Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽ. ԳԱՐՈՒՆԸ ՁՄՌԱՆ ՄԵՋ



ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ

Զորամասի, այն էլ մարտական հերթապահություն կատարող զորամասի մասին գրելիս աշխատում եմ չգործածել զոհ, կորուստ բառերը, որովհետև նախ դրանք ցավ են պատճառում, ու հետո կա նաև սնահավատության գործոնը. բառը չօգտագործենք, որ դեպքը չլինի։ Բայց, եթե զորամասը մարտական հերթապահությունը մեկ-երկու տարի կատարում է ինչպես հարկն է, ուրեմն այնտեղ գործընթացի կազմակերպումը դրված է ավելի բարձր հիմքերի վրա։

Առաջնագծի պատասխանատու փոխգնդապետ Ե. Գալստյանի, հերթապահություն իրականացնող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ս. Սարգսյանի հետ անցնելով հենակետից հենակետ՝ ձգտում էի տեսնել, գտնել հաջողության գաղտնիքը, որը կարող էր նաև օգտակար լինել մյուս զորամասերի համար։

Հենակետի պատասխանատու, դասակի հրամանատար Թաթուլ Մինասյանը փոխգնդապետ Ե. Գալստյանին զեկուցեց հերթապահության ընթացքի և սահմանում տիրող իրավիճակի մասին։ Հետո եկավ ծանոթության ու մտերմիկ զրույցի պահը։ Դիրքի ավագ, պայմանագրային սերժանտ Արմեն Գրիգորյանն ինձ տարավ առույգ հերթափոխ Վահե Գաբրիելյանի մոտ։

-Էստեղ տափ արած գլուխ ես պահում, հա՞,- կատակով դիմեցի զինվորին։

Զուսպ ծիծաղելով՝ ասաց.

-Այստեղից դուրս գալու իրավունք չունեմ, հենակետի անվտանգությունն եմ հսկում։

-Խոսելու իրավունք ունե՞ս,- հարցրի արթուն հերթափոխ (կապավոր) Մհեր Ազիզյանին։

Վերջինս ասաց, որ իրեն շատ լավ է զգում, ծառայությունն էլ հրաշալի է։ Սերժանտի հետ խրամուղով առաջացանք և հանդիպեցինք դիտորդներ, շարքայիններ Ավետիս Մելքոնյանին ու Վարդան Հովսեփյանին։ Նրանք նույնպես զեկուցեցին իրավիճակի և իրենց առաջադրանքների կատարման մասին։ Պատասխանելով իմ հարցերին՝ տղաները պարզաբանեցին՝ որտեղ պետք է կանգնեն, դիտարկումն ինչպես պիտի կատարեն, որպեսզի հակառակորդն իրենց չտեսնի։ Նրանք նաև ցույց տվին հակառակորդի դիրքերը։ Նույնիսկ հեռադիտակով ադրբեջանցի զինվորներ չկարողացանք հայտնաբերել։

-Թաքնվել են, վախենում են,- ասաց Վարդանը։

Վերադառնալով՝ զրուցեցինք շարքայիններ Արման Մովսիսյանի, Գևորգ Գրիգորյանի, Գոռ Ոսկանյանի և Տարոն Բաղդասարյանի հետ։ Նրանց խոսքից հասկացանք, որ գերադասում են լինել դիրքերում, քան զորամասում։

-Այստեղ հեշտ է, հա՞, զորամասում շա՞տ եք մարզվում։

-Չէ, այստեղ օդն ավելի մաքուր է,- կատակի տալով՝ խոսքը կտուրը գցեց Գոռը։

Այդ ընթացքում եկավ հաց ու սնունդ տեղափոխող մեքենան։ Առիթից օգտվելով՝ տնտղեցինք սննդի պահպանման պահարանները։ Ձու, երշիկ, պանիր, կարագ, պահածոներ, բանջարեղեն, հյութեր… ամեն ինչ կար։

-Սննդի հարցում խնդիրներ չկան, ամեն ինչ էլ ունենք,- ասաց սերժանտ Արմեն Գրիգորյանը։

♦♦♦

Հաջորդ հենակետի ավագը լեյտենանտ Վաչիկ Մելիքյանն է։ Քսանամյա երիտասարդն անցած տարի է ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։

-Գո՞հ ես, որ այստեղ ես,- հարցրի նրան։

-Չեմ դժգոհում, կարող էր եւ ավելի լավ լինել, կամ էլ հակառակը։ Ամեն դեպքում, այստեղ պայմանները բավական լավ են, զորամասում էլ ամեն ինչ կանոնակարգված է:

Դիրքի ավագը սերժանտ Հրաչ Ղաբուզյանն էր։ Ծառայության տասնութ ամիսների ընթացքում նա 12-րդ անգամ էր մարտական հերթապահություն կատարում։ Տարածքը ձևավորված էր:

-Մեզ համար հենակետը հարազատ տան պես է, ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում,- ասաց սերժանտը։

Առույգ հերթափոխը շարքային Սերոբ Մելքոնյանն էր, արթուն հերթափոխը՝ շարքային Արայիկ Վարդանյանը, հանգստացողներն էին շարքայիններ Տիգրան Գևորգյանը, Մուշեղ Կուրղինյանը, Արա Ասատրյանը, Մկրտիչ Վարդանյանը, դիտորդները՝ Արմեն Ներսիսյանն ու Աշոտ Բաղդասարյանը։

-Կրակոցներ կա՞ն,- հարցրի հենակետի ավագին։

-Գրեթե ամեն օր,- ասաց լեյտենանտ Վ. Մելիքյանը,- եթե զգում ենք, որ հենց այնպես, իրենց ներկայությունը հիշեցնելու համար են կրակում, բանի տեղ չենք դնում։ Իսկ եթե կրակոցները մեր ուղղությամբ են լինում, պատասխանում ենք։

