Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԽԱԹԱՎԻՆԻ ԵՎ ԱՎԵՐԱԿ ՋՐԱՂԱՑԻ» ԿՌԻՎՆԵՐԸ



ԲԱԼԱԲԵՂ ԿԱՐԱՊԵՏ, ԲԻԹԼԻՍՑԻ ՄՈՒՇԵՂ, ԱՌՅՈՒԾ ԱՎԱԳ

Սկիզբը՝ նախորդ համարում

«Հոն,- նշում է Կ. Սասունին,- կը նստէր Քէօռ Հիւսէին փաշան, որ կանգնած էր 2000-3000 Համիտիէներուն գլուխը: Քիչ մը աւելի դէպի արեւմուտք – հարաւ կը տարածուէին Հասանացի Համիտիէներն ու գիւղերը, որոնց գլխաւորներու՝ Ֆադէհի եւ Ռըզախի հրամանատարութեան տակ կը գտնուէին 800 ամենաընտիր քիւրտ հեծեալները: Մօտ էր նաեւ Սիփկանցի աշիրէթը, որ արդէն ընդհարում ունեցել էր խումբի հետ եւ փնտրտուքի մէջ էր, ուզելով վրէժ լուծել երէկուայ զոհերուն համար»:

Մինչ համիդիեի գնդերն ու քրդական աշիրեթները կհասնեին դեպքի վայր, հայ մարտիկները հասնում են Խաթավին սարը և որոշում գիշերել: Հաջորդ օրը, լույսը բացվելուն պես, համիդիեի գնդերն ու աշիրեթները պաշարում են Խաթավին սարը և առանց փոքր-ինչ դադար առնելու գրոհում են ֆիդայիների վրա: Այդ օրը քրդերը նախորդ կռվի համեմատ ավելի կատաղի ու համարձակ են գործում: Հայ մարտիկները, մինչև կեսօր հետ մղելով քրդերի՝ մեկը մյուսին հաջորդող գրոհները, կարողանում են ամուր պահել իրենց դիրքերը: Քրդերը առավել մեծաքանակ ուժերով են գրոհում և մի պահ արդեն մոտ էին հաջողության՝ գրավելու երկու կարևոր դիրք: (Եթե քրդերին հաջողվեր գրավել այդ դիրքերը, ապա հայ մարտիկները կհայտնվեին անելանելի կացությունում): Բայց այդ դժվարագույն պահին Առյուծ Ավագը, Բալաբեղ Կարապետը, Առաքելն ու Մուշեղը իրենց տասնյակներով գրոհում են հարձակողների վրա և, մեծ զոհեր պատճառելով թշնամուն, փրկում են Երկար Նատոյի վտանգված դիրքն ու մարտիկների կյանքը:

Թեպետ հայ մարտիկները տոնեցին հերթական հաղթանակը, բայց նրանց շարքերն անընդմեջ կռիվների հետևանքով արդեն զգալիորեն նոսրացել էին, ինչին հակառակ քրդերի թիվը, հարյուրավոր սպանվածներով հանդերձ, գնալով ավելի ու ավելի էր շատանում: Ֆիդայիները, եթե նույնիսկ օժտված լինեին գերմարդկային կամքով ու դիմադրողականությամբ, ապա դժվար թե ի զորու լինեին դիմակայելու հակառակորդի հերթական գրոհներին: Արդեն զգացնել էր տալիս նաև զինամթերքի սակավությունը, իսկ մյուս կողմից նրանց տանջում էին քաղցն ու հոգնածությունը: Մութն ընկնելուն պես խմբի հրամանատար Ճարտարը, հաշվի առնելով զոհերի թիվն ու տիրող կացությունը, հավաքում է դիրքերում գտնվող 25 մարտիկների և իջնելով սարից, փորձում է կտրվել հակառակորդից ու շարժվել Ախլաթ: Սակայն համիդիեի զինվորները նկատում և կրակ են տեղում նրանց վրա: Ֆիդայիներից մի քանիսը զոհվում են, իսկ Ճարտարը մի քանի զինվորով կարողանում է խույս տալ հետապնդումից և բազում դժվարություններ հաղթահարելով՝ վերջապես հասնում է Ախլաթ: Զինատար խմբի մյուս մասը Առաքելի, Բիթլիսցի Մուշեղի ու Առյուծ Ավագի գլխավորությամբ կարողանում է ճեղքել պաշարման շղթան և կտրվելով հակառակորդից` փորձում է Մանազկերտի ուղղությամբ շարժվել Ախլաթ:

Բալաբեղ Կարապետը, անտեղյակ կատարվածին, իր տասնյակով մնում է Խաթավինի բարձունքների վրա և փորձում փնտրել Ճարտարին: Չգտնելով Ճարտարին՝ Բալաբեղ Կարապետը, իր մարտիկներով անկարող լինելով սարից իջնել, հարկադրված տեղափոխվում է սարի մեկ այլ հատվածը և պատսպարվում չորացած խոտերի մեջ: Քրդերը նկատելով հայ մարտիկներին՝ վառում են չորացած խոտը: Համոզվելով, որ ֆիդայիներն այլևս չունեն փրկվելու որևէ հնարավորություն, կրակի հետևից բարձրանում և ընդհուպ մոտենում են ֆիդայիներին: Թվում էր, որ իրոք նրանք հայտնվել էին անելանելի վիճակում, բայց, Բալաբեղ Կարապետի ֆիդայիներն անսպասելիորեն դուրս են թռչում բոցերի միջից ու անվրեպ հարվածներ տեղալով՝ շարունակում են կռիվը մինչև երեկո, ապա իջնում են սարից և մի քանի օր անց հասնում են Նեմրութ՝ զարմանք ու ուրախություն պատճառելով ընկերներին եւ Աղբյուր Սերոբին:

Մուշեղի, Առաքելի և Առյուծ Ավագի առաջնորդած խումբը Խաթավինի կռվից հետո Ախլաթ ուղևորվելիս նույն օրը երեկոյան հասնում է Չավուշ և Բաթնոց սարերին ու փորձում մի փոքր հանգստանալ: Համիդիեի զինվորներն ու քուրդ զինյալները, որոնք կրնկակոխ հետապնդում էին, հասնում են նրանց, և դարձյալ ֆիդայիները հայտնվում են թշնամու օղակում: Հայ մարտիկները արագորեն դիրքեր են գրավում ու սպասում հակառակորդի հարձակմանը:

Առավոտյան մարտադաշտում են հայտնվում քրդական նոր հրոսակախմբեր, և կռիվը բորբոքվում է ավելի մեծ ուժգնությամբ: Ֆիդայիներիը կռվում են միչև մութն ընկնելը, ապա կարողանում են կտրվել հակառակորդից ու հաջորդ օրն առավոտյան հասնում հայկական Գարագայա գյուղի մոտ և ապաստանում Առահուտ բերդի ստորոտում գտնվող քարայրում: Քանի որ չափազանց հոգնած էին, փակում են քարայրի բոլոր մուտքերն ու քնում: Առավոտյան ֆիդայիները դուրս են գալիս քարայրից և հանդիպում ճիշտ նույն պահին այդ տեղով անցնող թուրք ոստիկաններին: Դիպուկ հարվածներով փախուստի մատնելով ոստիկաններին՝ հայդուկները «… կերթան Մանազկերտի Բերդի վրայով դէպի Եփրատ գետի եզերքը գտնւող աւերակ ջրաղացը ու հոն կը մնան գիշերը»:

Տեղեկանալով ջրաղացում ֆիդայիների գտնվելու մասին՝ ոստիկանական ուժերը, համիդիեական ջոկատների քրդական աշիրեթները անմիջապես ուղևորվում ու պաշարում են ջրաղացը: Հայդուկները, փոքրիկ ճեղքեր բացելով պատերի մեջ, սկսում են դիպուկ նշանառությամբ գնդակահարել հարձակվողներին:

Համոզվելով, որ սոսկ գրոհներով հնարավոր չէ ընկճել ֆիդայիների դիմադրությունը, քրդերից մի քանիսը բարձրանում են տանիքը և փորձում երդիկից քարյուղ լցնել ջրաղացի ներսը, չորս բոլորն ու ապա այրել: Սակայն հայդուկները, լսելով քրդերի ոտնաձայները, վարպետորեն գնդակահարում են տանիք բարձրացողներին ու խափանում թշնամու այս մահաբեր ձեռնարկումը ևս: Գիշերով ֆիդայիներն աննկատ դուրս են գալիս ջրաղացից ու հեռանում: Լուսաբացին անտեղյակ թշնամին վերսկսում է կրակ տեղալ ջրաղացի վրա: Հաջորդ օրը առավոտյան ֆիդայիները հասնում են Բուլանուխի Շեխ-Ազոտ գյուղ և մոտակա ձորերից մեկում փոքր-ինչ հանգստանալուց հետո շարունակում են իրենց ուղին: Երեք օր անց վերջապես հասնում են Ախլաթ գավառ և որոշում դադար առնել Փրխուս և Սպրաձոր գյուղերի արանքում գտնվող Սուչխան ձորում: Կարսից մինչեւ Տարոն ձգվող տարածքը խստորեն հսկվում էր թուրքական զորամասերի, համիդիեական գնդերի, քրդերի ու չերքեզների կողմից: Եվ պատահական չէ, որ նրանք շատ արագ տեղեկանում են Սուչխան ձորում ֆիդայիների գտնվելու մասին և «… Փրխուսէն զօրքեր, թիւով 200, Ախճավերան եւ Խուլիկ գիւղերի չերքեզները Ալի Բէգի առաջնորդութեամբ, Ախլաթի զօրքերն ու թիւրքերը մօտ հարիւր ձիաւորներ կը գան ու կը պաշարեն Մուշեղի ապաստանած վայրը»:

Ֆիդայիներն այս անգամ ևս բնավ չընկճվելով թշնամու բազմաքանակությունից՝ աննահանջ դիմադրում են: Ալաշկերտից մինչեւ Ախլաթ զինատար խմբի մղած զարմանահրաշ կռիվների լուրը տարածվելով հասել էր նաև Ախլաթ: Այն պահին, երբ թշնամին շտապում էր պաշարել Սուչխանի ձորում ապաստանած հայ մարտիկներին, Աղբյուր Սերոբը, տեղեկանալով իր զինակիցներին սպառնացող վտանգի մասին, Նեմրութի բարձունքներից շտապում է օգնության: Հակառակորդի ուշադրությունը չգրավելու և նրան անակնկալ մատուցելու նպատակով նա իր զինվորներին հագցնում է քրդական զգեստ, աննկատ հայտնվում է մարտադաշտում և թիկունքից սրընթաց հարձակում ձեռնարկելով՝ ճեղքում է թշնամու մարտաշարքերն ու մոտենում իր զինակիցների դիրքերին: Մարտադաշտում Սերոբի հայտնվելը ավելի է ոգևորում մինչ այդ էլ արիաբար մարտնչող ֆիդայիներին: Հայ մարտիկների երկու խմբերը միանալով՝ այս անգամ արդեն իրենց հայդուկապետի առաջնորդությամբ հաղթահարում են հակառակորդի դիմադրությունն ու բարձրանում Նեմրութ:

Ու թեպետ զինատար խմբի անցումը Կարսից Երկիր չի ունեցել նախկին արդյունավետությունը, բայց նրա մղած հերոսամարտերը, որոնք պատմությանը հայտնի են «Խաթավինի և Ավերակ ջրաղացի կռիվներ» անվանմամբ, ազատագրական պայքարի այն նշանավոր դրվագներից են, որոնց մասին հյուսած երգերը ժողովուրդը երգում է մինչ օրս:

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #06 (973) 14.02.2013 – 20.02.2013, Պատմության էջերից


14/02/2013