Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»



Ձյունը նստել է սարերին, ծառերին, թփուտներին։ Արևի հետ եղևնու կռացած մի ճյուղից թափվում է ձյունը, ու այն բարձրանալով՝ շարժում է իր վրա կռացած մյուս ճյուղը և այսպես աստիճանաբար ծառը շտկվում է։ Անտառը սկսում է կամաց խշշալ։ Լռությունը փախչում-մտնում է ծմակուտ-քարանձավները։ Քամին իր հետ բերում է արդեն ցրտին սովոր թռչունների ձայները։ Դիլիջանի անտառներում կյանքը սկսում է երակ-երակ տարածվել։ Ի՞նչ զգացողություններ է ունեցել բնության մեծ սիրահար, սիրելի գրող Վախթանգ Անանյանը։ Տեսնես ո՞րն է Ավելուկ սարը, որտեղ յայլաներում ծնվել է բնության մեծ սիրահարը, որին մայրը շալակած` անձրևի տակ իջել է Պողոսքիլիսա (այժմ՝ Շամախյան, Դիլիջան քաղաքի թաղամաս)։

-Վախթանգ Անանյանի հայրական տունը պահպանվո՞ւմ է,- հարցնում եմ վարորդին։

-Կա, սակայն տանտերն ուզում է այն քանդել, նոր տուն կառուցել։ Մի քանի տարի առաջ Երևանից եկան ասացին, որ նոր տան համար գումար կտան։ Սպասում է՝ չեն գալիս։ Իսկ տունն էլ իրոք խարխուլ է, փոքր։ Չգիտեմ, ինչ կլինի,- ասում է վարորդը ու ավելացնում,- իրոք, լավ կլիներ, որ գային, զբաղվեին, տեր կանգնեին այն տանը, որտեղ ծնվել է մեր մեծ գրողը։ Ամեն մի տարածք նվիրական է դառնում նախնիների մասունքներով, հիշողություններով։ Այն տանը, որտեղ ծնվել է մեծ գրողը, նրա շունչը կա, նրա ոգին, նրա սերը հայրենիքի, բնության հանդեպ։ Լավ կլիներ տունը մնար, հետո միգուցե դառնար թանգարան…

…Առաջին անգամ եմ լինում «Լեռնային Հայաստան» առողջարանում։ Մեր թերթը բազում շնորհակալական նամակներ է ստացել, որտեղ գովեստի ջերմ խոսքեր են եղել` ուղղված հրամանատարությանը, սպասարկող, բուժող անձնակազմերի հասցեին։ Ժողովուրդն ասում է. «Մեկ անգամ տեսնելը հազար անգամ լսելու տեղը կտա»։ Եվ դա իրոք այդպես է։ Այս գրառումները ծնվեցին այդ օրերին։

ՈՒՐԱԽ ՏՂԱՆԵՐ

Գարիկ Նազարեթյանը, Հակոբ Սաֆարյանը, Գարիկ Գրիգորյանը ծառայում են տարբեր զորամասերում։ Գարիկ Նազարեթյանը Գյումրիից է, մյուս Գարիկը՝ Սիսիանից, իսկ Հակոբը՝ Երևանից։ Այստեղ իրար հանդիպել են, ծանոթացել, ու երբ ծիծաղի, աշխույժ զրույցի ձայն է լսվում, հանգստացողները նույնպես ժպտում են։ «Ուրախ տղաներն են,- ասում են նրանք,- տեսնես էս անգամ ի՞նչ անեկդոտ են պատմում»,- ու շրջապատում են նրանց։

Իսկ անեկդոտներ` ինչքան ուզեք. դե որտեղ գյումրեցի Գարիկը, էնտեղ Գյումրվա համով-հոտով խոսքն ու զրույցը, հետո Գյումրվա «քյալլեն», խաշը։ Արդեն մտերիմ ընկերներ են դարձել, ու տղաներին նա հրավիրում է Գյումրի։ Սիսիանցի Գարիկն էլ իր հերթին նրանց հրավիրում է Սիսիան։ Թե ուր պետք է գնան՝ որոշում է երևանցի Հակոբը. «Տղե՛րք, ձեր տարածքի ազգային խոհանոցով համեցեք մայրաքաղաք՝ մի բան էլ ես կավելացնեմ»։

