ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀԱՅ ՍՊԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հունգարահայ համայնքը փետրվարի 19-ին հարգանքի տուրքն է մատուցել Բուդապեշտում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին։ Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի կողմից «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտում կազմակերպված անգլերենի դասընթացի մասնակից ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր նույն դասընթացի ադրբեջանցի մասնակից Ռամիլ Սաֆարովը։
Հունգարահայ համայնքը ծաղկեպսակներ է դրել Բուդապեշտի կենտրոնում՝ Դանուբի ափին տեղակայված հայկական խաչքարի մոտ։ Հունգարահայ համայնքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում կրկին դատապարտել են հայ սպայի սահմռկեցուցիչ սպանությունը՝ այն դիտարկելով որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյաց քարոզչության հետեւանք։