Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԵՐԸ ՉԵՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ



Արցախյան պատերազմի տարիներին հայկական կամավորական ջոկատների, այնուհետև կազմավորման ընթացքի մեջ գտնվող զորամասերի համար բավարար քանակով զրահատեխնիկա, տանկ ունենալը անիրականանալի երազանք էր թվում, որի իրականացման միակ աղբյուրը թշնամու բանակն էր։ Տղաները դրանք խելամտորեն կա՛մ առգրավում էին, կա՛մ էլ խփում, հետո նորոգում ու օգտագործում։

Իսկ այժմ, պատերազմից մոտ 20 տարի անց, զրահատանկային զորքերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ամենահզոր զորատեսակն են՝ պատրաստ խորտակելու ցանկացած ագրեսիա, ճեղքելու ցանկացած պաշտպանություն։

Զորամասերից մեկը, որը կրում է ԽՍՀՄ զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի անունը, 2012թ. ճանաչվել է պաշտպանության բանակի լավագույն զորամաս ու միաժամանակ՝ լավագույն տանկային զորամաս։ Վերջին յոթ տարիներին այն գործում է Արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկի՝ գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ։

♦♦♦

Զորամասը կազմավորվել է հրադադարից անմիջապես հետո՝ տանկային ուսումնական գումարտակի բազայի վրա, ունի մարտական և ուսումնական ստորաբաժանումներ, սպասարկման ամուր բազա։ Զորամասը համալրված է մասնագիտական բարձրագույն կրթություն ստացած երիտասարդ և ազատամարտի բովում թրծված փորձառու տանկիստներով։ Բարձր հիմքերի վրա են ռազմական ուսուցումն ու կարգապահությունը, ինչպես նաև ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ընկերական հարաբերությունները։

Զորամասն ունի իր փողային նվագախումբը, գեղարվեստական ինքնագործունեության խումբը, գործում են հասարակական խորհուրդները։ Զինվորների ուժերով պատրաստվում և տպագրվում է «Զրահ» թերթիկը։ Ամուր է կապը հանրապետության հասարակական կազմակերպությունների, Հայրենական մեծ պատերազմի և ազատամարտի վետերանների, ՀՀ և ԼՂՀ մշակութային կազմակերպությունների, առանձին գործիչների, տարածաշրջանի մի շարք դպրոցների հետ։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Նա զորամասի մարտունակության երաշխավորն է և հսկայական նպաստ ունի պարբերաբար նորացվող անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության բարձրացման գործում։ Լինելով փորձառու և ուժեղ անհատականություն՝ կարող է մարդկանց համախմբել, առաջնորդել։

♦♦♦

Գնդապետ Ժիրայր Պողոսյանը ծնվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 1991թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և համալրել գյուղի ինքնապաշտպանական ջոկատի շարքերը։ Հետագայում, երբ ջոկատների միավորումով ստեղծվում է գումարտակ, ձեռք են բերվում առաջին երկու տանկերը, Ժիրայրը տեսնելով դրանց հզորությունը, որոշում է դառնալ տանկիստ ու կռիվը շարունակում է գումարտակի ձևավորվող տանկային վաշտում։ Այդ ընթացքում նա մասնակցում է հարազատ գյուղի, այնուհետև շրջանի, Հադրութի պաշտպանական գործողություններին, որից հետո նաև Ֆիզուլիի, Աղդամի (Ակն), Հորադիզի կրակակետերի ոչնչացման ու ազատագրման համար մղված մարտերին։ 1993թ. նրան նշանակում են դասակի հրամանատար և շնորհում լեյտենանտի կոչում։ Հրադադարից հետո, երբ կազմավորվում էր տանկային զորամասը, Ժիրայր Պողոսյանը նշանակվում է վաշտի հրամանատար, իսկ մեկ տարի անց՝ գումարտակի հրամանատար։ Հետագայում սովորում է ՌԴ համազորային ակադեմիայում, որն ավարտում է գերազանցության դիպլոմով։ Վերադառնալով հայրենիք՝ հարազատ զորամասում նշանակվում է շտաբի պետ, իսկ ավելի ուշ՝ հրամանատար։

Գնդապետ Ժիրայր Պողոսյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով և այլ գերատեսչական պարգևներով։ Ամուսնացած է, ունի երեք որդի, ինչպես ինքն է ասում՝ տանկային մեկ անձնակազմ։

Եղբայրը՝ վաշտի հրամանատար Հրայր Պողոսյանը, որ զոհվել է Արցախյան ազատամարտում, նույնպես «Մարտական խաչի» ասպետ է։

♦♦♦

Գնդապետ Պողոսյանի հետ զրուցելիս նկատեցի, որ հաճախ է օգտագործում «իմ զինվորները», «իմ սպաները», «իմ զորամասը» արտահայտությունները, ինչը շատ բնորոշ է համարձակ, ինքնավստահ ու սրտացավ մարդուն, հրամանատարին։ Զրույցի ընթացքում նա նշեց, որ անցած 2012 թվականը ռազմական նշանակալի միջոցառումներին մասնակցելու առումով բացառիկ էր իր զորամասի համար։ Միայն զորահանդեսի մակարդակով մայիսյան եռատոնի նշումը, նախապատրաստական ծավալուն աշխատանքները լուրջ ազդեցություն են թողել մարտական պատրաստության, մարտունակության կատարելագործման վրա։ Կատարվել են ծավալուն մեքենավարման, մարտական հրաձգության գործնական պարապմունքներ։ Հրամանատարը նաև առանձնացրեց 2012թ. մայիսի վերջին բանակի բարձրագույն հրամանատարության կատարած հանկարծակի գիշերային ստուգումն ու մարտական տագնապը.

