ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԴԵՄ
Մի միջադեպ տեղի ունեցավ 1954թ. մայիսի 8-ին: Ըստ ԱՄՆ նախագահ Դ.Էյզենհաուերի թույլտվության՝ ամերիկյան 91-րդ ռազմավարական հետախուզական թևը, որը տեղակայված էր Օհայո նահանգի Լոկբուրն բազայում, ստացավ շտաբների պետերի կոմիտեի հրամանը, մի քանի «ԿՍ-97» օդային լիցքավորողներ ու «ՌԲ-47Ե» հետախուզական ինքնաթիռներ ուղարկել Ֆայերֆորդ բրիտանական թագավորական ավիաբազա: Այդ օրվա թռիչքը առաջին հանձնարարությունն էր: Ըստ սցենարի՝ օդ էին բարձրանում երեք ինքնաթիռներ, որոնցից երկուսը, չհասած Մուրմանսկ, հետ էին շրջվում, իսկ երրորդը, որի անձնակազմը կապիտան Հարոլդ Օստինի գլխավորությամբ (երկրորդ օդաչու, կապիտան Կարլ Հոլտ, շտուրման, մայոր Վենս Հեվլին) պետք է շարունակեր թռիչքը և նկարահաներ խորհրդային ինը օդանավակայանները, որտեղ կարող էին տեղակայված լինել խորհրդային նորագույն ինքնաթիռներ: ԽՍՀՄ օդային տարածքում նրանք պիտի կատարեին ավելի քան 950 կիլոմետրանոց թռիչք: Օստինի անձնակազմը խորհրդային օդային սահմանը խախտեց 12000 մետր բարձրության վրա, օրը ցերեկով: Լավ եղանակ էր, նույնիսկ ինքնաթիռն իր հետևից սպիտակ գիծ էր թողնում, ինչը անցանկալի էր: Շատ չանցած, ինչպես սպասում էին ամերիկացիները, հայտնվեցին խորհրդային կործանիչները, որոնք սկզբից չէին համարձակվում մոտենալ և միայն ուղեկցում էին, իսկ հետո կատարեցին առաջին, սակայն անհաջող գրոհը: Հետո հաջորդ գրոհները՝ նորից անհաջող, հավանաբար օդաչուները մեծ բարձրությունների և արագությունների պայմաններում գործելու փորձ չունեին: Օստինը փորձեց պաշտպանական հրանոթներով պատասխան կրակ բացել, սակայն հրանոթները չգործեցին: Հոլտը ինչ-որ կերպ հրանոթները կիրառեց՝ արձակելով մի փոքր կրակահերթ, ինչից կործանիչները, որոնք արդեն մի քանիսն էին, հավանաբար վախեցան, քանզի մի որոշ ժամանակ մոտ չէին գալիս: Պայքարը շարունակվում էր մոտ մեկ ժամ, Օստինն արդեն շրջվել էր դեպի հարավ-արևմուտք՝ դեպի ֆինլանդական սահմանը, երբ ի վերջո կործանիչներից մեկը գրոհեց և առաջին իսկ կրակահերթով դիպավ թևին: Անձնակազմը զգաց հզոր հարվածը, որոշ սարքեր շարքից դուրս եկան, որոնցից էր նաև կապի համակարգը, սակայն ինքնաթիռը նորմալ ենթարկվում էր՝ շարունակելով կատարել առաջադրանքը: Շուտով ամերիկացիները իրենց «ուղեկցողներով» մտան ֆինլանդական օդային սահման, որտեղ օդային մարտը շարունակվում էր: Խորհրդային կործանիչները դարձյալ անհաջող էին գրոհում, նրանցից մեկը անգամ փորձեց խոյահարել, սակայն ապարդյուն:
Խորհրդային կործանիչը, որին հաջողվեց դիպչել ամերիկյան հետախույզին` «ՄիԳ-17ՊՖ» նորագույն կործանիչն էր, որի օդաչուն հյուսիսային նավատորմի լավագույն օդաչուներից էր` կապիտան Մ.Կիտայչիկը: Նա շատ դառնացած էր, որ ամերիկացիների համար ամեն ինչ ավարտվեց թեթեւ քերծվածքով:
Հաջորդ կորուստն իրեն երկար սպասել չտվեց, որը, սակայն, թյուրիմացության հետևանք էր: Նույն թվականի ամռանը Նախոդկայի կողմից սահմանը խախտեց ամերիկյան հետախույզը, որը շատ շուտ դուրս եկավ սահմանից և բարձրությունը կորցնելով՝ հեռացավ դեպի չեզոք ջրեր: Խորհրդային ՌՏԿ-ների օպերատորները հակառակորդի փոխարեն ընդունեցին խորհրդային «Տու-14» ռմբակոծիչների խումբը, որը հենց այդ պահին վերադառնում էր ուսումնական ռմբանետումից: Ինքնաթիռներից մեկի ավտոմատ պատասխանիչը չէր աշխատում, և հակաօդայինները կարծելով, թե ինքնաթիռներից մեկն ամերիկյան հետախույզ է, օդ բարձրացրին «ՄիԳ-15» կործանիչը, որի օդաչու կապիտան Պ.