Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ



Հրամանատարների զգոնության ցանկացած թուլացում, պարտականությունների կատարման թերացում անմիջապես բացասաբար է անդրադառնում կարգապահության վրա: Եթե մեր բանակում այդպիսի սպաներ չլինեին, պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ավելորդ կհամարեր «նորից հիշեցնել կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների շարունակականության անհրաժեշտության մասին» և պահանջել, որ բոլոր զինծառայողները հասկանան իտալական միջնադարյան իմաստությունը՝ «Չկա ավելի վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը»:

Ինչո՞ւ է կարգապահության պահպանումը հրամանատարներից մշտական լարում, հետևողականություն պահանջում, ինչո՞ւ կարգապահություն չի հաստատվում ինքնըստինքյան: Թերևս այն պատճառով, որ բոլոր մարդիկ՝ որպես ազատ կամք ունեցող էակներ, ի բնե հակված են դիմադրելու վարքի պարտադրված նորմերի պահպանմանը: Ուստի, կարգապահություն հաստատել նշանակում է հաղթահարել այդ դիմադրությունը և հրամաններին հնազանդվելը բազմակի կրկնության միջոցով վերածել ենթագիտակցական սովորության:

Ցավոք, ոչ բոլորն են հասկանում, որ այդ սովորությունը ոչ այնքան հրամայողների, որքան ենթարկվողների անվտանգության համար է: Գարեգին Նժդեհի խոսքով՝ «բանակների ճակատագիրը որոշողը այսօր էլ, վաղն էլ և հավիտենապես կմնա մարդկային (ասել է թե` մարտական) ոգին», որը կապված է նաև կարգապահության որակի հետ: Բրիտանական բանակի ֆելդմարշալ, վիկոնտ Ուիլյամ Ջոզեֆ Սլիմը (1891-1970) բերում է հետևյալ օրինակը. ջունգլիներում անկանոն բախումների ժամանակ զինվորի համար գլուխ պահելուց հեշտ ոչինչ չկա. վախկոտը կարող է թաքնվել, նահանջողը կարող է աննկատ դուրս գալ մարտից, իսկ հետո վերադառնալ ու երդվել, որ ոչ մի տեղ չի գնացել: Պարեկային ջոկի հրամանատարը կարող է իր մարդկանց հետ մեկ մղոն առաջ գնալ, հետո վերադառնալ և զեկուցել այն, ինչ խելքին կփչի՝ ո՞վ է ստուգելու: «Եվ միայն կարգապահությունը, այլ ոչ թե պատիժը կարող է վերջ դնել նման դեպքերին,- գրում է Ու.Սլիմը:- Մարդը ենթարկվում է այդ կարգապահությանը, որովհետև չի ցանկանում դավաճանել իր ընկերներին: Կարգապահությունը ստիպում է ժամապահին, որի մարմնի յուրաքանչյուր բջիջ հանգստի մասին է երազում, կզակը հենել սվինի ծայրին, որովհետև նա գիտի՝ եթե քունն իրեն հաղթի, իր պատճառով կվտանգվի ճամբարում եղածների կյանքը: Միայն կարգապահությունը կարող է ստիպել համաճարակի դեպքում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, հակառակ դեպքում՝ հաշվված օրերի ընթացքում կարելի է կորցնել մի ամբողջ բանակ»: Այս խոսքերը միանգամայն հասանելի են նաև հայ զինվորի ու սպայի համար, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում:

Կարգապահությունն օգնում է հաղթահարելու վախը, որից զերծ չէ ոչ մի ողջամիտ մարդ: «Կարգապահությունը նրա մեջ ծնում է ինչ-որ վերացական արիություն, որը տղամարդկային արժանապատվության և ընկերների նկատմամբ պատասխանատվության զգացման հետ մեկտեղ հաղթանակի երաշխիք է»,- գրում է ԱՄՆ բանակի գեներալ, ռազմական մեծ գործիչ Ջորջ Սմիթ Պատտոն-կրտսերը (1885-1945): Նա իրավացի է, քանի որ մարդկանցից քչերն են ի բնե խիզախ, մինչդեռ, ինչպես նկատել է իտալացի քաղաքական և ռազմական գործիչ Նիկոլո Մաքիավելլին, «հարկ եղած կարգուկանոնն ու փորձը շատերին է խիզախ դարձնում»՝ այդ որակը վերածելով ասես նրանց երկրորդ բնավորության, որի շնորհիվ նրանք ունակ են լինում դիմանալու մարտադաշտի բարոյալքող տեսարաններին: Հետևաբար՝ բանակը պետք է հիմնվի ոչ այնքան զինվորների խիզախության վրա (որը ծանր իրավիճակներում շատերին կարող է լքել), որքան՝ կարգապահության: Դա է խուճապը կանխելու միակ միջոցը:

Կարգապահության գլխավոր նպատակներից մեկը զգոնություն դաստիարակելն է: Դրան նպաստում է շարային պատրաստությունը: «Դանդաղամիտ զինվորը, որը չի կարողանում նույնիսկ ճիշտ պատվի առնել, հեշտությամբ զոհ կդառնա հակառակորդի համար»,- գրում է գեներալ Պատտոն-կրտսերը:

Վերջապես, կարգապահությունը որակական առավելություն է տալիս բանակին, ինչի վերաբերյալ դիպուկ համեմատություն է արել Նապոլեոնը. «Երկու մամլուք կարող են երեք ֆրանսիացու հախից գալ, բայց ֆրանսիական հեծելազորի հարյուրյակը չի վախենա նույնքան մամլուքներից, իսկ հազար ֆրանսիացիները կջարդեն մեկուկես հազար մամլուքների»:

Ասվածից ակնհայտ է, որ կարգապահությունը հայոց բանակի այն որակներից մեկը պետք է լինի, որով չեզոքացվելու է հակառակորդի թվական գերազանցությունը: Լինել թշնամուց ավելի կարգապահ նշանակում է ունակ լինել ասիմետրիկ (անհամաչափ) հակահարված հասցնելու նրան:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Ազգային բանակ


07/02/2013