ԱԹԵՆՔՈՒՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՏՈՆՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 21-ԱՄՅԱԿԸ
Միջոցառմանը ներկա էին Հունաստանի ազգային պաշտպանության գերագույն շտաբի պետը եւ բարձրաստիճան հրամանատարության ներկայացուցիչները
Հունվարի 28-ին, ժամը 19-ին Հունաստանի զինված ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում կազմակերպվեց ՀՀ ԶՈՒ կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա էին մոտ 300 հրավիրյալներ:
Հյուրերին ողջունել և զինվորական պատիվներով են ընդունել Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները, որոնց ընկերակցել են «Արարատ» մարզամշակութային միության արի-արենույշները: Առանձնահատուկ զինվորական պատիվներով են ընդունվել Հունաստանի ԱՊ ԳՇ պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսը, նրա տեղակալ, ՌԾՈՒ փոխծովակալ Էվանգելոս Ապոստոլակիսը, Հունաստանի ՑԶ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Կոնստանտինոս Գինիսը, հունական նավատորմի հրամանատար, փոխծովակալ Կոնստանտինոս Մազարակիս-Էնյանը, ԱՊ ԳՇ պատվավոր պետ, պահեստազորի գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը:
Միջոցառումը սկսվել է ազգային օրհներգերով, հայ և հույն կուրսանտների կատարմամբ: Օրվա խորհրդի` ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես է եկել ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը:
Այնուհետև բեմ է հրավիրվել ԱՊ ԳՇ պետը, որին հանձնվել է ՀՀ ԶՈՒ զինանշանով հուշատախտակ: Իր ելույթում վերջինս ընդգծել է, որ հայ-հունական ռազմական համագործակցությունը պետք է է՛լ ավելի զարգանա՝ ի շահ երկու եղբայր երկրների ու ժողովուրդների:
Հաջորդաբար ՀՀ ՊՆ ընթերցված հրամանագրի համաձայն, Հունաստանի ԱՊ ԳՇ պետի մասնակցությամբ հանդիսավոր պայմաններում կայացավ հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում իրենց անձնական ավանդը ներդրած բարձրաստիճան հույն սպաների պարգևատրումը ՀՀ ԶՈՒ հոբելյանական մեդալներով: Պարգեւատրվեցին գեներալ-մայոր Իլիաս Լեոնտարիսը, ՑԶ «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդրոս Իկոնոմուն, ՑԶ ԳՇ 3-րդ գլխավոր դիրեկտորատի պետ, բրիգադի գեներալ Պանայոտիս Կապերոնիսը, Աթենքի Պատերազմական թանգարանի տնօրեն, բրիգադի գեներալ Էվանգելոս Կոնստասը, ԱՊ ԳՇ Միջազգային հարաբերությունների դիրեկտորատի պետ, բրիգադի գեներալ Արիստիդիս Կորեասը, ԱՊ ԳՇ Կրթական դիրեկտորատի պետ, բրիգադի գեներալ Կոնստանտինոս Պաղուրոպուլոսը, Մարտական ապահովման սպաների ռազմական դպրոցի (Սալոնիկ) պետ, բրիգադի գեներալ Խրիստոս Կարյոտիսը, ՑԶ «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պետի տեղակալ:
Հանդիսությունը առավել կարեւորվում էր հույն բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչների` Հունաստանի ԱԳՆ Եվրոպական հարաբերությունների գլխավոր քարտուղարի, դ-ր Արիստիդիս Կալոգերոպուլոս-Ստրատիսի, Հունաստանի խորհրդարանի հայ-հունական բարեկամության խմբի անդամ, ներքին գործոց նախկին նախարար Պրոկոպիս Պավլոպուլոսի, խորհրդարանի պատգամավոր Անաստասիոս Ներանձիսի, ԱՊ և զորատեսակների` ՑԶ, ՌՕՈՒ և ՌԾՈՒ ԳՇ-ների հրամկազմի, ԱՊՆ, ԱՊ և զորատեսակների ԳՇ վարչությունների պետերի` իրենց սպաների և կանանց հետ, ՑԶ ռազմական ակադեմիայի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի` տեղում ուսանող հայ, հույն և կիպրացի կուրսանտների ուղեկցությամբ, Ռազմաօդային ուժերի գլխավոր տեսուչ, ՌՕՈՒ գեներալ-մայոր Կոնստանտինոս Զագգոյաննիսի ներկայությամբ:
Ներկա էին նաև Հունաստանում Արգենտինայի, Սերբիայի, Խորվաթիայի, Իրաքի, Մոլդովայի, Ղազախստանի դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցիչները` դիվանագիտական կորպուսի դուայեն, Արգենտինայի դեսպանի գլխավորությամբ, Հունաստանում հավատարմագրված ռազմադիվանագիտական կորպուսը` հանձինս ՌԴ, ԱՄՆ, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Սերբիայի, Բուլղարիայի, Նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության, Ալբանիայի, Եգիպտոսի, Իրանի ռազմական, զինվորական, ՌՕՈՒ, ՌԾՈՒ և սպառազինության կցորդների, նրանց օգնականների, ռազմադիվանագիտական կորպուսի դուայեն, Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդի գլխավորությամբ, ՀՀ-ում պաշտոնավարած հույն ռազմական կցորդներ, Հունական ՌԱՀ ընկերությունների ներկայացուցիչներ, այն է` «Ինտրակոմ», «Էլմոն», «Էլֆոն», հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ կուրսանտների ուսումնառությանն օժանդակող «Երևան» խնամակալ միության ներկայացուցիչներ, Փոքրասիական հույների, պոնտական և ասորական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Հայաստան» լրատու ցանց, Աթենք, 30.01.2013 թ.
Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Բանակ և հասարակություն