Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԵՎ ԿԱՏՈՒ»` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ



Լուրջ հիմքեր կան պնդելու, որ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների միջև փոխադարձ հակակրանք կա: Ավելին՝ Թուրքիան գործուն քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի իշխող վարչակարգին հեղինազրկելու ուղղությամբ:

Խոսքը միայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ Ալիևների բոստանը քար նետելու առիթը բաց չթողնելու մասին չէ: Վերջերս նա թուրքական հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Բաքվում կառուցված Հեյդար Ալիևի անվան կենտրոնը «Դրսից նայելիս շատ խոշոր, գեղեցիկ բան է թվում: Ներս ես մտնում եւ տեսնում, որ այն փողերը վատնելու տիպիկ օրինակ է»: Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլգ» թերթը գրում է, որ Էրդողանի այս արտահայտությունը կարող է «թուրք-ադրբեջանական հարաբերություններում լարվածության նոր ազդակ» լինել:

Բանն այն է, որ այդպիսի «շարժառիթներ» էլի կան: Փետրվարի 7-ին սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերը աղմուկ բարձրացրին այն փաստի առթիվ, որ Թուրքիայի բարձրագույն դպրոցների իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար նախատեսված «Սահմանադրական իրավունք» դասագրքում Ադրբեջանի նախկին նախագահ, «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւը ներկայացված է որպես բռնապետ` Սադամ Հուսեյնի եւ Պինոչետի հետ դասվելով միեւնույն շարքը:

Տեղին է հիշել, որ Հեյդար Ալիևին պարզապես ոչնչացնող քննադատության է ենթարկել նաև թուրք նախկին դիվանագետ Թուրգութ Էրը, որը 1990-ականներին եղել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան աշխատակից: 2010թ. վերջին Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացրեց նրա 500-էջանոց «Ազատությունից դեպի բռնատիրություն» գիրքը, որը Հեյդար Ալիևի մասին է: Այդ գրքում թուրք դիվանագետը, վկայակոչելով բազմաթիվ աղբյուրներ, նշում է, օրինակ, որ Հ.Ալիևը Բաքվում և Մոսկվայում իր 50-ամյա պաշտոնավարման ընթացքում զբաղվել է սեփական գրպանը լցնելով, իսկ 1990թ., վերադառնալով Նախիջևան, այդ միջոցներն օգտագործել է իշխանությունը զավթելու համար: Ընդ որում, 1970-80-ական թթ. նրա պաշտոնավարումը Ադրբեջանում ուղեկցվել է մտավորականների, գիտնականների, գրողների և բանաստեղծների նկատմամբ ֆիզիկական ու բարոյական ահաբեկչությամբ (նույնը, ի դեպ, այսօր անում է նրա որդին): Բնական է, որ Ադրբեջանում, մեղմ ասած, սվիններով ընդունեցին այս գիրքը և դրա հրատարակումը Թուրքիայում համարեցին ոչ բարեկամական քայլ:

Իսկ ի՞նչ կնշանակի Թուրքիայում շրջանառվող այն վարկածը, ըստ որի՝ այդ երկրի նախկին նախագահ Թուրգութ Օզալին 1992թ. թունավորել է… Հեյդար Ալիևը: Օզալը մահացել է Բաքու կատարած այցից կարճ ժամանակ անց: Թուրք քաղաքագետ Օմեր Օզքայան թուրքական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ թույնը Օզալին մատուցվել է լիմոնադի մեջ, իսկ լիմոնադը Բաքվում նրան հրամցրել է «Օզալի վստահությունը վայելող ղեկավար անձանցից մեկը` Հեյդար Ալիեւը»: Ըստ Օզքայայի` այս տեղեկությունը Թուրքիա է հաղորդել Բուլղարիայի հատուկ ծառայությունների` թուրքերին բարեկամ մի աշխատակից, որի խոսքով՝ այդ թույնն «իրենք» են տրամադրել Ալիևին: ԽՍՀՄ պատմությամբ զբաղվող քաղաքագետի խոսքով` բուլղարական հատուկ ծառայությունների աշխատակիցն այս սենսացիոն բացահայտումն անելուց միառժամանակ անց սպանվել է:

Հեյդար Ալիևի վարկաբեկմանը միտված փաստերի շարանը չի կարող պատահական լինել: Ուստի քաղաքագետներին հուզող հարցն այն է, թե ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի և Ադրբեջանի վերնախավերի միջև այլևս անթաքույց հակակրանքը:

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը նշում է, որ երկու «եղբայրական» պետությունների միջև տարաձայնությունները սկիզբ են առնում, թերևս, 2009 թվականից` կապված հայ-թուրքական արձանագրությունների հարցում Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումների տարբերության հետ: 2009թ. հոկտեմբերի 14-ին թուրքական Բուրսա քաղաքում Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղից մի քանի ժամ առաջ թուրքական ոստիկանությունը Ադրբեջանից ժամանած ֆուտբոլային երկրպագուների ձեռքերից խլեց Ադրբեջանի դրոշակները, որոնցով լցվեցին մարզադաշտի աղբամանները: Ի պատասխան` Ադրբեջանը Բաքվում «շահիդների պուրակից» հանեց Թուրքիայի դրոշը` մարմարե պատվանդանով հանդերձ: Հետո այն, իհարկե, վերադարձվեց, բայց նախազգուշացումը մնաց:

Ադրբեջանը խանգարեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փորձերին` պատճառ դառնալով ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների վատացմանը: Բացի դրանից, Ադրբեջանն ու Թուրքիան լուրջ քաղաքական տարաձայնություններ ունեն նաև Իսրայելի հետ հարաբերությունների (Թուրքիայինը լարված են, Ադրբեջանինը` բարեկամական), Կոսովոյի և Կիպրոսի (Ադրբեջանը չի ճանաչում դրանց անկախությունը, Թուրքիան ճանաչում է) հարցերում:

Դատելով ըստ ամենայնի՝ Ադրբեջանը վարում է ավելի անկախ քաղաքականություն, քան ակնկալում էր Թուրքիան: Քաղաքական դիտորդները վաղուց են նկատել, որ Իլհամ Ալիևը դարձել է հավակնոտ ղեկավար, որն իր հորը գերազանցելու կամ գոնե նրան չզիջելու բարդույթ ունի: Վերջինիս դրսևորումները, ըստ երևույթին, արդեն նյարդայնացնում են Թուրքիայի ղեկավարությանը, որը եւ որոշել է փոխել Ադրբեջանի վարչակարգը: Այս ենթադրությունը հիմնվում է մի ճշմարտության վրա. սասանել Հեյդար Ալիևի հեղինակությունը կնշանակի սասանել Ադրբեջանի ներկայիս կլանի իշխանությունը:

Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Ռազմաքաղաքական


21/02/2013