ՇՎԱՆԻՁՈՐԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը, այն ձեռք է բերվում ամեն մի սերնդի եւ նրա ամեն մի անդամի կողմից` հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով…
Սահմանամերձ գյուղ է Շվանիձորը, շատերին գուցե անծանոթ, ծվարած Սյունյաց աշխարհի հարավային դարպասում: Ունի բարեկարգ Ճանապարհներ, գեղեցիկ դպրոց, աշխատասեր ժողովուրդ և հրաշք բնաշխարհ: Գեղեցիկ է այն հատկապես աշնանը, բերքահավաքի ժամանակ, և եթե այցելես այստեղ, ապա կկարծես, թե դրախտ ես գտել, եդեմական մի պարտեզ` հայոց երկնակամարի ներքո:
Փոքր է մեր գյուղը, բայց ունի հերոսական և հզոր անցյալ: Ասում են, որ Արշակ Բ թագավորը, խմելով այստեղի արևահամ գինին, ասել է. «Գինի չէ սա, այլ մեղր է, մեղրի պես անուշ է», և այստեղից էլ առաջ է եկել Մեղրի անունը: Մեկ այլ զրույցի համաձայն՝ Ռուսաց կայսր Պետրոս Մեծը միայն Շվանիձորի կարմիր գինին էր խմում:
Քաջակորով մեր ժողովուրդը միշտ իր լեռների պես ամուր և կանգուն է եղել: 18-րդ դարում այստեղ կռվել են Դավիթ Բեկը, Մխիթար Սպարապետը և նրանց զինակից Սարգիս Զորավարը. մարտնչել են նրանք, հաղթել և սրբացրել գյուղի պատմությունը: Ըստ Ս. Խանզադյանի «Հայրենապատում» աշխատության, մի անգամ Սարգիսը թուրքական հրոսակների հերթական գրոհին դիմագրավելու համար հավաքել է գյուղի բնակիչներին և պատսպարել նրանց Բերդաքար ամրոցում: Բերդը շրջապատելով` թուրքական զորքը կտրել է ջրատար կավե խողովակը, համոզված լինելով, որ օրեր անց բերդը ստիպված կհանձնվի: Սակայն Սարգիսը, որ կանխատեսել էր թուրքական պլանը, նույն գիշեր անակնկալ դուրս է գալիս բերդից և ահավոր ջարդ տալիս թշնամուն:
Արդեն 20-րդ դարում, խորհրդային կարգերի հաստատման վաղ շրջանում, երբ Հայաստանը մաքառում էր թուրք-բոլշևիկյան դավադիր հորձանուտում, Լեռնահայաստանի հետ կանգուն էր նաև Շվանիձորը` լի անմահ Նժդեհի ավյունով և տոգորված նրա հայրենապաշտ գաղափարախոսությամբ:
Գյուղի հայկյան ոգին հառնեց նաև Երկրորդ Աշխարհամարտում, Հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ ողջ առաջադեմ աշխարհը միավորվել էր ընդդեմ ֆաշիզմի: Գյուղի բազում զավակներ մեկնեցին ռազմաճակատ, ունեցանք հարյուրից ավելի զոհեր, որոնց անունը հավերժ վառ կմնա մեր սրտերում, իսկ գյուղի միակ վետերան Վարոս Մարտիրոսյանը կշարունակի նոր սերունդների հետ անվերջ կիսել պատերազմի ցավն ու հաղթանակի բերկրանքը:
Մեծ էր գյուղի ներդրումը Արցախյան պատերազմում. մասնակցում էին միասնաբար՝ մեծ թե մանուկ, բոլորը զինվոր էին դարձել, զինվոր հայրենատեր… Եվ նրանք մեր երկրի անկախության կերտման գործում իրենց համեստ, բայց և կուռ ներդրումն ունեցան:
Այժմ արդեն ունենք երիտասարդ Հայաստան, հաղթանակած ժողովուրդ, ունենք փառապանծ բանակ, որը մեր երկրի անվտանգության երաշխավորն է և 21-ամյա Հայաստանի Հանրապետության ամենամեծ ձեռքբերումը…
Ահա և նորից մեր գյուղը, որի բազմաթիվ զավակներ այժմ էլ պատվով կրում են հայրենիքին ծառայելու բարձր պատիվը: Իրոք, աննկուն պայքարի բովով անցած այս գյուղը, որ կարծես հերոսանում է շարունակ իր որդիների պես, այսօր էլ անմասն չի մնում հայրենի երկրի պաշտպանության վեհ գործից, քանի որ քաջ գիտակցում է, որ ազգի և պետականության հարատևման ու հզորացման իրական գրավականը հայրենատեր սերնդի դաստիարակության, հայրենապաշտության մեջ է:
Նշենք նրանց անունները, նշենք հպարտությամբ, քանզի նրանք են արժանի զավակները հայոց, և նրանք են, որ կերտում են ապագան Հայաստան աշխարհի…
Եվ այսպես, մեր փոքրիկ գյուղի հզոր զավակներն են.
