Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑԱԾ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԻ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Սկիզբը` նախորդ համարում

Օ.ՀԱՅՐԱՊԵՏՈՎԻ ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

«Խոստովանում եմ, որ ինձ համար տհաճ է գրել այս գրախոսությունը Նորման Սթոունի աշխատության մասին: Առաջին հերթին, որ այն իսկապես թույլ, իսկ որոշ դեպքերում բացահայտ կեղծ գիրք է, և երկրորդ, որ հեղինակը ժամանակին ինձ համար եղել է վառ, ոչ հասարակ և համակրելի պատմաբան: Նա կարողանում էր գնահատել փաստերը, փայլուն կերպով վերլուծել աղբյուրներն ու գրականությունը, Առաջին համաշխարհային պատերազմի ռուսական ռազմաճակատի վերաբերյալ նրա աշխատանքը երևույթ էր անգլալեզու գրականությունում:

Այժմ Նորման Սթոունը ղեկավարում է Անկարայի Բիլքենդի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնը և միաժամանակ ղեկավարում է տվյալ բուհի ռուս-թուրքական կենտրոնը: Ըստ Սթոունի` Առաջին համաշխարհային պատերազմի համառոտ պատմությունը, որը հիմնականում այդ իրադարձությունների թուրքական տարբերակն է, գրվել է իսկական եվրոպացու կողմից: Ռուսական կայսրության տարածքի կազմավորման իր երազանքը նա ներկայացրել է համառոտ և պարզ. դա Բրեստի հաշտությունն է (կնքվել է 1918 թ. մարտի 3-ին, որով բոլշևիկները, ի թիվս այլ տարածքների, թուրքերին «նվիրեցին» Արևմտյան Հայաստանը, այդ թվում նաև Կարսի մարզը, Սուրմալուի գավառը), այսինքն` Ռուսաստանի, որպես մեծ տերության, ոչնչացումը: Դա Գերմանիայի համար գործողությունների ազատություն էր Արևելյան Եվրոպայում, իսկ Թուրքիայի համար` (Հայաստանում) Անդրկովկասում: Ճաշակի մասին չեն խոսում, սակայն եկեք անաչառ քննարկենք: Գերմանիան, հեղինակի կարծիքով, Բրեստում «շատ տարածք չի վերցրել», սակայն անհասկանալի է, թե ո՞վ դրանք վերցրեց: Մի՞թե նորակազմ պետությունները, որոնց պ-ն պրոֆեսորն անվանում է «գերմանական կամակատարներ»: Կասկածելի է, որ ժողովուրդները ազատագրված լինեին, քանի որ նրանց տարածքում իրական իշխանությունը պատկանում էր զավթիչներին:

Իմիջիայլոց, ժողովուրդների և տարածքների մասին: Մի քանի տարի առաջ Սթոունի Բիլքենդի բրիտանացի կրտսեր գործընկերներից մեկը դիմեց ինձ` օգնելու պարզաբանել ռուսական կայսերական քաղաքականությունն «արևելյան Անատոլիայում»: Իմ այն հարցին՝ ինչո՞ւ է նա օգտվում այդ անհեթեթ աշխարհագրական նույնաբանությունից` («արևելյան Անատոլիա» բառացի նշանակում է արևելյան Արևելք) համապատասխան տերմինը` «Արևմտյան Հայաստան» օգտագործելու փոխարեն: Այս գիտնական այրը պատասխանեց, որ իհարկե գիտի, թե ինչ է «Արևմտյան Հայաստանը», սակայն աշխատում է թուրքերի համար և նրանցից փող է ստանում: Մեկնաբանություններն ավելորդ են: Փողասերի օգնության խնդրանքը մերժվեց:

Նման գորովագութ մոտեցումներ մշտապես հանդիպում են նաև Ն. Սթոունի աշխատության էջերում: Նա, օրինակ, գտնում է, որ 1914 թ. սկզբին Անտանտի երկրները հարկադրեցին Թուրքիային ինքնավարության նման մի բան տալ արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստան) մասնակի հայկական նահանգներին: Անհրաժեշտ է նկատել, որ տեղանունների փոխարեն այդ նորահայտ բառակապակցությունը նա նշում է հարմարության սկզբունքից ելնելով: Ի՞նչ ասես: Կեցցե՛ս պ-ն պրոֆեսոր: XX դարասկզբի Հայկական հարցի հիմնախնդրի հիասքանչ և հարմար ընթերցում: Իսկապես, «Արևմտյան Հայաստանի մասնակի հայկական նահանգներ» դժվար թե հնչեր համոզիչ: Այդ դեպքում ստիպված էր դիմել փաստաթղթերին, հիշատակել հայ բնակչության համակարգված ոչնչացումները և բռնագաղթը, որն ուղղված էր քրիստոնյաների և մահմեդականների, այդ թվում նաև քրդերի տոկոսային հարաբերության փոփոխությանը հենց «մասնակի հայկական նահանգներում»: Փոքրիշատե ցանկության դեպքում դա կարող է անել ցանկացած մեկը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը (Սերգեյ Սազոնովը) հիշում է. «Հայ ժողովրդի պատմությունը, սկսած տասներեքերորդ դարից, երբ նա սկզբում ընկնում է սելջուկների, ապա փոփոխականորեն մոնղոլների ու պարսիկների իշխանության ներքո և, վերջապես տասնչորսերորդ դարում՝ Օսմանյան կայսրության հիմնումից հետո ճորտական կախվածության մեջ դրվեց քուրդ ավատատերերի կողմից, իրենից ներկայացնում է բազմադարյա տառապանք: Որքան էլ սարսափելի է թուրքական իշխանության ներքո գտնված քրիստոնյա բոլոր ժողովուրդների պատմությունը, սակայն նրանցից եւ ոչ մեկը կրած տառապանքների տեսանկյունից չի կարող համեմատվել հայ ժողովրդի պատմության հետ, որի դրությունը այն աստիճանի ողբերգական էր, որ մյուսների նման երբեք չէր կարող թոթափել բարբարոսների լուծը և կազմակերպել իր գոյությունը ազգային անկախության սկզբունքի հիման վրա: Դրա համար նրան չէր բավարարում գլխավոր պայմանը` սեփական տարածքը»: Անցյալում նման մի բանի առկայությունն է, որ ժխտում է պ-ն Սթոունը:

Պրոֆեսորը հանդիսանում է հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործուն մարտիկներից (ընդդիմադիրներից) մեկը: Դժվար չէ նկատել, որ Նորման Սթոունը Հայկական հարցի դեմ սուբյեկտիվ պայքարը սկսեց այն ժամանակ, երբ Անգլիայից տեղափոխվեց Թուրքիա: Նախկինում նա չէր նկատվել այդ ասպարեզում: Ձևականորեն նա հանդես է գալիս այդ իրադարձությունների նկատմամբ գիտական մոտեցմամբ: Տեսնենք, թե ինչպես է դա արտահայտվում նրա աշխատությունում:

Սթոունի մոտեցման մասին կարելի է դատել թեկուզ իր վերջին աշխատությունում կատարած հայտարարությամբ. «Էնվերը (Օսմանյան կայսրության զինվորական նախարար, որին հեգնանքով անվանում էին «փոքրիկ Նապոլեոն») ներխուժեց Ռուսաստան` Կովկասով և ահռելի կորուստներ կրեց` նրա 100 հազար զինվորները մահացան հիվանդություններից և ցրտից Սարիղամիշի սարահարթի մոտ (Սարիղամիշի ճակատամարտը տեղի է ունեցել 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 4-ը)»: Այսպես համառոտ, պարզապես նրբագեղ: Չի եղել թուրքական ներխուժումը Պարսկաստան, չեն եղել ծանր մարտեր Սարիղամիշի և Արդահանի շրջանում, որտեղ ռուսական զորքերը ջախջախեցին թուրքերին: Նրանք պարզապես սկսեցին ներխուժումը, իսկ հետո հիվանդացան և … մահացան: Համարյա ամբողջը: Իմիջիայլոց, փոքրիշատե ցանկության դեպքում կարելի էր էականորեն մեծացնել աղբյուրագիտական և պատմագիտական բազան «կարճ պատմության», պահպանելով նրա հակիրճությունը, սակայն, այնուամենայնիվ, տեղ թողնելով ճշմարտության համար: Իսկ այն շատ պարզ է. թուրքերը, սկսելով ռազմական գործողությունները, նպատակ ունեին շրջապատել ռուսական բանակը Սարիղամիշի շրջանում, և պետք է ասել, որ բավականին մոտ էին իրենց այդ պլանի իրականացմանը, սակայն, ի վերջո, ջախջախվեցին: Այս ամենը Սթոունի ընթերցողը չի իմանա: Ինչպես նաև շատ այլ փաստեր:

Թուրքերի փորձը` վերջնականապես լուծել «Հայկական հարցը», պրոֆեսորն արդեն չի սահմանափակում թերասությամբ և հնարանքով` նա պարզապես ստում է. «Եղել է հայկական մեծ ապստամբություն արևելքում` Վանում, որտեղ մահմեդական քաղաքը ոչնչացվեց մեծ կոտորածով (1915 թ. ապրիլի 7-ից մինչև մայիսի 4-ը Վան քաղաքի երկու թաղամասերի` Այգեստանի և Քաղաքամիջի բնակչությունը դիմագրավել է տասն անգամ գերազանցող թուրք-քրդական կանոնավոր և անկանոն ուժերին, որոնք զինված էին գնդացիրներով և հրետանիով): Ահա այսպես, առանց որևէ հղման անգլալեզու, իսկ այժմ նաև ռուսալեզու ընթերցողին ներկայացվում է տեղի ունեցածի «անաչառ» տարբերակը: Պարզվում է, որ չի եղել հայերի սպանդ, որը սկսվել է պատերազմի սկզբից ոչ միայն Արևմտյան Հայաստանի տարածքում, այլև ռուսական Անդրկովկասում, դեպի ուր ներխուժել էին անսպասելի հիվանդություններից «մահացած» Էնվեր փաշայի ռազմիկները: Ես արդեն լռում եմ այն մասին, որ ոչնչացվել է ոչ միայն չեզոք Պարսկաստանի հայ, նաեւ ասորի բնակչությունը:

Իմիջիայլոց, Արդահանում թուրքերի գտնվելու հինգ օրերի ընթացքում ոչնչացվել էր մի ամբողջ քաղաք: Ռուսաստանում «հիվանդացածների» հերոսություններից հետո կազմակերպվում է թուրքական ռազմաճակատում պատերազմի կանոնների և ավանդույթների խախտումները քննող հանձնաժողով: Նրա աշխատանքների ընթացքում Արդահանի մոտ ի հայտ են գալիս թուրքական գազանությունների զոհերի զանգվածային թաղումներ: Հիմնականում սպանվել էին հայ տղամարդիկ` սկսած 12-13 տարեկանից: Նրանց քաղաքից դուրս էին բերում, սպանում և թաղում էին մեծ փոսերում: Դրանից հետո սկսվում էին մնացած բնակչության` կանանց ու փոքրահասակ երեխաների գազանային ջարդերը: Թուրքերը առանձնահատուկ ճիվաղային հնարամտություն էին ցուցաբերում եկեղեցիների նկատմամբ: Մինչդեռ այս ամենին ներկա գերմանացի սպաները ոչինչ չէին անում, որպեսզի դադարեցնեն այդ սպանդը: Իրականացվածն այնքան է հիշեցնում նացիստների կատարած հանցագործությունները մեր երկրում (1941-1944 թթ.), որ անհնար է չենթադրել, թե դեռ այն օրերին գերմանացի սպաները ժամանել էին այնտեղ, որպեսզի ընդօրինակեն թուրքական փորձը և իսկապես էլ` ընդօրինակեցին:

Այսպես, օրինակ՝ նկարագրելով Կովկասյան ռազմաճակատի փլուզումը (1917 թ. վերջին և 1918 թ. սկզբին), Սթոունը գրում է. «Հույները և հայերը, բրիտանացիների և ֆրանսիացիների օրհնությամբ ներխուժեցին Անատոլիա»: Հիրավի հուզիչ է: Բիլքենդում աշխատող անգլիացի գիտնականի անաչառությունն այնքան հեռուն է հասել, որ նա պատրաստ է քննադատելու նույնիսկ Անգլիային` Ֆրանսիան, իհարկե, հաշվի չի առնված: Եվ կրկին, եթե հույն-թուրքական պատերազմը (1919-1922 թթ.) լավ հայտնի է (համենայն դեպս՝ Արևմուտքում), ապա հայկական ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները գրեթե անհայտ են: Դա կեղծարարի համար առավելություն է` կարելի է առաջարկել ցանկացած տարբերակ: Ում է հետաքրքրում, որ, օրինակ՝ 1918 թ. Հայաստանը գործնականում բանակ չուներ, որ նա ստիպված էր պաշտպանվել հարձակվող թուրքերից` գործնականում չունենալով թիկունք: Թիկունքում՝ թուրքերի կողմում, գործում էր թաթարական (ադրբեջանական, միաժամանակ Հայաստանում գլուխ էին բարձրացրել մահմեդական տարբեր ցեղախմբեր, որոնք անընդհատ հարձակումներ էին գործում հայկական բնակավայրերի վրա) կորպուսը: Այդ նույն ժամանակ Կովկասյան ռազմաճակատից հեռացող ռուս զինվորների գնացքակազմերը ենթարկվում էին հարձակման և ոչնչացման ադրբեջանցի և վրաց ազգայնամոլների կողմից, որոնք կազմակերպեցին Շամխոր կայարանի սպանդը (1918 թ. հունվարին սպանվել են մոտ հինգ հազար տուն վերադարձող ռուս զինծառայողներ, բռնագրավվել մեծ քանակությամբ զենք՝ 15 հազար հրացան, 20 թնդանոթ, 70 գնդացիր ու մեծ քանակությամբ զինամթերք): Իրականում՝ ում են հետաքրքրում նման «մանրուքները»:

Այսպիսով, մեր առջև մի գիրք է, որում միավորված են հոյակապ թեթև ոճը, թեթև սահք մակերեսային իրադարձություններով, նրբագեղ փարիսեցիությամբ, որը մի շարք հարցերում զուգակցվում է հետևողական ժխտողականությամբ, իսկ հաճախ նաեւ՝ դրանց չիմացությամբ: Դատելով դրանից, նման լայն տեսակետը Թուրքիայում ակտիվորեն աջակցվում է: Սակայն ո՞ւմ ենք մենք պարտական ռուսերենով այդ «գլուխգործոցի» հայտնվելու համար: Ում է այն պետք եղել: Իսկ ինչու՞ չթարգմանել և հրատարակել Նորման Սթոունի ավելի վաղ և անկասկած գիտական աշխատությունները: Ինչու՞ է թարգմանվել և հրատարակվել Ռուսաստանում նման անհույս թույլ գրքույկը: «Ամեն ինչ կարող եմ` ասաց ոսկին» (Թուրքական կողմը առաջնորդվում է Մակեդոնիայի արքա Փիլիպոս II-ի` Ալեքսանդր Մակեդոնացու հոր հետևյալ խոսքերով` «Ոսկով բեռնված ավանակը կգրավի ցանկացած ամրոցը» սկզբունքով): Ցավալի է, եթե այդպես է, ինչպես նաև, Աստված ազատի, եթե մարդիկ սկսեն իրենց ծանոթությունը պատմության հետ, այդ թվում իրենց երկրի անցյալի` այսպիսի համառոտ տարբերակով»:

Պատրաստեց` ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


21/02/2013