ԾԱՌԱՅԵԼԸ՝ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏ
ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Եթե գնդապետ Ժ. Պողոսյանի հրամանատարությամբ գործող տանկային զորամասը լավագույնն է պաշտպանության բանակի կազմում, ուրեմն իրենց ծառայական պարտականությունները, հրամանատարի առաջադրած խնդիրները բարեխղճորեն են կատարում ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց ենթակա անձնակազմերը։ Մի շարք սպաների հետ զրուցելուց հետո ինձ համար պարզեցի, որ զորամասը համալրված է բանիմաց ու գործին նվիրված մասնագետներով, իսկ առաջադրանքների կատարման հիմնական ծանրությունը կրողները պատերազմի բովում թրծվածներն են։ Մեծ փորձառություն ունեցող այդ մարդիկ չեն էլ մտածում այլ զորամաս, ավելի բարձր պաշտոնի նշանակվելու մասին։ Կարծես այս տանկայինում ծառայելը նրանց կյանքի իմաստն է դարձել։ Նրանց դերը գերագնահատել հնարավոր չէ, մանավանդ ծառայական կարգապահության բարձրացման, ընկերական հարաբերությունների ամրապնդման, մարտական ոգու ապահովման հարցերում։ Նման սպաներից է լավագույն գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գարիկ Սևիկյանը։
Նա ԼՂՀ Մարտունու շրջանի Աշան գյուղից է։ Դպրոցն ավարտելուց հետո 1995թ. զորակոչվել է բանակ։ Սպայական դասընթացներում սովորելուց հետո նշանակվել է դասակի հրամանատար, ավելի ուշ ղեկավարել է վաշտ։ Նրա հրամանատարությամբ գումարտակը չորս անգամ ճանաչվել է լավագույնը պաշտպանական բանակում։ Ավելի քան տասը տարի զորամասը մարտավարական զորավարժություններ է անցկացնում առաջնագծի հարևանությամբ։ Փոխգնդապետը հպարտությամբ է խոսում 2012-ի զորավարժությունների, հատկապես մայիս ամսին գիշերով կատարած ռազմերթի ու գետանցման մասին, նշում է իր զինվորների համարձակությունն ու մասնագիտական բարձր պատրաստվածությունը։
-Տանկիստների մեծ մասը ժամկետային ծառայողներ են, բայց ես տարբերություն չեմ դնում նրանց ու պայմանագրայինների միջև։ Բոլորն էլ շատ լավ տղաներ են, տիրապետում են իրենց գործին ու ձգտում են առաջադրանքները կատարել բոլորից լավ։ Ուսումնական ծրագիրը կազմված է այնպես, որ յուրաքանչյուր մեխանիկ-վարորդ մեկ ամսվա ընթացքում կատարում է երեք վարում, նշանառու օպերատորը՝ երեք հրաձգություն։ Իրենց լավ են դրսևորում երիտասարդ սպաները, որոնք բացառապես ռազմական բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած տղաներ են։ Փորձառուներս, ավագ սերնդի ներկայացուցիչներս, նրանց օգնում ենք, որպեսզի կայանան որպես հրամանատարներ, տիրապետեն ճիշտ ղեկավարման մեթոդներին։ Միայն մասնագիտական գիտելիքները քիչ են զինվորական ստորաբաժանում ղեկավարելու համար, ինչի համար էլ նրանք սկզբում աշխատում են փորձառուների ընկերակցությամբ, խորամուխ են լինում գործի նրբությունների մեջ, որից հետո սկսում են ինքնուրույն գործել։ Ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ բանակում ամենահետաքրքիրն ու միաժամանակ ամենաբարդը ստորին օղակի հետ աշխատելն ու ղեկավարելն է։ Դրա համար էլ ինչպես ուսումնական փուլի նախապատրաստական շրջանում, այնպես էլ դրա ընթացքում անցկացնում ենք կրտսեր հրամանատարական կազմի հավաքներ ու քննարկում ինչպես ուսման ընթացքը, այնպես էլ մյուս՝ կարգապահության, ընկերային հարաբերությունների, մարդկանց զբաղվածության, ունակությունների դրսևորման ու բազմաթիվ հարցերը։ Վատ ծառայող ո՛չ սպա, ո՛չ էլ զինվոր չունեմ։ Գիտեմ, որ նրանք էլ գոհ են իրենց ծառայությունից, գումարտակի պայմաններից։ Գիտեմ նաև, որ մեզնից գոհ են նաև զինվորների ծնողները։ Ամեն օր ընթրիքից հետո հեռախոսները տրամադրում ենք զինվորներին, որ խոսեն հարազատների հետ։ Անցած տարի տարբեր տեղերից իմ գումարտակ են տեղափոխել տասներկու «դժվար դաստիարակվող» պիտակավորումով զինվորների։ Նրանցից ոչ մեկի կողմից ոչ մի վատ բան չեմ նկատել, չի եղել ընկերների նկատմամբ վատ վերաբերմունք։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ չկա վատ զինվոր, պարզապես հարկավոր է մարդկանց ճիշտ ղեկավարել, մարդկային արդարացի վերաբերմունք ցույց տալ։
ՖԻԶՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Գումարտակում և ողջ զորամասում մեծ ուշադրություն են դարձնում զինծառայողների ֆիզիկական պատրաստությանը, ինչի համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ մեծ ֆուտբոլի դաշտ, տարբեր գործիքներով կահավորված մարզավան։ Կապիտան Նվեր Միրզոյանի հրամանատարությամբ գործող վաշտի զինվորներն զբաղված էին ձեռնամարտով։ Պարապմունքը ղեկավարում էր սպորտկազմակերպիչ, շարքային Հայկ Տոնապետյանը։ Ձեռնամարտի հնարքները լավ էին կիրառում Հայկ Խլոպուզյանը, Արգամ Մարտիրոսյանը, Մանուկ Ղազախյանը, Սուրեն Գրիգորյանը։ Վերջինս ասաց, որ զբաղվել է բռնցքամարտով, մասնակցել է պատանիների առաջնությանը և գրավել երկրորդ մրցանակային տեղ։ Ձեռնամարտից հետո վաշտն անցավ ձգումների։
ՍԵՐԺԱՆՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԸ
Բանակում բոլոր 17 առարկաների գծով կրտսեր հրամանատարների հետ անցկացվում են հավաքներ։ Այդ ժամի պարապմունքը մասնագիտականից էր։ Այն անցկացնում էր ավագ լեյտենանտ Ռաֆայել Դանիելյանը։ Թեման էր. «Հարձակման ժամանակ կրակի կառավարումը։ ա) Հարձակվելիս դիտարկման կազմակերպումը։ բ) Զեկուցում հայտնաբերված նշանակետի մասին ու նշանացուցման ձևերը»։
-Զինվորները նախ սովորում են դասարանում, այնուհետև գործնական պարապմունքի ընթացքում յուրաքանչյուր թեմայի շուրջ հարյուր րոպե փորձարկումներ են անում դաշտում։ Քանի որ զրահատեխնիկան, մասնավորապես՝ տանկը, դիտարկման սահմանափակ հնարավորություն ունի, աշխատում ենք շատ, յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին, որպեսզի համոզվենք, որ զինվորը, հատկապես երիտասարդ զինվորը, կարողանում է ճիշտ աշխատել, թիրախը հայտնաբերել ու հրամանատարին զեկուցել ժամանակին։ Ես գոհ եմ տղաներից, մանավանդ՝ կրտսեր սերժանտներ Ռուբիկ Վարդանյանից, Կարեն Հայրիյանից, մասնագիտությամբ դերասան ու ռեժիսոր Սուրեն Թաթոսյանից, Մկրտիչ Պողոսյանից, Դավիթ Խաչատրյանից, Վարդան Հունանյանից,- ասաց ավագ լեյտենանտ Ռ. Դանիելյանը։
***
Երբ դուրս եկանք լսարանից, դրսում իրարանցում էր։ Պարզվեց՝ աշնանային զորավարժության ընթացքում աչքի ընկած մի մեծ խումբ զինվորներ խրախուսվել են արձակուրդով և արձակման թերթիկը ձեռքներին՝ ուրախ-ուրախ բարձրանում են միկրոավտոբուս։
ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ
Որոշ ժամանակ անց տանկիստներն արդեն հավաքակայանում էին։ Եկել էին նաև խորհրդակցության մասնակից սերժանտները, ֆիզպատրաստության մասնակիցները։ Զինվորները վերալիցքավորված մարտկոցներն էին տեղադրում, թրթուրների ու անիվների առանձին հանգույցների ամրությունն ստուգում, մաքրում տանկերը։ Աշխատանք շատ կար։ Գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Արմեն Մկրտչյանը ներկայացրեց դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Վարդան Ավանեսյանին։
-Մեր լավագույն տանկիստներից է, իսկական նվիրյալ,- ասաց նա։
