշխանություններն այդ ընթացքում ավելի ու ավելի էին ուժեղացրել սահմանամերձ շրջանների, հատկապես Կարսից դեպի Բագրեւանդ (Ալաշկերտ)-Տարոն ձգվող ուղիների հսկողությունը: Եվ խումբը՝ ճանապարհողները չէին կարող կասկածել, որ այս անգամ Ճարտարին և մարտիկներին սպասվում էին ավելի դաժան փորձություններ:

Մարտախումբը մտնում է Ալաշկերտի սարահարթ և որքան էլ փորձում է աննկատ մնալ, այնուամենայնիվ, հարկադրված կռվի է բռնվում քրդական հրոսակախմբերի հետ: Ճարտարի առաջնորդությամբ խումբը ճկուն մարտավարությամբ կարողանում է հաղթահարել առաջին արգելքները և փորձում է որքան կարելի է աննկատ ու արագորեն անցնել Ալաշկերտի տարածքն ու խուսափելով կռվի բռնվելուց՝ Մանազկերտ-Բուլանուխ գծով ուղևորվել Ախլաթ:

«Սեպտեմբերի 3-ին զինախումբը հանգստանալու նպատակով կանգ է առնում քուրդ բեկերին պատկանող Քեոշկ կոչվող գյուղի մերձակայքում: Քրդերը հեռվից նկատում են զինված խումբը և հասկանալով նրանց ոչ յուրային լինելը` իսկույն աղմուկ (հավար) են բարձրացնում, և շատ չանցած՝ հեծյալ ու հետևակ զինյալ քրդերը արագորեն հայտնվում են դեպքի վայրում: Քանի որ Ալաշկերտի սարահարթում կային բազմաթիվ հայկական գյուղեր, ուստի ֆիդայիները, նկատի ունենալով հայ բնակչությանը սպառնացող վտանգը, կռվի սկզբում այնքան էլ տրամադրված չեն եղել դիպուկ հարվածներով դիմագրավել հարձակվողներին և խորացնել ընդհարումը: Այնինչ իրավիճակը փոխվում է, երբ քրդերը ավելի ու ավելի են սաստկացնում կրակն ու գրոհները:

Ֆիդայիները նախորդ կռիվներից քաջատեղյակ էին քրդերի սովորությանը. որպես չգրված օրենք, քրդերը կռվում էին մինչև մութն ընկնելը: Աներեր դիմագրավելով հակառակորդի շարունակական հարձակումները՝ մութն ընկնելուն պես, օգտվելով կարճատեւ դադարից, ֆիդայիները կարողանում են անկորուստ իջնել դիրքերից և աննկատ անցնել Եփրատն ու մոտենալ Խաթավին սարի մոտակայքում գտնվող հայ-քուրդ խառը բնակչություն ունեցող գյուղին: Նրանք թեև չափազանց հոգնած էին, բայց ձգտում էին որքան հնարավոր է կտրվել հակառակորդից և բարձրանալ սարը, փոքր-ինչ հանգստանալ, ապա նոր ուղևորվել Ախլաթ: Բայց քանի որ շատ հոգնած էին ու քաղցած, ուստի անտեսելով վտանգը` հարկադրված մոտենում են գյուղին: Նախորդ օրվա կռվի արձագանքները տարածվելով հասել էին նաև այդ գյուղը: Քրդերը, երկյուղելով ֆիդայիների հայտնվելուց, յուրաքանչյուր գյուղի մոտ կարգել էին զինված պահակախմբեր: Քանի որ քրդերն այս անգամ փոքրաքանակ էին, ուստի ֆիդայիներն անաղմուկ գործելու նպատակով մերկացնում են դաշույնները և հարձակվելով՝ արագորեն ընկճում են նրանց դիմադրությունը և շարունակում իրենց ուղին: Բայցեւայնպես, մի քանի քրդերի հաջողվում է խույս տալ հայ մարտիկների դաշույնների հարվածներից և նրանց հայտնվելու մասին տեղեկացնել համիդիեի զինվորներին:

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ, դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Պատմության էջերից


07/02/2013