Բիվշևը, չճանաչելով յուրային ռմբակոծիչը, խոցեց այն: Անձնակազմը զոհվեց: Ամերիկացիները սեպտեմբերի 4-ին Նախոդկայի կողմից հերթական անգամ սահմանը խախտեցին 19-րդ պարեկային էսկադրիլիային պատկանող «Փ2Վ-5 Նեպտուն» ինքնաթիռով, որին խոցեց «ՄիԳ-17» կործանիչների զույգը, այլ տվյալով՝ «ՄիԳ-15», խոցված ինքնաթիռի անձնակազմն անհետ կորավ: Նոյեմբերի 7-ին Կուրիլյան կղզիների մոտ խորհրդային «ՄիԳ-15» կործանիչները, օդաչուներ` Կոստին, Սիբիրյակով, փորձեցին խոցել ամերիկյան «Բ-29» ռմբակոծիչը, բայց միայն վնասեցին, որը պաշտպանական կրակով հեռացավ դեպի Ճապոնիա: 1954թ. խորհրդային հակաօդայինները ձեռք բերեցին ևս մեկ լուրջ թշնամի` աերոստատները, որոնք թռչելով բավականին բարձր, կատարում էին ավտոմատ հետախուզություն: Այդ տարի ամռանը նման առաջին աերոստատը խոցեց կապիտան Լ. Սավիչևը նորագույն «ՄիԳ-17Պ» կործանիչով, 10000 մետր բարձրության վրա: Մի քանի օրից նորից տագնապով օդ բարձրացած Սավիչևը փորձեց կրկնել իր հերոսությունը, սակայն չստացվեց, աերոստատը շատ էր բարձր: Առհասարակ, աերոստատների հետ սկզբից գրեթե անհնար էր պայքարել:
Հաջորդ տարի` 1955թ. մարտին, անգլիական Սկալտորպ ռազմաօդային բազայից երեք անգամ ամերիկյան «ՌԲ-45Ց» հետախույզները, մայոր Ջոն Անդերսոնի հրամանատարությամբ, եվրոպական մասից խախտեցին խորհրդային օդային սահմանը:
Նրանք եղան Չեխոսլովակիայի, Լեհաստանի և Մերձբալթյան երկրների օդային տարածքներում՝ նկարահանելով բոլոր ռազմավարական օբյեկտները: Նորից խորհրդային կործանիչներ էին օդ բարձրացվում, սակայն ապարդյուն:
Նույն ժամանակ ամերիկացիները իրականացրին «Սի Շոր» ռազմական գործողությունը, մի քանի ինքնաթիռով հետախուզելով խորհրդային հյուսիսային սահմանները: Ի հայտ եկած տվյալների համաձայն` ԽՍՀՄ-ը հզորացնում էր իր ՀՕՊ-ը: Անհրաժեշտ էին ավելի շատ և ստույգ տվյալներ:
1955թ. ապրիլի 18-ին, այլ տվյալներով՝ մեկ օր առաջ, խոցվեց Խաղաղ օվկիանոսի կողմից խորհրդային սահմանը խախտած 4-րդ ռազմավարական հետախուզական թևին պատկանող «ՌԲ-47Ե» հետախույզը: Դեպքը տեղի ունեցավ Կամչատկա քաղաքի մոտակայքում, սահմանախախտին խոցեց խորհրդային «ՄիԳ-15 Բիս» կործանիչների զույգը` օդաչուներ Կոռոտկով, Սաժին: Ըստ ամերիկացիների՝ դա իրենց կորցրած իններորդ ինքնաթիռն էր:
1955թ. մայիսի 22-ին, Ճապոնական ծովի վրա, խորհրդային «ՄիԳ-15» կործանիչները ոչնչացրին ամերիկյան «Փ2Վ Նեպտուն» ինքնաթիռը, անձնակազմն անհետ կորավ: Հունիսի 23-ին կամ 22-ին նմանատիպ կործանիչները խոցեցին նմանատիպ ամերիկյան ինքնաթիռը, որը պատկանում էր 9-րդ պարեկային էսկադրիլիային: Ինքնաթիռը կարողացավ հեռանալ, սակայն վայրէջքի ժամանակ կործանվեց Ալյասկայի Սուրբ Լավրենտիի կղզում:
1956թ. գարնանը, ԱՄՆ նախագահի թույլտվությամբ, սկսվեց հետախուզական «Հումռան» գործողությունը: Գործողությունը չտեսնված բարդ էր ու ծավալային: Խորհրդային ողջ հյուսիսային սահմանները, որ կազմում էին ավելի քան 5 հազար կմ, պետք էր հետախուզել ամենայն մանրամասնությամբ: Գործողությունը պլանավորում էր գնդապետ Գլեն Ռոջերսը: Գործողությանը պիտի մասնակցեին ամերիկյան «ՌԲ-47Ե» և «ՌԲ-47Հ» ավելի քան 20 հետախույզ ինքնաթիռներ: Նրանց օդում վերալիցքավորելու համար կիրառվելու էին տասնյակ «ԿՍ-97» լիցքավորող ինքնաթիռներ: Բոլոր ինքնաթիռները տեղակայվել էին Գրենլանդիական Տուլե բազայում: Ամեն ինչ կատարվում էր գերագույն գաղտնիության քողի տակ: Մեծ տեղ էր հատկացվում ռադիոհետախուզությանը, որը պիտի իրկանացնեին «ՌԲ-47Հ» ինքնաթիռները: Դժվարություններից խուսափելու համար թռիչքները նախատեսված էին եղանակային վատ պայմաններում և գիշերը:
Ամենահանդուգն թռիչքը տեղի ունեցավ մայիսի 6-ին, երբ ամերիկյան վեց ինքնաթիռներ հասան մինչև Անադիր և թեքվելով դեպի արևելք՝ անցան Ալյասկա: Հաջորդ օրը նրանք նույն թռիչքուղով վերադարձան Տուլե: Յոթ շաբաթների ընթացքում կատարվեց ավելի քան 150 հետախուզական թռիչք ԽՍՀՄ-ի օդային տարածքում, ինքնաթիռները ոչ մի կորուստ չունեցան: Այդ ողջ ընթացքում խորհրդային կործանիչներն ընդամենը մի քանի անգամ էին փորձել ամերիկյան ինքնաթիռները խոցել, այն էլ ապարդյուն: «Հումռան» գործողության արդյունքները փայլուն էին ու ցնցող, խորհրդային օդային սահմանները հյուսիսից գրեթե անպաշտպան էին:
1956թ. հուլիսի 4-9-ը կատարվեց հետախույզների 5 թափանցում խորհրդային տարածք մինչև 350 կմ խորությամբ:
1956թ. հուլիս ամսին Հեռավոր Արևելքում գրանցվել է առնվազն մեկ սահմանախախտի ոչնչացում: Հետախույզն ամերիկյան «Փ2Վ Նեպտուն» մակնիշի ինքնաթիռ էր:
1956թ. խորհրդային ավիացիայում սպառազինության մեջ է ընդունվում նորագույն «ՄիԳ-19» կործանիչը, և հենց նույն ժամանակ, երբ օդաչուները դեռ նոր էին յուրացնում այս կործանիչը, հուլիսի 4-ին ամերիկյան «ՌԲ-57» հետախույզը խախտեց սոցիալիստական սահմանը, օդ բարձրացած երկու կործանիչներից ոչ մեկը չկարողացավ խոցել այն: Իսկ հաջորդ օրը մեկ ուրիշ ամերիկյան հետախույզ խախտեց սոցիալիստական սահմանը, հանդուգն կերպով անցավ ԳԴՀ-ի, Լեհաստանի սահմանները և մտավ Բելոռուսական ԽՍՀ-ի տարածք: Սահմանախախտն անվնաս հետ վերադարձավ հսկայական հետախուզական տվյալներ հավաքած:
1956թ. օգոստոսի 3-ին Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության սահմանը խախտած հետախուզական օդապարիկը խոցելու համար «ՄիԳ-15 ՈւՏԻ» կործանիչով խոյահարման դիմեցին օդաչուներ Ռ.Լյախցիկը և Յ.Ռաժեն: Երկուսն էլ խոյահարումից զոհվեցին: Սահմանախախտների ոչնչացման գործում խոյահարումը հազվադեպ կիրառվող միջոց չէր: Շատ դեպքերում այդ ստիպողական քայլին օդաչուները դիմում էին անճարությունից:
Ամերիկյան օդային հետախուզության համար այս թվականը հիշարժան է նաև նրանով, որ 1956թ. Թուրքիայի և Գերմանիայի տարածքից դեպի ԽՍՀՄ էին արձակվում հետախուզական աերոստատներ, որոնք նկարահանելով պիտի հասնեին մինչև Խաղաղ օվկիանոս: Սակայն արձակված 516 աերոստատներից միայն 44-ը հասան տեղ, մնացածին ոչնչացրին խորհրդային հակաօդայինները:
1957թ. անգլիական «Կանբերրան» թռչելով անպատիժ հասավ մինչև Բաքու և հետ վերադարձավ: Բաքվի ՀՕՊ-ի շրջանը ԽՍՀՄ-ում համարվում էր ամենալավ պաշտպանված շրջաններից մեկը:
1957թ. դեկտեմբերի 24-ին Սև ծովի վրա խորհրդային կործանիչները խոցեցին ամերիկյան «ՌԲ-57» հետախուզական ինքնաթիռը:
Մի անպատիժ ու հանդուգն խախտում տեղի ունեցավ նաև 1958թ. ապրիլի 29-ին, (այլ տվյալներով՝ 1959 թվականի նույն օրը) նորից երեք «ՌԲ-47» ինքնաթիռներով հակառակորդը հասավ մինչև երկրի խորքը` Նովգորոդ-Սմոլենսկ-Կիև:
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