ՄԱՅՐԱԿԱՆ ԱՐՑՈՒՆՔ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Արաքսյա մայրիկի և Վազգեն Սարգսյանի այդ լուսանկարը շատերն են տեսել։ Լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանի` հավերժությանը պահ տված ակնթարթներից մեկն է։ Եռաբլուրի Հաղթակամարի բացման արարողության օրն էր։ Առատ, խոշոր փաթիլներով ձյուն էր իջնում երկնքից։ Ձյունը նստել էր Վ. Սարգսյանի ուսերին, Արաքսյա մայրիկի ճերմակ վարսերին։ «Հայ զինվորի» խմբագրություն այցելած Արաքսյա մայրիկին հարցնում եմ.
-Ի՞նչ էիք զրուցում, Արաքսյա մայրիկ։
-Վազգենը խոսում էր զոհվածների ընտանիքների, մայրերի, երեխաների, այրիների, որդուս մասին։ Ասում էր, որ ամեն ինչ լավ կլինի։ Հայաստան աշխարհը մեկ առ մեկ պիտի ճանաչի իր հերոսներին, նրանց մայրերին։ Իսկ ես Սպարապետին ասացի. «Վազգե՛ն ջան, եթե հարկ լինի, զոհվածների մայրերն էլ դուրս կգան կռվի, պիտի պահպանենք մեր որդիների արյամբ ազատագրված հողերը»։ Վազգենը գրկեց ինձ, համբուրեց։ Եվ հիմա լուսանկարում պահպանված նրա ժպիտը իմ այդ խոսքերից ծնվեց…:
Արաքսյա մայրիկի կյանքը նման է մեր ժողովրդի վերջին հարյուրամյա կենսագրությանը։ Իսկական անունը Արաքս է։ Երբ Մեծ եղեռնից մազապուրծ նրանց գերդաստանը (ընտանիքի 40 անդամներից փրկվել են միայն 10-ը) անցել է Արաքսը, Մայր գետն այդ պահին խաղաղ է եղել, ասես ճանապարհ է բացել։ Հետո Սիրական պապը որդուն՝ Մանուկին ասել է, որ եթե աղջիկ ունենա՝ անունը Արաքս դնի։ Անցնում են տարիներ։ Մանուկ հայրն ունենում է չորս երեխա՝ երկու աղջիկ, երկու տղա։ Եվ չի մոռանում աղջիկներից մեկին անվանակոչել Արաքս։ Հայրենական մեծ պատերազմին հայրը մեկնում է պատերազմ։ Մեկնելիս իր գոտին տալիս է Արփենիկ կնոջը, որն այդ ժամանակ 28 տարեկան էր, և պատվիրում` «Գոտին մեջքիցդ չհանես մինչև իմ գալը»։
-Հայրս զոհվեց Կերչում։ Երբ Արփենիկ մայրս խոր ծերության հասակում մահացավ, մենք նրա մեջքից հանեցինք գոտին… Իմ երեք որդիները՝ Ռուբիկը, Ռաֆայելը, Արմենը հասակ են առել, սնվել այս պատմությունից։ Երբ սկսվեց Արցախյան ազատագրական շարժումը, Ռաֆիկս անդամագրվեց «Տիգրան Մեծ» աշխարհազորայինների ջոկատին։ Դժվարին ճանապարհ անցավ, սակայն ոչ մի տրտունջ, ոչ մի բողոք։ Ասում էր. «Երանի տղա ունենամ, ու զինվոր դառնա»։ Երբ փորձում էի հետ պահել, ասում էր. «Մա՛մ ջան, շուտ հետ եմ գալու, հաղթանակը մերը կլինի, ու մի լավ քեֆ կանենք…»:
Ես միշտ այցելում եմ մեր երեք սրբավայրերը՝ Եռաբլուրը, որտեղ որդիս է, Հաղթանակի այգի, որտեղ հայրս է, և Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք եմ մատուցում իմ նախնիներին։
