Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԸ



Փետրվարի 22-ից 24-ը աշխատանքային այցով Երևան էին այցելել Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության վերափոխումների վարչության պետի և Պաշտպանության ազգային ակադեմիայի հրամանատարի գլխավորած պատվիրակությունները:
Այցի ընթացքում պատվիրակությունները հանդիպումներ են ունեցել պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության, կադրերի և ռազմական կրթության և գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչությունների ներկայացուցիչների հետ, այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում իրականացվող պաշտպանական բնագավառում բարեփոխումների և պաշտպանության ռազմավարական վերանայման ուղությամբ փորձի փոխանակման, ինչպես նաև ռազմական կրթության բնագավառներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Փետրվարի 24-ին պատվիրակություններին ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Գոհունակություն հայտնելով պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ներկայիս մակարդակի կապակցությամբ, Դ.Տոնոյանը նախանշել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել զարգացման և նոր նախագծերի իրականացման հեռանկարները:
Այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև 2011թ. երկկողմ համագործակցության պլանը:

Խորագիր՝ Նորություններ


24/02/2011