Վարդանը Ասկերանի Սառնաղբյուր գյուղից է, ծնվել է 1975թ.։ Հայրը՝ Վաչիկ Ավանեսյանը, գյուղի ջոկատի կազմում մասնակցել է Արցախի պաշտպանությանը։ Երբ Վարդանը ութերորդ դասարանում է եղել, տասնհինգ տարեկան, հայրը զոհվել է, ու Վարդանը կամավորական ջոկատում զբաղեցրել է նրա տեղը, այն էլ ոչ թե միայնակ, այլ եղբոր՝ Վալերիկի հետ։ Ավելի ուշ, երկու եղբայր ընդգրկվել են շրջանի վաշտում։ 17 տարեկանում Վարդանը նշանակվել է տանկի նշանառու-օպերատոր. «…Նույն օրը, որ այդ գործը վստահեցին ինձ, մասնակցեցի մարտական գործողությունների և հակառակորդի երեք տանկ ոչնչացրի։ Դա 1992թ. փետրվար ամիսն էր»,- հիշում է նա։ Հետո շատ ու շատ կռիվներ եղան, հակառակորդը փախավ, թաքնվեց ու կրակեց, փախավ, թաքնվեց ու կրակեց մինչև արկերն ու փամփուշտները վերջացան ու խնդրեց հրադադար հաստատել։ Եվ Վարդան Ավանեսյանը եղբոր՝ Վալերիկի հետ մնաց բանակում, մնաց որ օրինակ ու ուսուցիչ լինի երիտասարդ տանկիստների համար, մնաց, որ մեկ անգամ էլ տեսնի թշնամու ճողոպրանքն ու փախուստը։
Քաջության համար հայրենիքը Վարդան Ավանեսյանին պարգևատրել է «Մարտական ծառայություն», «Արցախի մայրերի երախտագիտություն», «Արիության համար» մեդալներով։ Այժմ նա տանկի հրամանատարն է։ Նրա հետ են նշանառու-օպերատոր, շարքային Արշակ Մոսինյանը, որը շատ բարձր վարպետություն ունի և վերջին զորավարժության ժամանակ չորս կրակոցով չորս թիրախ է ոչնչացրել, ինչպես նաև մեխանիկ-վարորդ, շարքային Ստեփան Մխիթարյանը։
***
Գումարտակում լավագույններից են կրտսեր սերժանտ Հայկ Ամիջանյանը, նշանառու շարքային Հայկ Խլոպուզյանը, մեխանիկ-վարորդ շարքային Նարեկ Հակոբյանի անձնակազմը, որը զորավարժության ժամանակ հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տվել։ Այստեղ էին նաև տանկի հրամանատարներ, կրտսեր սերժանտներ Հակոբ Հակոբյանը, Վոլոդյա Մելոյանը, Արամ Արտաշեսյանը, Սամվել Տեր-Կորյունյանը իրենց նշանառու օպերատորների և մեխանիկ-վարորդների հետ։
-Ծանո՞թ եք տեղանքին, մարտական կիրառման շրջաններին, եթե հարկ լինի, կարո՞ղ եք ճիշտ կողմնորոշվել,- հարցրի նրանց։
-Իհարկե, մենք պարբերաբար լինում ենք առաջնագծում, հաշվարկված են հակառակորդի հնարավոր հարձակման բոլոր ուղղությունները, իսկ մեր հրամանատարության կողմից նախատեսված են յուրաքանչյուր անձնակազմի և ստորաբաժանման ինչպես պաշտպանվելու, այնպես էլ հակահարձակման ուղղությունները։ Մենք պատրաստ ենք,- ասաց Սամվելը։
***
Զրուցելիս նկատեցինք, որ հարևանությամբ ջանասիրաբար տանկերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ են կատարում փոխգնդապետ Հ. Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող գումարտակի տանկիստները։ Անձնակազմերից մեկի կազմում էին հրամանատար, կրտսեր սերժանտ Դավիթ Խաչատրյանը, եֆրեյտոր, նշանառու Խաչիկ Կարեյանը, մեխանիկ, շարքային Սամվել Իգիթյանը, հաջորդի կազմում՝ կրտսեր սերժանտ Սուրեն Կուռիկյանը, շարքայիններ Գևորգ Խամոյանը և Արթուր Չիչակյանը։
-Այս տարի էլ մեր գումարտակն է լինելու լավագույնը, հաջորդ անգամ, որ գաք մեզ եք հիմնականում լուսանկարելու,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Դավիթը։ Իսկ այդ գումարտակի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Է. Բեգլարյանը պարզաբանելով տարվող աշխատանքների նշանակությունը, ասաց.
-Շարժիչների գործարկումը և թեկուզ տեղում տանկերի աշխատանքը պլանային սպասարկման մասն են կազմում։ Մենք շատ ծառայած, փորձառու տանկիստների հետ խնդիրներ չունենք, նրանք գործը շատ լավ գիտեն։ Անհատական աշխատանք ենք տանում երիտասարդների հետ, որպեսզի նրանք էլ կարճ ժամանակում ձեռք բերեն անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ…
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ
Լուսանկարները՝ հեղինակի