ԶԻՆՎՈ՛Ր ԴԱՍՏԻԱՐԱԿԵՆՔ
«Այսօր մեր պետության համար շատ կարևոր է դեռևս մանկապարտեզից, դպրոցից երեխաների մեջ սերմանել հայրենասիրություն, հայրենիքի պաշտպանը դառնալու պատրաստակամություն»։
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
Բանակի տոնն այս անգամ յուրօրինակ ձևով նշեցին Արաբկիր վարչական շրջանի N25 մանկապարտեզում։ Մանկապարտեզը հյուրընկալել էր ազգային բանակից վերջերս զորացրված իր նախկին սաներին՝ Ավետիս Վարոսյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Հայկ Մկրտչյանին և Մկրտիչ Յադիգարյանին։
«Հայկական բանակ» երգի խրոխտ հնչյունների տակ զինվորական համազգեստով ու զինվորական քայլքով դահլիճ են մտնում ավագ խմբի երեխաները, ու սկսվում է տոնական հանդեսը։ Հնչում են հայրենասիրական երգեր, արտասանություն։ Փոքրիկները զինվորական թեմաներով հարցեր են ուղղում զորացրված տղաներին, խնդրում պատմել ծիծաղելի դեպքեր բանակային կյանքից։ Հետո արդեն վերջիններս են հարցեր տալիս երեխաներին՝ գիտե՞ն արդյոք մեր դրոշի գույները, զինանշանը… Փոքրիկները ոչ միայն իրենց սահուն պատասխաններով, այլ նաև ֆիզիկական պատրաստվածությամբ են զարմացնում ներկաներին։
-Սիրելի՛ երեխաներ, այս մանկապարտեզում տարիներ առաջ ես էլ եմ ցատկոտել ձեզ պես, հանդեսների ժամանակ զինվորի դեր կատարել։ Հետո մեծացա, զինվորի իսկական համազգեստ հագա, ծառայեցի հայրենիքիս։ Այսօր ես ձեր կողքին հանգիստ սրտով նստած եմ, որովհետև գիտեմ, որ մեր սահմանները հուսալի պաշտպանված են։ Այնտեղ մեր հայ զինվորն է կանգնած և հսկում է մեր բոլորի խաղաղությունը,- ասում է մանկապարտեզի նախկին սան Ավետիս Վարոսյանը, ապա խոսքն ուղղում դահլիճում ներկա գտնվող ծնողներին. «Զինվո՛ր դաստիարակեք։ Կրակել, մարզվել, այս ամենը կհասցնի սովորել ձեր որդին, կարևորը զինվորական ոգով, նժդեհյան գաղափարներով, հայրենիքին տեր և պաշտպան երեխա մեծացնելն է»։
Ջերմ և հուզառատ էր մանկապարտեզի նախկին տնօրեն, բազմավաստակ մանկավարժ Լենա Նարինյանի` իր զինվոր սաներին նվիրված բանաստեղծությունը.
Տարիները եկան, անցան, մանուկները զինվոր դարձան,
Հայրենիքն է նրանց կանչում՝ հայոց հողն են պաշտպանելու,
Մանկապարտեզը հարազատ փայփայել է ձեզ մոր նման,
Որ դուք լինեք ազնիվ ու քաջ, արծվի նման միշտ համարձակ։
Շնորհավոր տոնդ, զինվոր, կանաչ ճամփա, խաղաղ երկինք,
Թող արևը միշտ շողշողա հայ զինվորի փառքի վրա…:
Տիկին Նարինյանը հաճախ է այցելում այն զորամասերը, որտեղ ծառայում են իր նախկին սաները, ուրախանում նրանց ծառայական հաջողություններով. «Հպարտ եմ, որ մեր սաները պատվով ծառայում են հայրենիքին»։
Մանկապարտեզի տնօրեն Ինգա Խաչատուրովան էլ հավելեց. «Վստահ եմ, որ մեր այսօրվա երեխաները կանեն ամեն ինչ, որ իրենց երկրի լիարժեք քաղաքացին լինեն, լավ կսովորեն, բարեխիղճ կծառայեն և կշենացնեն Հայաստան աշխարհը»։
♦♦♦
Նախակրթարանում իրենց գործի նվիրյալներ են աշխատում։ Այստեղ հայ մանուկը շատ մոտ է կանգնած ազգային ակունքներին, գիտի ազգի մեծերին, մեր հերոսներին, նշվում են բոլոր պետական ու եկեղեցական տոները։ Կա նաև հայկական բանակին նվիրված ցուցապաստառ, որտեղ փակցվում են ծառայության մեկնած զինվորների լուսանկարները։
Ծառայած տղաներին մանկապարտեզի կողմից խորհրդանշական հուշանվերներ են հանձնվում։
-Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը։
Դահլիճում թևածում է երեխաների երգը. «Մենք ուզում ենք խաղաղ երկինք, պայծառ երկինք, խաղաղություն»։ Ու տա Աստված` մեր մանուկների ցանկությունը կատարվի։
Հնչում է զինվորական վալսը. նախկին սաները պարում են իրենց դաստիարակների հետ և պարում այնպես սահուն ու թեթև, ինչպես թռչում են տարիները։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Բանակ և հասարակություն