Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ



ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` հունվարի 22-26-ը գեներալ-մայոր Պ. Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման զորամասերից մեկի բազայի վրա անցկացվեցին հրամանատարական հավաքներ զորամիավորման զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ: Հավաքների հիմնական նպատակը հրամանատարական կազմի գիտելիքների եւ նրանց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման կատարելագործումն էր: Միջոցառումն սկսելուց առաջ անցկացվեց մասնակիցների շարային ստուգատես, որը փաստեց` բոլոր սպաները պատրաստ են տվյալ հավաքներին: Հաջորդ առավոտյան սկսվեցին ուսումնական պարապմունքները: Հարկ է նշել, որ հավաքների ծրագիրը հագեցած էր և՛ տեսական, և՛ գործնական պարապմունքներով: Թեմաները հատուկ էին ընտրվել` հաշվի առնելով զինված ուժերի ամենօրյա կենսագործունեության ժամանակ զարգացման առաջնահերթությունները: Իսկ այդպիսի ուղղությունները բազմազան են, քանի որ զորամասային բոլոր օղակներում հիմնական շեշտը դրվում է ծառայության բարելավման վրա: Իհարկե, մեկ նյութի մեջ հնարավոր չէ անդրադառնալ բոլոր պարապմունքներին, ուստի կխոսենք դրանցից մի քանիսի մասին միայն:

Առաջին օրը հավաքի մասնակիցների հետ անցկացվեց թռուցքահավաք, որի ժամանակ քննարկվեց պաշտպանական մարտի կամ ռազմերթի նախապատրաստությունը: Հրամանատարներին ներկայացվեցին որոշակի հավանական մարտական իրավիճակներ, և մասնակիցները իրենց խմբերի ղեկավարների ցուցումներով որոշում կայացրին, ձևակերպեցին մարտի մտահղացումը: Այս կամ այն իրավիճակը անպայմանորեն նշվում էր քարտեզի վրա, քանի որ հենց քարտեզով առաջնորդվելու կարողությունից է հաճախ կախված մարտը շահելու հաջողությունը: Պակաս կարևոր չէ նաև ղեկավար փաստաթղթերի ճիշտ իմացությունն ու մշակումը: Մի քանի դասաժամ էլ հատկացվեց այս թեմային` առանձնացնելով գաղտնի և ոչ գաղտնի փաստաթղթերի հետ աշխատանքը:

Առանձնակի ուշադրություն էր դարձվել հետախուզական պատրաստությանը: Պարապմունքները անցկացրեց զորամիավորման հետախուզության պետը: Նա ընդգծեց, որ ներկայացվող թեմաները և հետախուզական ստորաբաժանումների մարտավարության սցենարները լոկ հավանական իրավիճակների մի մասն են միայն: Նրա խոսքով՝ տեղանքի որոշակի հատվածներում հնարավոր չէ կռահել հետախույզի գործողությունների ընթացքը, և հակառակորդի հետախուզությունը խափանելու միակ հուսալի միջոցը ամենօրյա աչալուրջ ծառայությունն է բոլոր օղակներում` հրամանատարից մինչև դիրքապահ զինվոր: Այդ դեպքում հաստատ հակառակորդը մի քայլ անգամ առաջնագծում չի կարողանա անել: Տվյալ թեմայի շրջանակներում զորային հրաձգարանում վերարտադրվեց հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ցուցադրական ներթափանցումը, նաեւ մարտական գործողությունների վարման հավանական զարգացումը հենակետի տարածքում: Ցուցադրական պարապմունքը իրականացնում էր զորամիավորման հետախուզական խումբը, որը, ի դեպ, 2012թ. արդյունքներով լավագույնն է ճանաչվել զինված ուժերում: Խմբի տղաները կոնկրետ օրինակով ցույց տվեցին, թե ինչպես կարելի է օգտվել դիտորդի անփութությունից, տեղանքի առավելություններն օգտագործելով՝ մոտենալ հենակետին եւ ճանապարհ բացել ականապատ դաշտի միջով: Մնացածը, ինչպես ասում են, փորձառու և լավ մարզված հետախույզի համար խաղ ու պար է: Փորձը ցույց է տալիս, որ հենակետի տարածք մուտք գործելուց հետո դիվերսիոն խմբին վնասազերծելը չափազանց բարդ է: Այնպես որ, ավելորդ գլխացավանքից խուսափելու համար, ամեն ինչ պետք է արվի հենակետի տարածք թշնամու մուտքը կանխելու համար:

Հաջորդ օրը սպաների ստուգարքներ անցկացվեցին: Համապատասխան ծառայությունների ղեկավարները ստուգեցին նրանց ֆիզիկական և շարային պատրաստության աստիճանը: Բացի այն, որ հրամանատարը զորամասում պետք է կարողանա ճիշտ կազմակերպել ուսումնական գործընթացը, նա իր շարային ձիգ կեցվածքով, ֆիզիկական գերազանց տվյալներով պետք է օրինակ հանդիսանա ենթակաների համար: Վազքից և ձգումներից հետո բոլոր մասնակիցների հետ ձեռնամարտի պարապմունքներ անցկացվեցին: Համալիր վարժությունները, տարբեր հնարքները` զենքով, բահով և այլն, գնահատվում են տեսչական ստուգումների ժամանակ, դրանց իմացությամբ է պայմանավորված ձեռնամարտ վարելու ընդհանուր կարողությունը:

Օրը հագեցած էր նաեւ գործնական դասաժամերով: Հավաքի մասնակիցները մեկնեցին զորամասերից մեկի պատասխանատվության գոտում գտնվող մարտական հենակետ և հենց առաջնագծում ծանոթացան մարտական հերթապահության իրականացման օրինակելի ձևերին: Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վ. Վարդանյանը մանրամասն ներկայացրեց հենակետը նման ձևով կահավորելու անհրաժեշտությունը, ապա դիրքի ավագի, դիտորդի հետ միասին ուսումնական տագնապ հայտարարեց: Հենակետի անձնակազմը կատարեց սահմանված գործողությունները տարբեր իրավիճակներում` պաշտպանական բնագծի զբաղեցում, շրջանաձև պաշտպանություն և այլն: Ապա զորամիավորման ինժեներական ծառայության պետը տվյալ դիրքի օրինակով ցույց տվեց օրինակելի դիտակետը, նորմացույցով կառուցված խրամուղիները, ընդհանուր պաշտպանության համար անհրաժեշտ, բայց տվյալ պահին չօգտագործվող խրամուղիները հնարավոր ներթափանցումից անվտանգ դարձնելու միջոցները, տեղանքի հնարավորությունները օգտագործելով ականադաշտեր, փշալարեր և արգելապատնեշներ տեղադրելու եղանակները: Ցուցադրությունը առավել քան ուսուցողական և համոզիչ էր, քանի որ հենակետը բոլորովին վերջերս է նորոգվել և ամբողջությամբ համապատասխանում է սահմանված նորմացույցներին:

Իհարկե, նորմացույցը պահպանելը կարևոր պայման է, սակայն պակաս կարևոր չէ հերթապահություն իրականացնող զինվորի բարոյահոգեբանական վիճակը: Թեթևակի շեղումների դեպքում անգամ կվտանգվի ողջ հենակետի, հետևաբար նաև սահմանագծի տվյալ տեղամասի անվտանգությունը: Հենց այս խնդիրների վերհանմանն ու բացառմանն էին նվիրված մարտական պատրաստության, բարոյահոգեբանական աշխատանքների պլանավորման մեթոդիկայի, ինչպես նաեւ նորակոչիկների հոգեբանական վիճակի ամրացման և նրանց հետ տարվող աշխատանքների նշանակության, ինքնախեղումների կանխարգելման մասին պարապմունքները, որոնք անցկացրեց զորամիավորման հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Ս. Թորիկյանը: Նա կոնկրետ օրինակներով բացատրեց զինվորի և սպայի հոգեբանական կայուն և առողջ վիճակի դերակատարումը: Ի հավելումն, հրաձգարանի տարածքում զինծառայողների հոգեբանական պատրաստության գործնական պարապմունքներ անցկացվեցին: Այսինքն` զինծառայողները դասակի կազմով ուսումնական արգելագոտի հաղթահարեցին` անցնելով վառվող-պայթող կետերով և գտնվելով պայմանական հակառակորդի մշտական կրակի տակ: Մեզ վստահեցրին, որ նման վարժանքներից հետո նույնիսկ անփորձ զինվորը հոգեբանորեն պատրաստ է կանգնելու դիրքերում կամ գնալու մարտի:

Անցկացվեցին պարապմունքներ նաև տեխնիկական պատրաստության թեմաներով: Մասնակիցներին ցույց տրվեց, թե ինչպես է կազմակերպվում տեխնիկայի հսկիչ զննումը հավաքակայանից դուրս գալուց առաջ և ճանապարհին, ինչպես նաև տեխնիկական ապահովումը մարտի նախապատրաստման և վարման ժամանակ:

♦♦♦

Հավաքի վերջին օրը տեղի ունեցավ արդյունքների ամփոփում, ապա՝ զորամիավորման ռազմական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին հրամանատարական պատրաստության կազմակերպման որակական բարձրացման հարցեր: Մեր խնդրանքով հավաքի արդյունքների մասին խոսեց զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վ.Քոչարյանը:

-Մարտական պատրաստականության բարձրացման պլանով նախատեսված նմանատիպ հավաքները հրամանատարական պատրաստության կարևորագույն գործոններից են, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել: Թվում է՝ առաջին հայացքից թեմաների գերակշռող մասը պետք է քաջ ծանոթ լինի մասնակիցներին` զորամասերի հրամանատարներին ու նրանց տեղակալներին: Ինչ խոսք, այդպես էլ կա, սակայն հավաքների ընթացքում մենք ավելի խոր եւ համակողմանի ենք անդրադառնում դրանց: Փորձում ենք ցույց տալ, թե ինչ եղանակով կարելի է հասնել այս կամ այն խնդրի ավելի արագ և արդյունավետ լուծմանը, նաև խուսափել անխուսափելի թվացող սխալներից: Մենք օգնում, ուղղորդում ենք հրամանատարներին իրենց իմացածը զարգացնելու գործում: Առավել կարևոր թեմաների շուրջ պարապմունքներ ենք անցկացնում, որոնք նախապես քննարկվելուց հետո են միայն ընտրվում: Ցուցադրական, մեթոդական պարապմունքների կատարմամբ գործնական հմտություններ ենք փոխանցում հրամանատարներին, որպեսզի նրանք էլ իրենց սովորածը փոխանցեն ենթականերին, այսինքն` վերևից ներքև գիտելիքների շղթայական փոխանցում ենք ապահովում:

Դրա համար էլ հավաքը ուսումնական փուլի սկզբում է, որով էլ ինչ-որ չափով նոր լիցք ենք հաղորդում հրամանատարներին կարևորագույն ուղղություններով, որ նույն ճիշտ ուղղությամբ ուսուցումն ընթանա արդեն իսկ տեղերում` զորամասերում: Բացի այդ, պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի հրամաններ, փաստաթղթեր կան, որոնց կատարման ձևերին ենք ծանոթացնում տեղերում կիրառելու նպատակով: Բնականաբար, զինված ուժերը զարգանում են, և նմանատիպ հավաքները հետզհետե հարստանում են նոր թեմաներով, կատարման նոր եղանակներով: Հավաքից հավաք փորձում ենք նոր մոտեցումներ, նոր մեթոդներ շտկել` հաշվի առնելով զինված ուժերի համապատասխան ծառայությունների կուտակած փորձը, մեր զորամիավորման ենթակա զորամասերի անձնակազմի ծառայական պահանջներն ու տվյալ զորամասերում ծառայության կազմակերպման առանձնահատկությունները: Զորամասերի գրանցած ցուցանիշները, կարծում եմ, հնարավորություն են տալիս ասելու, որ, ի վերջո, հավաքները հասնում են իրենց գլխավոր նպատակին` բարձրացնում են հրամանատարական կազմի գիտելիքների մակարդակը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/02/2013