Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ԴԵԼՖԻՆՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ



Աշխարհում ընդամենը երկու տեղ են վարժեցնում մարտական դելֆինների` ԱՄՆ-ի Սան Դիեգո ռազմակայանում եւ Ուկրաինայի ԶՈՒ «Պետական օվկիանոսարիում» գիտահետազոտական կենտրոնում, որը գտնվում է Սեւաստոպոլում:

Խորհրդային ռազմածովային ուժերի կարիքների համար Սեւաստոպոլում դելֆիններ են վարժեցնում 1973 թվականից: Հատուկ պատրաստված կենդանիները ծովի հատակին գտնում էին զենք և ռազմական տեխնիկա, գլուխներին ամրացված զենքով և պայթուցիկով կարող էին գրոհել մարտական լողորդների և հակառակորդի նավերի վրա: ԽՍՀՄ-ի փլուզումից եւ սեւծովյան նավատորմի բաժանումից հետո զորամասը, որտեղ վարժեցնում էին մարտական դելֆիններ, մասնագետների հետ բաժին ընկավ ուկրաինական կողմին: Դելֆիններին սկսեցին օգտագործել խաղաղ նպատակով` հաշմանդամ երեխաներին բուժելու համար:

Այդուհանդերձ, Ուկրաինայի պաշտպանության նախարարության` Ղրիմի տարածաշրջանային մեդիա-կենտրոնի ներկայացուցիչ Վլադիմիր Բովի խոսքով, միամտություն է կարծել, թե Ուկրաինայի` «Պետական օվկիանոսարիում» հիրավի եզակի գիտահետազոտական կենտրոնը, որը ժամանակին ստեղծվել է երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու նպատակով, այսօր բացառապես զբաղված է ծովային կենդանիների մասնակցությամբ կրկեսային ներկայացումներ ցուցադրելով և դելֆինաթերապիայի միջոցով երեխաներին բուժելով: «Կենտրոնի հիմնական գործունեությունը երբեք չի դադարել, և առաջադրված խնդիրները ոչ ոք չեղյալ չի համարել»,- ասում է Վ.Բովը:

Նրա խոսքով, ոչ միայն դելֆինները, այլև ջրասուզորդ մասնագետները և «Պետական օվկիանոսարիումի» աշխատակիցների մշակած ստորջրյա տեխնիկան խաղաղ ժամանակ ունակ են լուծելու բազմաթիվ խնդիրներ: Այսպես, 2001թ. փետրվարին, երբ ականազերծվում էր Սև ծովի Զմեինի կղզու շրջակայքը, որտեղ ծրագրվում էր հորատային կայանքներ տեղադրել, օվկիանոսարիումի մասնագետները ստորջրյա սարքի միջոցով հետազոտեցին հատակը` պայթյունավտանգ առարկաներ հայտնաբերելու նպատակով: Հենց նրանք էին որոնում Կոտ դ’Իվուարում գտնվող ՄԱԿ-ի առաքելության ուղղաթիռը, որն ընկել էր Ատլանտյան օվկիանոս: Հայրենական մեծ պատերազմի ժամանակներից մնացած երկու տոննայանոց տորպեդը ծովի հատակին հայտնաբերեցին դարձյալ օվկիանոսարիումի մասնագետները` իրենց եզակի ստորջրյա սարքի օգնությամբ:

Վարժեցված դելֆինները խաղաղ ժամանակ ունակ են ծովի հատակին հայտնաբերելու պայթյունավտանգ առարկաներ, ինչպիսիք Սևաստոպոլի ափամերձ շրջաններում մնացել են անհաշվելի քանակությամբ: Տեղեկություններ կան նաև, որ մի քանի տարի առաջ Սևաստոպոլի ծովախորշերից մեկում դելֆինների օգնությամբ հայտնաբերվել է դեռ պատերազմի տարիներին ջրի տակ անցած քիմիական զինամթերք:

2012թ. հոկտեմբերին ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերն իրենց կարիքների համար վերսկսել են ծովային կենդանիների, այդ թվում` մարտական դելֆինների վարժեցման ծրագրի իրականացումը: Հաղորդվեց, որ Ուկրաինայի «Պետական օվկիանոսարիումում» վարժեցվում են 10 աֆալին (մեծ) տեսակի դելֆիններ, և ուկրաինացի զինվորականները Սևաստոպոլի մերձակայքում պարբերաբար ծովի հատակին առարկաներ հայտնաբերելու վարժանքներ են անցկացնում: Կենդանիներին սովորեցնում են նաև հարձակվել ջրասուզորդ դիվերսանտների և նավերի վրա: Այդ նպատակով դելֆինի գլխին ամրացվում է կա՛մ դանակ, կա՛մ ատրճանակ: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրության` 2012թ. բոլոր առաջադրված խնդիրները դելֆինները կատարել են անթերի:

Խորագիր՝ #06 (973) 14.02.2013 – 20.02.2013, Ռազմական


14/02/2013