ՍՈՆԱՍԱՐՈՒՄ
Սոնասար գյուղը գտնվում է Հակարի գետի միջին վտակ Հոչանց գետի աջափնյա սարալանջերին՝ Հոչանց և Մշենի գյուղերի մեջտեղում: Ազատագրվել է 1993 թվականի գարնանը: Վերաբնակեցմանը զուգահեռ՝ 1995-ից սկսեց գործել նաև հանրակրթական դպրոցը, որն այժմ կոչվում է Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի անունով: Գյուղն ունի 123 բնակիչ՝ անցյալ տարի 102-ն էին: Դպրոցում դասավանդում են 9 ուսուցիչներ, որոնցից 2-ը գալիս են հարևան Մշենի համայնքից, սովորում են 16 աշակերտներ:
Դպրոցի տնօրեն Արտյոմ Ղազարյանը տեղեկացրեց, որ անցյալ տարվա համեմատ աշակերտների թիվն ավելացել է 4-ով, որ «Արաբո» ջոկատի 22 անհայտ կորած տղաների անվան դասարան է հիմնվել, որի պատերին տղաների լուսանկարներն են, այլ նյութեր նրանց մասին: Դպրոցի անվանակոչության ժամանակ (2008թ.) բակում կանգնեցվեց միջնադարյան մի փոքր խաչքար, որը հանվել էր գյուղի ադրբեջանական տան պատի միջից, եւ որը վկայում է, որ միջնադարում Սոնասարը եղել է հայաշատ և շեն գյուղ: Իսկ գյուղի եկեղեցին հիմնահատակ ավերվել է: Ադրբեջանա-քրդական տների պատերի մեջ պահպանվել են եկեղեցու քիվի բեկորներ, պատերի սրբատաշ քարեր: Իսկ եկեղեցու մի խոյակ էլ գտնվում է մի տան բակում: Քանդված եկեղեցու հետքերը վերացնելու նպատակով քոչվորները նրա մոտ գտնվող ավելի հին գերեզմանատունն ամբողջությամբ ծածկել են հողով:
***
Զրուցում եմ երեխաների հետ. սիրում են իրենց դպրոցը երկրապահ այս երեխաները: Միայն այն է վատ, որ օտար լեզու չեն անցնում. ուսուցիչ չկա: Օտար լեզվի ուսուցիչ չկա նաև հարևան Մշենիի դպրոցում: Համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանը տեղեկացրեց, որ շուտով պետք է ցանկապատվի դպրոցի տարածքը՝ ներառյալ խաչքարերը, կոտրված ապակիները կփոխվեն: Դպրոցը չունի նաև մարզադահլիճ, մարզական գույք, չեն գործում արտադպրոցական խմբակներ: Հուսանք, որ բոլոր հարցերն էլ դրական լուծում կստանան: Գյուղում կա 14 նախադպրոցական երեխա, նրանցից 2-ը սեպտեմբերին կավելացնեն աշակերտների թիվը: Աշխատանքներ են տարվում` համալրելու ուսուցչական կազմը:
Բերձոր վերադառնալիս մտաբերեցի, որ 20 տարի առաջ նույն օրերին այստեղ դեռ պատերազմ էր, և մեր ջոկատով (Մասիսի ջոկատ) Սոնասարում էինք. թշնամին վերջին ճիգերն էր թափում՝ դիմակայելու մեր ճնշմանը, սակայն օրեր անց ճողոպրեց, որ ժամ առաջ դուրս գա տարածքից՝ շրջապատման մեջ չընկնելու համար: Նույն ցեխապատ, ձյունածածկ ճանապարհն էր, ինչն այսօր քիչ թե շատ բարվոք է, սակայն կա ծրագիր՝ այս տարվա ընթացքում լիովին բարեկարգելու դժվարանցանելի ու վտանգավոր ճանապարհը:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #06 (973) 14.02.2013 – 20.02.2013, Բանակ և հասարակություն