Հայոց Ազգային բանակի սպաներ`
Արթուր Մարտիրոսյան (մայոր), Ռոմեո Ավետիսյան (մայոր), Խաչիկ Խաչատրյան (մայոր), Արտակ Ավետիսյան (կապիտան), Մանուել Մարտիրոսյան (պահեստազորի կապիտան):
Պայմանագրային զինծառայողներ`
Հարություն Հակոբյան, Գրիշա Միքայելյան, Նարեկ Հովհաննիսյան, Հայկ Գալստյան, Կարեն Միքայելյան, Հայկ Հակոբյան, Գարիկ Հակոբյան, Վահան Օհանյան:
Ժամկետային զինծառայողներ`
Հովհաննիսյան Արթուր, Հովհաննիսյան Ազատ, Դանիելյան Հակոբ, Պետրոսյան Հայկ, Օհանյան Վահրամ, Արիստակեսյան Յուրիկ, Բախտիարյան Մհեր, Մարտիրոսյան Կարեն, Զաքարյան Նվեր, Մարտիրոսյան Մուշեղ, Ոսկանյան Նապոլեոն:
Կուրսանտներ`
Միշա Համբարձումյան (Ավիացիայի ինստիտուտ)։
Թույլ տվեք նաև ըստ արժանվույն գնահատել նրանց, ովքեր կանգնած են այս տղաների ոգեղեն ուժի ակունքում և շարունակում են սերունդներ կոփել հանուն Հայաստան աշխարհի հաղթական գալիքի. նրանք են` մեր համագյուղացի Դավիթ Անանյանը (Մեղրու Տարածաշրջանի զինկոմ, մայոր), և Կարո Ոսկանյանը (Շվանիձորի միջն. դպրոցի զինղեկ, կապիտան):
ՁԵՐ ԹԻԿՈՒՆՔԸ ԱՄՈՒՐ ԿՊԱՀԵՆՔ ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐՈՎ…
(զինվորի քրոջ նամակը)
Սիրելի՛ զինվոր, ամբողջ հայությունը մեկ ընտանիք է, և մենք քեզ հետ քույր ու եղբայր ենք: Ուրախ ենք, որ մի փոքրիկ գյուղից այսքան հզոր որդիներ են կանգնած հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար, քանի որ սա հայրենասիրության գաղափարի զարթոնքի մասին է խոսում:
Սիրելի՛ եղբայրներ, մենք ձեզ ենք գրում այս նամակը, որով շնորհակալություն ենք հայտնում ձեր մեծ գործի համար, այն խաղաղության համար, որ կերտում եք դուք և այն պայծառ գալիքի համար, որ սպասում է մեզ և մեր երկրին…Գիտենք, հեշտ չէ երկու տարի լինել ընտանիքից, հարազատներից, սիրելիներից հեռու, բայց չէ որ հայրենասիրության ձեր մեծ նվիրումի համեմատ երկու տարին այնքան էլ շատ չի թվում:
Հայ ազգը իր գոյության ողջ ընթացքում պայքարել է օտարի դեմ, պայքարել է հանուն հավատի, անկախության, պետականության և պահպանել է իր գոյությունը քաջության, ուժի, հայրենասիրության և, իհարկե, միասնականության շնորհիվ: Այժմ մենք ապրում ենք Ազատ և Անկախ Հայաստանում, և թվում է՝ հեռու է արդեն պատերազմը, բայց չենք կորցնում մեր զգոնությունն ու սթափությունը, քանզի չի բացառվում, որ մեր սերունդը գուցե բախվի պատերազմի դառն իրականությանը: Պետք է բոլորս համախմբված լինենք, ուժեղ և պատրաստ` պաշտպանելու մեր հայրենիքը, մեր հողն ու սահմանները:
Շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որպես շատ սիրող և հարգող քույրեր, շնորհակալ ենք սահմանում միշտ կանգնած լինելու և մեր հանգիստ անցնող օրերի համար… ձեզ հետ մենք ավելի վստահ և պաշտպանված ենք զգում:
Մեր գյուղը ծաղկում է, իհարկե, դա նաև ձեր շնորհիվ է: Ցանկանում ենք, որ ծառայեք արժանապատիվ, հասկանաք, որ դա յուրաքանչյուր հայ տղայի պարտքն է և ամենաբարձր պատիվը:
Կարոտում ենք ձեզ և անհամբերությամբ սպասում ձեր վերադարձին, իսկ մեր մաղթանքները և Աստծո աջը ձեզ հովանի թող լինեն: Իմացած եղեք, որ մենք ամեն օր աղոթում ենք ձեզ համար, միշտ հոգով ու սրտով ձեզ հետ ենք և ձեր թիկունքը ամուր կպահենք մեր աղոթքներով…:
Սիրով` ձեր քույրեր
ՀՀ Սյունիքի մարզ, Շվանիձոր գյուղի միջնակարգ դպրոց.
XI դասարանի աշակերտուհիներ`
ՋՈՒԼԻԵՏԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀԵՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Պատմության ուսուցիչ`
ԱԼԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