ՉՄՈՌԱՆԱՆՔ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Օրերս Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ արձակագիր Լարիսա Գևորգյանի «Երեք օրից հետ կգամ, մամ» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հեղինակը նվիրել է Բերդաձորում հերոսաբար զոհված Վաղինակ Համլետի Զաքարյանի հիշատակին։
Ժողովածուում տեղ են գտել հինգ պատմվածքներ տարբեր ճակատագրերի տեր մարդկանց մասին։ Հեղինակը գրողին հատուկ վարպետությամբ թափանցել է իր հերոսների ներաշխարհը, ունկնդիր դարձել նրանց սրտի ձայնին, խռովքին, տագնապին, ընդվզմանն ու ալեկոծությանը։
Ժողովածուն սկսվում է Արցախյան պատերազմում զոհված հատուկ նշանակության խմբի հետախույզ Վաղինակ Զաքարյանի մասին պատումով, իսկ Վաղինակի կերպարը մեր աչքի առջև նյութեղենանում է մարտական ընկերոջ՝ Զավենի հիշողություններով, որոնք մշտարթուն, մշտագո նրա կողքին են, նրա մտապատկերում, անգամ աշխարհի որ ծայրում էլ, որ լինի։ Հեռու Միջերկրականի ափերում հանդիպած անծանոթ կնոջ հետ խոսքուզրույցի առանցքը ևս Արցախյան գոյապայքարն է, մարտընկերները, Կայծակ Վաղոն… Ու Զավենն ինքն էլ է զարմանում, որ անծանոթ այդ կնոջը՝ իսպանուհի Աննա Ռոզային, պատմում է այս ամենը, դեռ մի բան էլ ափսոսում չասածի, չպատմածի համար. «Աննա Ռոզային պիտի ասած լինեի նաև, որ ազատամարտի մեջ միայն Վաղոյի հայրը՝ Համլետը չներգրավվեց, պայքարին միացան նաև Վաղոյի եղբայրները՝ Սամվելն ու Նշանը… Եկ, Գրետա մայրիկ, դիմացիր։ Դիմացավ, դիմանում է, ականջին որդու վերջին բառերը. «Մամ ջան, գնամ Բերդաձոր, երեք օրից հետ կգամ…»:
Հիշում է, անվերջ հիշում է Զավենը՝ հավատացած, որ մինչև անցյալդ ճիշտ չարժևորես, ապագադ չես կերտի։ Զավենի շուրթերով հեղինակն է խոսում. «Երբեք չմոռանաք հերոսին, նա ձեզ համար ընկավ, ամեն մեկիդ համար»։
«Հեղինակի մեջ սեր կա բոլորի հանդեպ՝ թե՛ հերոսացած ֆիդայու, ում անունը դեռ չկա Բերդաձորի հուշաքարին, թե՛ ծեփագործ վարպետ Կարապետի, ով զարմանում, սակայն փորձում է հավատալ թուրքի մարդանալուն, թե՛ բժիշկ Արամի տիկին Մարալի, ով զայրանում, սակայն ձեռնպահ է մնում պատժելուց՝ տուրք տալով մեծահոգությանը։ Արձակագիրը սիրում է հոգսաշատներին, փորձում թափանցել նրանց բարդ ներաշխարհը»,- գրքի առաջաբանում նշում է խմբագիր Գագիկ Ավետիսյանը։
Շնորհանդեսին ներկա էին Վաղինակ Զաքարյանի հարազատները, մայրը՝ տիկին Գրետան, մարտական ընկերներ, գրողներ։
Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, խոսելով գրքի արժանիքների մասին, նշեց. «Լարիսա Գևորգյանի ստեղծագործությունների առանցքում մեր կողքին ապրող, կռվող, հերոսացող, արարող մարդու կերպարն է։ Գրքում տեղ գտած «Ծիլ» պատմվածքն էլ հայ-թուրքական հարաբերությունների մասին է, այստեղ կարծիքները կբաժանվեն՝ Լարիսան խիզախել է, թշնամին չի կարող դարավոր լինել, և հեղինակը հավատում է, որ անգամ մաղձի միջից բարությունը ծիլ կտա, ու թուրքի նոր սերունդը կհասկանա, որ պատմությունը չի կարելի եղծել»։
Իսկ ահա հատուկ նշանակության խմբի կամավորական ջոկատի հրամանատար Վովա Վարդանովի խոսքն ավելի շատ ուղղված էր գրողներին. «Հասարակությունը կարիք ունի նման ստեղծագործությունների։ Թող գրողները քչփորեն, գտնեն և գրեն։ Նման գրականության մեծ պահանջարկ կա»։
«Մենք՝ գրողներս, պարտք ունենք Արցախյան պատերազմի մասին գրելու: Չկա Արցախյան պատերազմին մասնակցած մեկը, որ արժանի չլինի առանձին գրքի»,- վերջում նշեց գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը։
Լարիսա Գևորգյանն էլ շնորհանդեսը եզրափակելով շնորհակալական խոսքով` միաժամանակ խոստացավ, որ կգա ժամանակ, երբ ինքը հատուկ նշանակության խմբի ամբողջ պատմությունը կդնի ընթերցողի սեղանին. «Աստված կօգնի ինձ, և այդժամ ես հանգիստ կզգամ»։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #06 (973) 14.02.2013 – 20.02.2013, Հոգևոր-մշակութային