-Զինվորները խուճապի չե՞ն մատնվում…

-Ոչ մի դեպքում, նրանք քաջ տղաներ են։

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏՈՒՄ

Մեր հաջորդ կանգառը վաշտի հրամանատարական կետում էր։

Կապիտան Հարություն Հարթինյանը դիրքերում էր։ Պատասխանատուն վաշտի ավագ, ենթասպա Գևորգ Բաղդասարյանն էր։ Նա Ճարտար գյուղից է։ 2002թ. զորակոչվել է պարտադիր ծառայության ու այն ժամանակից միշտ շարքում է, վաշտի հետ՝ միշտ առաջնագծում։ Քիչ հետո եկավ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արսեն Աղաբեկյանը։ Նա էլ էր հենակետերը ստուգում։ Սպասում էինք լավագույն վաշտի հրամանատարին, եւ երբ նա գծային կապով հայտնեց իր տեղը, պարզ դարձավ, որ նրա վերադարձը երկար կտևի, ու որոշեցինք առանց սպասելու առաջանալ՝ մինչև մթնելը հաջորդ հենակետ հասնելու համար։

♦♦♦

Մեզ դիմավորեց և զեկուցեց հենակետի պատասխանատու, պայմանագրային ավագ սերժանտ Գևորգ Աբրահամյանը։ Շարված էր հանգստացող հերթափոխը՝ կրտսեր սերժանտ Տեր-Ներսիսյան Արթուրը, շարքայիններ Ղազարյան Արսենը, Հովհաննիսյան Հակոբը, Ղազարյան Սամվելը։ Արթուն հերթափոխը շարքային Սահակ Մելիքյանն էր, առույգ հերթափոխը՝ կրտսեր սերժանտ Սամվել Հարությունյանը։ Այս հենակետը նույնպես հարմարավետ էր։ Արդեն ծաղկել էին դեղին նարցիսները։ Քիչ հեռվում, կանաչ լեռնալանջին, խաչի տեսքով ծաղիկների սոխուկներ էին տնկել, և խաչն արդեն ծաղկել էր։

-Որտեղի՞ց ես,- հարցրի ավագ սերժանտ Աբրահամյանին։

-Կարմիր Շուկայից։ Ծառայեցի, զորացրվեցի, մի քիչ դես ու դեն ընկա և նորից եկա բանակ։ Բանակից ավելի հարազատ տեղ չկա, մանավանդ Արցախում։

-Տղերքդ ո՞նց են,- գլխով ցույց տվեցի զինվորներին։

-Արտակարգ տղերք են՝ ազնիվ, թասիբով, համարձակ…

Բարձրացանք խրամատ։ Դիտորդները շարքայիններ Ալբերտ Բաբալյանը և Կարապետ Հարությունյանն էին։

Մութն արդեն ընկնում էր, և Կարապետը դիտակետում չէր երևում: Նա օգնեց, որ հեռադիտակով հակառակորդի հենակետերը գտնեմ։ Այստեղ էլ ոչ մի շարժ, մարդ-մուրդ չերեւաց։

-Չեն երևում, բայց պետք է ուշադիր լինել, թշնամին նենգ է, նրան չպետք է թերագնահատենք,- ասաց Կարապետը։

Առույգ հերթափոխ, կրտսեր սերժանտ Սամվել Հարությունյանին խնդրեցինք լուսանկարվելու համար դուրս գալ դիտակետից։ Պարզվեց՝ բարձրահասակ, հաղթանդամ երիտասարդ է, ջոկի հրամանատար։ Հարցրի հարազատների մասին, ասաց, որ ունի քույր, եղբայր, ծնողները զինվորական երդման ժամանակ են եկել զորամաս ու իր համար չեն անհանգստանում։ Իսկ հակառակորդի մասին ասաց.

-Նրանք միշտ հարմար պահ են որոնում, որ կրակեն, հարձակվեն, բայց մենք մեր տեղում ենք ու հաջողությամբ չեզոքացնում ենք նրանց բոլոր սադրանքները։

ԱՄՓՈՓՈՒՄ

Պետք է նշեմ, որ առաջնագծի ճանապարհները բավական լավ ու անվտանգ էին։ Փոխգնդապետ Ե. Գալստյանն էլ հավաստիացրեց, որ պարբերաբար նորոգվում են։ Մեր եղած բոլոր հենակետներում առույգ հերթափոխի համար կառուցված էին առանձին դիտակետեր, ինչն ավելի անվտանգ ու ապահով էր դարձնում հերթափոխի կողմից ծառայության կատարումը։ Դիտարկման ինքնաշեն սարքը տեսնում էի առաջին անգամ։ Դրա ճիշտ կիրառման դեպքում, իրոք, հնարավոր է նվազեցնել վտանգի աստիճանը։ Ինժեներական առումով, դիտակետերը լավ քողարկված էին, դիտարկումը կատարում էին փոքր ճեղքերից, խրամուղիները խորն էին ու անվտանգ։

Այնուամենայնիվ, զգացվեց, որ այստեղ ամենակարևորը ծառայողական կարգապահության պահպանումն է։ Իսկ հրամանատարական կազմից առաջնագծում այսքան շատ սպաների ներկայությունը վկայում էր մշտական վերահսկողության մասին։

-Զինվորները գիտեն, որ մենք օրվա բոլոր ժամերին առաջնագծում ենք, իրենց կողքին, և չեն թուլացնում զգոնությունը։ Թշնամին զորեղ չէ, բայց նրան արհամարհելն էլ ճիշտ չէ,- ասաց փոխգնդապետ Ա. Աղաբեկյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/02/2013