Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԴԱՅԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ



«Սառը պատերազմի» տարիներին բնականաբար հետախուզության էին ենթարկվում նաև խորհրդային երկրի անդրկովկասյան տարածքները: Այս գործում լայնորեն ներգրավված էին Թուրքիայում և Իրանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները: 1958թ. հունիսի 27-ին Երևանից հարավ խորհրդային սահմանը խախտել էր ամերիկյան «Ց-118» տրանսպորտային ինքնաթիռը, որը Գերմանիայից թռչում էր Պակիստան և միտումնավոր մտել էր խորհրդային տարածք: Ասում են՝ ինքնաթիռը պատկանում էր ԿՀՎ-ի տնօրենին: Սահմանախախտի թռիչքը խափանեցին խորհրդային «ՄիԳ-17Պ» կործանիչների երկու օդաչուները` Գ.Սվետլիչնիկովը և Բ.Զախարովը: Ամերիկյան ինքնաթիռը հարկադրական վայրէջքի ժամանակ կործանվեց: Անձնակազմը ողջ մնաց և հետո վերադարձվեց ամերիկացիներին:

ԽՍՀՄ ղեկավարությունը հետախուզական թռիչքների դեմ պայքարելու համար փորձում էր կատարել ամեն ինչ, և 1958թ. հուլիսի 4-ին այդ նպատակով արձակվեց պաշտպանության նախարարի N: 0049 հրամանը, որը հրահանգում էր խոցել պետական սահմանը խախտողներին: 1958թ. հուլիսի 26-ին Կասպից ծովի կողմից խորհրդային օդային սահմանը նորից խախտեց մեզ հայտնի «ՌԲ-47»-ը, խորանալով ավելի քան 10 կմ ու նորից անպատիժ մնաց:

Սեպտեմբերի 2-ին Երևանի մոտակայքում խորհրդային «ՄիԳ-17» կործանիչների օղակը, օդաչուներ` Գավրիլով, Կուչերյաեվ, Իվանով, Լոպատկով, խափանեց ամերիկյան «Ց-130» ինքնաթիռի թռիչքը, անձնակազմը` 19 մարդ, զոհվեց: Ինքնաթիռը պատկանում էր ամերիկյան մարտական աջակցության 7406-րդ էսկադրիլիային, օդ էր բարձրացել Ադանայից, գրանցման համարը` 56-0528:

1958թ. նոյեմբերի 7-ին խորհրդային «ՄիԳ-17» կործանիչները Բալթիկ ծովի վրա կրակով խոցեցին ամերիկյան սահմանախախտ հետախույզ «ՌԲ-47» ինքնաթիռը, վերջինս մի կերպ ճողոպրեց դեպի չեզոք ջրեր: 1958թ. շատ ակտիվ էին անգլիական «Կանբերրա»-ները և ամերիկյան «ՌԲ-57»-երը, որոնք մեկ անգամ չէ, որ անպատիժ հասնում էին մինչև անգամ Կիև ու Մոսկվա: Վերը նշվածները 1958թ. համարվում էին բավականին բարձրաթռիչք: «Կանբերրա»-ի հատուկ հետախուզական տարբերակները կարող էին բարձրանալ մինչև 15-16 կմ:

1959թ. հոկտեմբերի 7-ին չինական երկնքում գրանցվեց հաղթանակ` խորհրդային հակաօդայինները նորագույն «Ս-75» զենիթահրթիռային համալիրով (ԶՀՀ) խոցեցին ամերիկյան «ՌԲ-57Դ» հետախուզական ինքնաթիռը: «Ս-75» ԶՀՀ-ին բախտ էր վիճակված լինելու կարմիրների առաջին և հուսալի պաշտպանը: Շատ զավեշտական պատմություններ են կապված այս համալիրի հետ:

Նույն տարվա նույն ամսին չեխ օդաչուները խորհրդային «ՄիԳ-19» կործանիչներով ստիպեցին հարկադրական վայրէջք կատարել իտալական ՌՕՈւ-երի «Ֆ-84Ֆ» կործանիչին, որը խախտել էր Չեխոսլովակիայի սահմանը: Մեկ տարի անց չեխական նմանատիպ կործանիչները հարկադրական վայրէջքի բերեցին ամերիկյան «Ֆ-100»-ը, որը խորհրդային կործանիչի մրցակիցն էր:

Ամերիկյան և հիմնականում ՆԱՏՕ-ական պրովոկացիոն թռիչքները, որոնք անցնում էին մի քանի հազարը, իրենց նպատակին հասան՝ ապացուցելով, որ խորհրդային ՀՕՊ-ը հուսալի չէ, և առհասարակ երկրի տարածքը հուսալի պաշտպանված չէ: Լինում էին դեպքեր, երբ սահմանի մոտակայքում թռչող ինքնաթիռները ռադիոխանգարումներ էին ստեղծում՝ խափանելով այս կամ այն համակարգի շահագործումը: Ըստ տարբեր տվյալների՝ մինչև 1960թ. խորհրդային սահմաններում ամերիկացիները կորցրել են 17-25 տարատեսակ հետախուզական ինքնաթիռներ, որոնց անձնակազմերը հիմնականում զոհվել էին կամ անհետ կորել:

Մյուս կողմից այս ժամանակները հետախուզական ավիացիայի զարգացման համար հիշարժան էին նրանով, որ առաջավոր պետությունների ՌՕՈւ-երում ի հայտ էին գալիս օդային տարածքների հետախուզման և մարտի ղեկավարման օդային կետերը: Այսինքն՝ հետախույզներ, որոնք ոչ միայն հայտնաբերում, այլ նաև պայքարում էին այդ նշանակետերի դեմ կամ օգնում և ղեկավարում էին պայքարի այլ միջոցները: Հետախուզման և միաժամանակ օդային մարտի ղեկավարման համատեղումը հին ցանկություն էր և ի հայտ էր եկել հիմնականում ռադիոսարքավորումների զարգացման շնորհիվ. դեռեւս ԵՀՊ-ի երկրորդ կեսից ԱՄՆ ծովուժում կիրառվում էր «ՏԲՄ-3Վ» ինքնաթիռը, որը («Կադիլլակ» նախագիծ) ինքնաթիռի ներքևում տեղադրված ռադիոտեղորոշիչ սարքի շնորհիվ հնարավորություն ուներ հակառակորդի ինքնաթիռները հայտնաբերել մինչև 160 կմ հեռավորության վրա: Հետագայում այս ինքնաթիռի հնարավորություններն ավելի մեծացան, սակայն մինչև պատերազմի ավարտն այդպես էլ չհաջողվեց լուծել գլխավոր խնդիրներից մեկը` ինֆորմացիայի փոխանակումը, համագործակցումն այլ համակարգերի հետ և այլն, այսինքն` մարտի ղեկավարումը: Նմանատիպ մի ինքնաթիռ էր նաև անգլիական «Վելինգտոնը», որը մեծ հուսալիությամբ հայտնաբերում էր հակառակորդի ռմբակոծիչները: Մինչ օրս ամերիկացիները և անգլիացիները վիճում են, թե ով է առաջինը ստեղծել այդպիսի ինքնաթիռ:

Պատերազմից հետո նման համալիրներ տեղադրվեցին նաև այլ ինքնաթիռների վրա, սակայն հրամանատարությանն այս ամենը չէր բավարարում: Նրանց հարկավոր էր օդային մարտի կազմակերպիչ, որպիսին էլ առաջինը հանդիսացավ ամերիկյան «ԵՑ-121»-ը, որ ստեղծվել էր «Քոնսթելեյշն» բեռնատարի հիման վրա եւ սպառազինության մեջ էր ընդունվել 1953թ.: Ինքնաթիռն ուներ ռադիոտեղորոշման կայան՝ ռադիոսարքավորումների վեց տոննա ընդհանուր կշռով: Շուտով ստեղծվում են նաև ամերիկյան «Ե-1 Թրեյսեր» և արտասահմանյան համանման ինքնաթիռներ, որոնցից էր նաև խորհրդային «Տու-126»-ը: Այն սպառազինության մեջ է ընդունվել 1961թ.:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Պատմության էջերից


21/02/2013