Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՊՔԸ ՏԵՂԻ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ, ԵԹԵ…



ՄԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր արտակարգ պատահար մերկացնում է ծառայության ինչ-որ օղակում տեղ գտած թերություն: Առավել ևս, երբ այդ պատահարի հետևանքով մարդ է զոհվում: Համանման դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով անհրաժեշտ է վերլուծել կատարվածի պատճառները, հայտնաբերել թերացումները և գտնել դրանք վերացնելու ուղիները: Ստորև մենք կփորձենք պատասխանել այն հարցին, թե ի՞նչ ընդհանուր թերացումներ են բացահայտվում ներկայացվող արտակարգ պատահարի դեպքում:

ՄԵԾ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵԾ Է ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

2012թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 15:35-ի սահմաններում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանը իրեն ամրակցված ԱԿ-74 ինքնաձիգից ստորին ծնոտի շրջանում արձակված մենահատ կրակոցից ինքնասպան է եղել: Շարքային Սարգսյանը մինչև զորակոչվելը նշանված է եղել համակուրսեցու հետ, որին ծնողները դեմ են եղել, և որոշ ժամանակ անց նշանադրությունը համարել են չեղյալ: Սակայն երիտասարդները հավանաբար խոր զգացմունք էին տածում միմյանց նկատմամբ, հակառակ դեպքում աղջիկը հեռախոսով չէր բողոքի Դավիթին, որ համակուրսեցիներից մեկը սիրահետում է իրեն: Լուրն իմանալով` Դավիթը զույգ նախաբազուկների շրջանում ածելիով ինքն իրեն բազմաթիվ կտրված վերքեր է հասցրել, որից հետո ինքնակամ թողել է զորամասի տարածքը` նախկին նշանածի մոտ գնալու նպատակով, սակայն չունենալով ճանապարհածախսի գումար` վերադարձել է զորամաս: Տեղին է նշելը, որ Դավիթը սոցիալապես անապահով ընտանիքից էր, հայրն ու եղբայրներից մեկը 3-րդ խմբի հաշմանդամ են:

Իմանալով այս մասին` զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալը նրան վերցրել է հաշվառման` ընդգրկելով զորամասի «Ինքնասպանության և ինքնախեղման հակում ունեցող զինծառայողների ցուցակում», իսկ զորամասի սպա-հոգեբանին և հոգևոր սպասավորին հանձնարարել է շարքային Դ.Սարգսյանի հետ իրականացնել նպատակաուղղված անհատական աշխատանք: Սա եղել է 2012թ. հոկտեմբերի 26-ին` դեպքից 58 օր առաջ: Թերևս, ժամկետի բավականաչափ մեծ լինելը թույլ է տալիս եզրակացնել, որ Դ.Սարգսյանի հետ տարված անհատական աշխատանքի արդյունավետությունը, մեղմ ասած, մեծ չի եղել: Հոգեբանական խնդիր ունեցող զինծառայողը թեպետ ժամանակ առ ժամանակ հայտնվել է պատասխանատու անձանց ուշադրության կենտրոնում, սակայն որևէ մեկի աջակցությունը շոշափելիորեն չի զգացել…

Այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ Դավթի ինքնասպանությունը կարելի էր կանխել: Չէ՞ որ նման ծայրահեղ քայլի նրա հակված լինելն արդեն բացահայտված էր: Ավելին, 2012թ. դեկտեմբերի 19-ին զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալը գումարտակի հրամանատարին նախազգուշացրել է, որ Դավիթին չընդգրկեն մարտական հերթապահության մեջ, քանի որ նա ծառայության նախկին վայրում ինքնախեղում է կատարել: ԱՀՏԱ գծով տեղակալը այս մասին նախազգուշացրել է նաև հաջորդ օրը` դեկտեմբերի 20-ին` գումարտակի սպայական կազմի հրահանգավորման ժամանակ: Եվ հակառակ նախազգուշացումներին, գումարտակի հրամանատարը շարքային Դ.Սարգսյանին ընդգրկել է մարտական հերթապահություն ստանձնող անձնակազմի ցուցակներում` առանց բուժզննման ենթարկելու և, իհարկե, առանց խորանալու նախազգուշացման հիմքում ընկած անհանգստացնող պատճառների մեջ…