-Գիշերվա ժամը 3-ին զորամասը բերվեց բարձր մարտական պատրաստականության աստիճանի, և ստորաբաժանումները դուրս բերվեցին իրական մարտական գործողության շրջաններ։ Եղանակային պայմանները ավելի վատ չէին կարող լինել. տեղում էր հորդառատ անձրև, գետերը վարարել էին ու գոյացրել բազմաթիվ խոր ջրարգելներ, որոնք տանկերից ավելի բարձր էին։ Նման ջրանցումների ժամանակ խլացուցիչներին սովորաբար ամրացվում են բարձր խողովակներ, որպեսզի ծուխն ու գազերն անարգել դուրս գան։ Բայց իմ տանկիստները վարարած գետերն ու ջրափոսերն անցան սրընթաց, առանց այդ խողովակների։ Նույնիսկ վերադաս հրամանատարներն ու մասնագետներն էին զարմացել։ Մեխանիկ-վարորդները և ընդհանրապես ողջ անձնակազմը գրանցեցին բարձր արդյունքներ։ Բանակի հրամանատարությունը համոզվեց, որ մենք առաջադրանքները շատ բարձր մակարդակով կարող ենք կատարել ոչ միայն ասֆալտի վրա՝ զորահանդեսի ժամանակ, այլև ցանկացած տեղանքում, նույնիսկ ամենավատ բնակլիմայական պայմաններում։

Ուսումնական տարվա ընթացքում հետևողականորեն իրականացրել ենք մարտական պատրաստության ծրագրի բոլոր պահանջները՝ տանկահրաձգարանային մարզումները, մեքենավարումը, կրակային, մասնագիտական, մարտավարամասնագիտական բոլոր պարապմունքները։ Հոկտեմբերի մեկից ներգրավվել ենք համաբանակային հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժության մեջ։ Ռազմերթով դուրս ենք եկել կենտրոնացման շրջաններ, բացազատել ենք ղեկավարման կետերը, ստորաբաժանումներն առաջադրանքներ են կատարել մարտական կիրառման իրավիճակում։ Վերջում բանակային հակահարվածային խմբավորման հետ անցկացրինք մարտավարական խոշոր զորավարժություն, որին ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Զորավարժության ժամանակ կրակային խոցման արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները։ Ավարտին տանկային անձնակազմերը հանդես եկան հետաքրքիր ցուցադրումներով՝ տանկային դեֆիլեով կամ շարանցումով։ Պարգևատրման ժամանակ զորամասին վերահանձնվեց մարտական դրոշը։ Լավագույնի պատվին զորամասն արժանացել է այս երեք խոշոր միջոցառումների՝ զորահանդեսի, հանկարծակի ստուգման, զորավարժության, ինչպես նաև հուլիս ամսին պաշտպանության բանակի հանձնաժողովի ընդունած քննությունների արդյունքներով։

…ԻՆՉՊԵՍ 20 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Զորամասի հրամանատարը գոհ է 2012թ. արդյունքներից, քանի որ պլանավորված բոլոր ծրագրերը իրականացվել են։ ՊԲ տանկիստների մրցույթում առաջին և երկրորդ տեղերը գրավել են իրենց անձնակազմերը։ Գնդապետ Ժ. Պողոսյանը չանտեսեց նաև առկա թերությունները, բայց նշեց, որ դրանք աշխատանքային են ու ենթակա են վերացման։ Կարևորն այն է, որ չկան այնպիսի խնդիրներ, որոնք ազդեն մարտունակության, մարտական պատրաստության ծրագրի իրականացման վրա։

-Չունենք ոչ մի անսարք ռազմական տեխնիկա, սպառազինության միջոց, մարտին անպատրաստ զինվոր և ստորաբաժանում։ Ընդհակառակը՝ առկա բոլոր միջոցները հաստատուն նախադրյալ են վստահորեն բարձրաձայնելու, որ պատրաստ ենք իրականացնելու մեր պետության, մեր ժողովրդի պաշտպանությունը։ Բայց և պետք է նշեմ, որ մեր բանակը միայն պաշտպանվելու համար չէ։ Զրահատեխնիկան սիրում է շարժում, առաջընթաց, և մենք կապահովենք այդ շարժումը, կոչնչացնենք այն բոլոր կրակակետերը, որտեղից կկրակեն մեր ուղղությամբ, ինչպես արել ենք քսան տարի առաջ։ Այդ խնդրի իրականացման համար կան և՛ մարտական գործողությունների հարուստ փորձ ունեցող մասնագետներ, և՛ խիզախ ու բանիմաց երիտասարդներ։

♦♦♦

Ավելացնենք, որ զորամասի հրամանատարի տեղակալները «Մարտական խաչի» ասպետներ են։ Նրանք, ինչպես նաև ստորաբաժանումների բոլոր հրամանատարները 2012թ. եզրափակել են «լավ» գնահատականով։ Բայց մարտական պատրաստությունից բացի, հաշվի առնելով ծառայության կազմակերպման, անվտանգության ապահովման, կարգապահության, զորքերի ծառայության կազմակերպչական, ստորաբաժանումների ղեկավարման և այլ հարցեր անցնող տարվա լավագույն գումարտակ է ճանաչվել փոխգնդապետ Գարիկ Սևիկյանի գումարտակը։ Այս նույն գումարտակը ՊԲ-ի արդյունքներով ճանաչվել է նաև լավագույն պահեստային գումարտակ։ Վաշտերի մեջ ամենաբարձր արդյունքն է ցույց տվել կապիտան Սահակ Ավշարյանի վաշտը։ Լավագույն մոտոհրաձգային վաշտի կոչմանն է արժանացել կապիտան Նիկոլայ Գրիգորյանի վաշտը։

Առանձին զինծառայողների և անձնակազմերի մասին՝ հաջորդիվ։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/02/2013