Արդեն 20 տարի հավաքում եմ ամեն մի մասունք` կապված որդուս հետ։ Գնում եմ, բարձրանում Եռաբլուր, խնամում որդուս գերեզմանը։ Ռաֆիկիս որդին՝ Նարեկը, երբ փոքր էր, ինձ ասում էր. «Տա՛տ, պատմիր հայրիկի մասին»։ Ասում եմ. «Նարե՛կ ջան, հայրիկդ 5 տարի կռվեց, բայց մի դար չի հերիքի նրա հերոսություններից, հայրենասիրությունից պատմելու համար»։ …Թիվ 106 դպրոցում, որտեղ մի դասարան Ռաֆիկիս անունն է կրում, միջոցառում էր։ Երեխաները աղավնիներ էին բերել ու բաց թողեցին դպրոցի կամարների տակ։ Որդուս մեծադիր լուսանկարի առջև երկու մոմեր էին վառվում։ Աղավնիներից մեկը եկավ-նստեց որդուս լուսանկարին։ Այդպես մնաց մինչև միջոցառման ավարտը։ Ողջ դահլիճը զարմանքից քարացել էր։ Երբ ավարտվեց միջոցառումը, աղավնին իջավ լուսանկարից, կտուցով հանգցրեց մոմը և թռավ-գնաց… Մինչ օրս միջոցառման մասնակիցները հիշում են այդ դեպքը… Մի անգամ էլ տղաների` ռազմադաշտ գնալուց առաջ, 7 կգ տաք լավաշ առա, պանիր ու տուն բերեցի։ Գիտեի, որ շուտով ընկերները պիտի հավաքվեն։ Շուտով եկան Գուսանը, Խաչիկը, Սմբատը, Տիգրանը։ Պանիրը լավաշով փաթաթում տալիս էի տղաներին, ինչ ախորժակով էին ուտում։ Տղաս պանիր չէր սիրում։ Հավաքեցի չորացած, ծաղիկ հացը, լցրեցի լավաշի մեջ ու տվեցի որդուս։ Երանությամբ կերավ, փաթաթվեց ինձ. «Ինչ համով էր, մամ»…
Եղել է գիշեր, երբ Եռաբլուրում լուսացրել եմ որդուս հետ զրուցելով։ Եղել է, որ փող չեմ ունեցել ծաղիկներ գնելու որդուս շիրմին այցելելու համար։ Մի անգամ էդպես մոլոր կանգնած էի ծաղկի կրպակի մոտ, երբ ինձ մոտեցավ Մուկուչ պապը. նրա որդին՝ Հարութն էլ հերոս է, թաղված է Եռաբլուրում։
-Արի, Արաքսյա, արի գնանք Եռաբլուր, մեր որդիները մեզ գիտեն։
Ու բարձրանում ենք Եռաբլուր, նրանց ասում. «Սիրելի՛ զավակներ, ներո՛ղ եղեք, այդպիսին էին ժամանակները, դուք չհասցրիք գուրգուրել, սիրել ձեր զավակներին, ձեր հարազատներին, մենք՝ մայրերս, կարոտ մնացինք ձեզ, սակայն ձեր գործը անմահ է, ձեր մահը՝ անմահություն»…:
Արաքսյա մայրը վերհիշում է որդու՝ Ռաֆիկ Սիմոնյանի հերոսական կյանքը, թվարկում հետմահու ստացած նրա շքանշանը, պարգևները՝ «Արիության մեդալ», «Մայրական երախտագիտություն», «Տիգրան Մեծ»…:
Անցնում են տարիները։ Արաքսյա մայրն արդեն 81 տարեկան է։ Ծննդյան օրը հունվարի 28-ն է, Հայոց բանակի ծննդյան օրը։ Եվ այդ օրը Արաքսյա մայրիկը շնորհավորանքի խոսքեր է լսում և այն փոխանցում է Հայոց բանակին. «Ես` որպես զոհվածի մայր, զինվորների տատիկ, շնորհավորում եմ մեր բանակի ծնունդը։ Իմ մայրական օրհնանքները մեր զինվորներին, մեր բանակի ողջ անձնակազմին, մեր գերագույն գլխավոր հրամանատարին, մեր նախարարին, ովքեր Ամանորը դիմավորեցին խրամատում, զինվորի կողքին»։
Արաքսյա մայրիկի 10 թոռներն արդեն ծառայել են հայոց բանակում, ծառայել են պատվով, տատը գոհ է, հպարտ է իր զինվոր թոռներով։
Այսօր Ասպետն ու Էդգարը զինծառայողներ են։ Իր զինվոր Էդգար թոռնիկին ուղղված նամակում Արաքսյա մայրիկը գրում է. «Ես իմ մայրական օրհնանքն եմ ուզում տալ հայրենիքի պաշտպան որդիներիս, թող աշխարհը խաղաղ լինի, թող իմ երկիրը պատերազմ այլևս չտեսնի, թող իմ զավակները ծառայեն խաղաղության մեջ և թող այնքան զգոն և ուշադիր լինեն, որ հանկարծ անփութորեն մայրական արցունքների պատճառ չդառնան, որովհետև ամենածանրը մայրական արցունքներն են։
Աստված թող այնպես անի, որ էս աշխարհի վերջին լացող մայրը ես լինեմ»։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Բանակ և հասարակություն