Ինչո՞ւ: Թերևս, չի հավատացել, որ Դավիթն իսկապես ունակ է ինքնասպանության: Իր հերթին, ԱՀՏԱ գծով տեղակալը, եթե վստահ էր, որ Դավիթին չի կարելի այդ ժամանակահատվածում զենք վստահել, պետք է իր ամբողջ իշխանությունը գործի դներ` նրան դիրքեր չուղարկելու համար: Ուրեմն, կա՛մ ինքն էլ հոգու խորքում վստահ չի եղել, որ Դավիթն այդ քայլին ունակ է (այդ դեպքում երկու անգամ չէր նախազգուշացնի), կա՛մ չի ցանկացել կոնֆլիկտի մեջ մտնել գումարտակի հրամանատարի հետ (դա թուլության վկայություն կլիներ), կա՛մ էլ (ինչն առավել հավանական է) համարել է, որ երկու նախազգուշացումից հետո ինքն արդեն պատասխանատու չէ Դավթի համար, և եթե գումարտակի հրամանատարը իրենն է պնդում, թող ինքն էլ պատասխան տա (և տվեց. ազատվեց պաշտոնից ու նրա նկատմամբ կիրառվեց պաշտոնի իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը): Եվ ուրեմն, ամենայն հավանականությամբ, գործ ունենք սեփական պատասխանատվության սահմանները հստակորեն չգիտակցելու փաստի հետ: Չէ՞ որ ԱՀՏԱ գծով տեղակալն ի պաշտոնե պատասխանատվություն է կրում նաև կոնկրետ զինծառայողի համար, հետևաբար` նախազգուշացումն անտեսելու՝ գումարտակի հրամանատարի հակվածության առաջին իսկ նշանը (օրինակ` դեկտեմբերի 19-ին նրա առարկությունը ԱՀՏԱ գծով տեղակալի նախազգուշացմանը) պետք է անձամբ ԱՀՏԱ գծով տեղակալի միջամտության համար հիմք դառնար, որպեսզի զինվորին չտանեին դիրքեր: Նա դա չի արել: Թերևս հենց սրանով է բացատրվում, որ թեպետ ԱՀՏԱ գծով տեղակալը նախազգուշացրել էր Դավթին դիրքեր չտանելու մասին, սակայն խստորեն պատժվել է:

Իհարկե, ոմանք գուցեև ավելի հետևողական լինեին ԱՀՏԱ գծով տեղակալի փոխարեն, բայց համաձայնենք, որ իր պատասխանատվության սահմանների մասին սխալ պատկերացումը, թերևս, բնորոշ է նաև այլ զինվորականների: Նրանցից շատերն իրենց պատասխանատու են համարում միայն հրաման տալու և հրամանի, բայց ոչ` հրամանի կատարումը վերահսկելու համար: Համոզվելու համար բավական է ընթերցել պաշտպանության նախարարի հրամանները, որոնց համաձայն՝ մեղավորները հիմնականում պատժվում են «անհետևողականության», «պատշաճ վերահսկողություն չիրականացնելու», «իրենց կողմից տրված հանձնարարականի կատարումը չվերահսկելու» համար:

Տեղին է հիշել ԱՄՆ բանակի գեներալ Ջորջ Պատտոն-կրտսերի խոսքը. «Հրաման տալն աշխարհի ամենահեշտ բանն է: Շատ ավելի կարևոր է և դժվար հետևելը, որ ձեր արձակած հրամանը հասնի բոլոր նրանց, ում հասցեագրված է, և կատարվի հարկ եղած կերպով»:

Անշուշտ, կատարյալ բանակում, որտեղ բոլորը բացառիկ կարգապահ են, բարեխիղճ և իրենց պարտականությունների իրականացման գործում անթերի, ինչ խոսք, վերահսկողության կարիք չկա, բավական է միայն հրաման արձակելը: Բայց միայն իրական բանակը կարող է ձգտել իդեալականին, ուստի վերահսկողությունն անհրաժեշտ է: Իսկ վերահսկել հրամանի կատարումը նշանակում է ժամանակ առ ժամանակ ստուգել` կատարման ի՞նչ փուլում է հրամանը, հետաքրքրվել` ի՞նչ խոչընդոտներ կան այն կատարելու ճանապարհին, հարկ եղած դեպքում օգնել, հիշեցնել ու կրկնել հրամանը: Իհարկե, սա պահանջում է ժամանակ, նյարդեր, լարվածություն, որը հաղթահարելու համար չպետք է մոռանալ, որ պատասխանատվության սահմանը որոշվում է իշխանության չափով. ինչպես Ավետարանում է ասվում, «ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում»:

Որպես արտակարգ պատահարների կանխարգելիչ միջոցառում` համապատասխան հրամանատարական օղակներում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել հրամանների վերահսկողության մեթոդների մշակմանն ու դրանց ուսուցմանը: Հատկապես փորձառու հրամանատարները պետք է իրենց ենթականերին սովորեցնեն, թե ինչպես կարելի է վերահսկել հրամանների կատարումը: Չի բացառվում, որ շատերն այն համարեն պարզ, ինքնըստինքյան հասկանալի մի գործընթաց, և անհրաժեշտ չհամարեն խնդրո առարկայի վերաբերյալ խորհուրդներ ու պարզաբանումներ տալ ենթականերին:

ԵՐԲ ԹՎՈՒՄ Է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒՆ…

Մեկ այլ ուշագրավ հանգամանք. շարքային Դավիթ Սարգսյանը ինքնախեղում անելուց հետո բուժվել է Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի որոշմամբ ճանաչվել «պիտանի շարային ծառայության համար», ապա տեղափոխվել ուսումնական զորամաս, հետո էլ` այն զորամաս, որտեղ, ի վերջո, ինքնասպան է եղել:

Զարմանալի է, բայց կատարված ինքնավնասման, Երևանի ԿԶՀ-ի հոգեբուժական բաժանմունքում բուժվելու, ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի ընդունած որոշման մասին շարքային Դ.Սարգսյանի զինգրքույկում, հաշվառման ծառայողական քարտում, բժշկական գրքույկում որևէ գրառում չի արվել: Տվյալ փաստի վերաբերյալ որևէ նշում չկա նաև «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկում»: Արդյոք սա չէ՞ նաև պատճառը, որ գումարտակի հրամանատարը չի հավատացել, թե Դավիթն ունակ է ինքնասպանության…

Ինչո՞ւ փաստաթղթերում գրառում չի արվել: Թերևս այն պատճառով, որ այդ հանգամանքը չի կարևորվել զինծառայողի անհատականությունն ուսումնասիրելու տեսանկյունից: Արդյոք այս դեպքում չի՞ դրսևորվել բավականին տարածված մեկ այլ արատավոր երևույթ, այն է` զինծառայողին ուսումնասիրելու նպատակով «անձնական գործ» վարելու կարևորության թերագնահատումը: Վերջինս էլ, իր հերթին, թերեւս պայմանավորված է ոչ պակաս տարածված այն մտայնությամբ, թե մարդուն ճանաչելը հեշտ է, եւ կարիք չկա բնութագրական փաստեր հավաքելու, համակարգելու և վերլուծելու, և որ այդ ամենը ավելորդ ձևականություն է: Ցավոք սրտի, մեր շրջապատում կան բազմաթիվ մարդիկ, որոնց թվում է, թե լավ են ճանաչում իրենց ծառայակցին, բայց իրականում մակերեսային պատկերացում ունեն նրա մասին: Արդյոք դրա վկայությունը չէ՞ նաև այն հանգամանքը, որ զինծառայողների անհատական բնութագրերը, որպես կանոն, շատ քիչ են տարբերվում միմյանցից:

Իսկապես. մարդուն խորությամբ ճանաչելու համար պետք է հետևել նրա վարքագծին տարբեր, ցանկալի է` բարդ իրավիճակներում: Մինչդեռ առօրյա կյանքում նման իրավիճակները այնքան էլ շատ չեն և հիմնականում կրկնվում են: Ուստի, մարդուն ճանաչելու համար հաճախ պետք է այնպիսի դժվար պայմաններ առաջադրել, ինչի արդյունքում հնարավոր կլինի արձանագրել նրա՝ այս կամ այն իրավիճակին բնորոշ վարքագիծը և վերլուծել այն: Սա դժվար, չափազանց դժվար աշխատանք է, որն ունի հատուկ մեթոդաբանություն, որը պետք է ուսուցանել:

Մարդուն ուսումնասիրելու մասին ահա թե ինչ է գրում չինացի նշանավոր զորավար և ստրատեգ Չժուգե Լյանը (180-234). «Ամենադժվարը մարդու էությունը ճանաչելն է: Թեպետ լավը տարբերվում է վատից, մարդու հոգեվիճակն ու արտաքին տեսքը միշտ չէ, որ նույնն են: Որոշ մարդիկ բարեկիրթ են, բայց գողանում են: Ոմանք արտաքուստ հարգալից են, բայց ներքուստ արհամարհում են բոլորին: Ոմանք խիզախ են թվում, բայց իրականում վախկոտ են: Որոշ մարդիկ ջանասիրաբար աշխատում են, բայց նրանց չի կարելի վստահել:

Ինչքան էլ դժվար լինի մարդկանց ճանաչելը, դա անելու ձևեր կան: Նախ` հարցրու մարդկանց ճշտի և սխալի մասին, որպեսզի իմանաս նրանց պատկերացումները: Երկրորդ` զրկիր նրանց փաստարկներից, որպեսզի տեսնես, թե ինչպես են իրենց պահում դժվար իրավիճակում: Երրորդ` ռազմավարության հարցերում նրանցից խորհուրդ հարցրու, որպեսզի պարզես նրանց խորաթափանցության աստիճանը: Չորրորդ` կեղծ տագնապ հայտարարիր, որպեսզի ստուգես նրանց քաջությունը: Հինգերորդ` հետևիր նրանց, երբ հարբած են, որպեսզի ճանաչես նրանց բարքը: Վեցերորդ` շահ խոստացիր նրանց, որպեսզի պարզես նրանց համեստության ու ողջախոհության աստիճանը»:

Այսօր մեր ԶՈՒ-ում մարդուն ուսումնասիրելու վերաբերյալ գիտելիքը բաշխված է տարբեր աղբյուրներում. «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկ», «Անհատական դաստիարակչական աշխատանքի գրքույկ» (գրքույկներին կցվում է նաև տեղեկություն դրանք լրացնելու կարգի մասին), ԳԴՊ և ՀՊՊ առարկաների «Անհատական դաստիարակչական աշխատանք» թեմա: Սա բավականին մեծ հնարավորություններ է ընձեռում մարդուն ուսումնասիրելու համար, անհրաժեշտ է միայն հետևողականություն ու համբերություն, բայց արի ու տես, որ տեղերում զինծառայողների հետ տարվող աշխատանքը հաճախ գոհացուցիչ չէ: Տեղին է հիշել Նապոլեոնի դիտարկումը. «Եթե ուզում եք ճանաչել մարդկանց, պարզեք, թե որքանով են նրանք համբերատար»:

Որպես արտակարգ պատահարների կանխարգելիչ միջոցառում` առաջարկում ենք համատեղել այդ աղբյուրներում պարունակող գիտելիքը, լրամշակել և ստեղծել «Ինչպես ճանաչել մարդուն» մեթոդական ձեռնարկը` նախատեսելով նաև գործնական պարապմունքներ: Ի վերջո, մարդն աշխարհում ամենաբարդ էակն է ճանաչողության համար, իսկ սպան պարտավոր է նաեւ մարդագետ լինել: Ուստի, մարդուն ուսումնասիրելու խորության աստիճանը ԶՈՒ-ում պետք է ավելացնել` բարձրացնելով մարդու վերաբերյալ գիտելիքների մակարդակը:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խմբ.կողմից – Յուրաքանչյուր զինծառայողի կյանքն անսահման թանկ է, և յուրաքանչյուր անդառնալի կորուստ անամոք ցավ է պատճառում: Այս հոդվածի նպատակը որևէ մեկին քննադատելը չէ, մանավանդ, երբ բոլոր մեղավորներն իրենց արդարացի պատիժն արդեն ստացել են (այդ իսկ պատճառով անուններ չեն նշվում), այլ` նպաստելը, որ համանման դեպքեր այլևս երբեք չկրկնվեն:

Խորագիր՝ #06 (973) 14.02.2013 – 20.02.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/02/2013