Գյումրեցի Գարիկը չի համաձայնում. «Չէ, Հակոբ ջան, հայրաքաղաքը թողած՝ գամ մայրաքաղա՞ք, բա մերոնք ի՞նչ կըսեն»,- գյումրվա խոսվածքով ասում է նա։

Տղաները լուսանկարվում են հանգստյան տան ճաշարանի պետ Վարդանի հետ, որը հանգստյան տուն այցելած ամեն մեկի սիրելին է. «Իմ Մախմուր տատը գաղթի ճամփաներով անցել, ընկել էր որբանոց, հետո հաստատվել Դիլիջանում։ Երանի ողջ լիներ ու տեսներ մեր բանակը, մեր զինծառայողներին։ Անչափ ուրախանում եմ, երբ հանդիպում եմ սահմանամերձ շրջաններից հանգստի եկածներին։ Եղել եմ այդ վայրերում, տեսել նրանց ծառայությունը, նրանք շատ բանի են արժանի»։

ԲՆՈՒԹՅԱՆ ՍԻՐԱՀԱՐԸ

…Առողջարանի ինչպես տարածքի, այնպես էլ ներսի ծաղիկների, բույսերի խնամքով զբաղվում է Արսենը։ Թեկուզ մեկ անգամ այնտեղ ոտք դրած մարդը կզգա, թե որքան հանգստություն, հոգեկան ներդաշնակություն, խաղաղություն են ավելացնում բազմատեսակ, բազմերանգ այդ ծաղիկները առանց այն էլ հանգստյան տան խաղաղ միջավայրին։ Արսենը բնության լեզուն սովորել է հորից՝ կենսաբան Ռաֆիկ Վարդապետյանից, որը երկար տարիներ Դիլիջանի անտառներում զբաղվել է բծավոր եղջերուների բուծմամբ։ Պատրաստվում էր արդեն թեկնածուական պաշտպանել, ափսոս, վաղ հեռացավ կյանքից։

-Մանկուց ինձ իր հետ տանում էր անտառ, ջրափոսեր էինք պատրաստում, կերակրում կենդանիներին։ Հայրիկիս եղջերվափողի կանչով բծավոր եղջերուները իջնում էին ջրի։ Հիմա երբ տեսնում եմ, թե հանգստացողներին որքան են գերում այս ծաղիկները, խոտաբույսերը, ես էլ եմ հոգով բավարարվում։ Չէ՞ որ նրանք խաղաղված. հանգիստ նորից կգնան ծառայելու մեր բանակում, մեր սահմաններին,- ասում է Արսենը։

ԲԱՆԱԿԻՆ ՈՒԺ ԵՎ ԿՈՐՈՎ

…Հերթապահ բուժքույրը, երբ անունն ասելիս տեսավ իմ զարմանքը, ժպտաց. «Այո, Սիրուհի է, Տիրուհի չէ։ Հեշտ հիշելու համար ասեմ, որ հիշեք Գրիգոր Լուսավորիչ անունը։ Ազգանունս՝ Գրիգորյան, անունս՝ Լույս-Սեր-Սիրուհի։

Իր և ընդհանրապես աշխատակիցների գործը ներկայացնում է հակիրճ, մեկ նախադասությամբ.

-Աշխատողներից շատերը, բուժքույրերը հիմնականում Դիլիջանից ենք։ Բոլորս էլ ունենք հոգսեր, տուն, ընտանիք, թոռներ, բայց ամեն առավոտ էդ հոգսերը թողնում ենք լեռան տակ՝ քաղաքում ու ժպիտով բարձրանում ենք «Լեռնային Հայաստան» առողջարան, որովհետև գիտենք, թե ովքեր են այստեղ հանգստացողները։ Եվ գիտակցում ենք, որ մեր ժպիտը, վերաբերմունքը վիրավոր ազատամարտիկի, զոհվածի ծնողի, մոր համար սպեղանի է, մեր սահմանները պաշտպանող զինծառայողների համար ուժ և կորով։

…Իսկ բուժքույր Պայծառի կարմրաթուշ աղջնակը՝ երրորդ դասարանցի Անին, որն Ամանորի մոտենալու հետ շատ էր լսել խոզերի աղմուկն ու ճղճղոցը, ծիծաղելով ասում է. «Վախենում եմ պայթող փուչիկից ու մեկ էլ խոզի ճղճղոցից»։

…Բուժքույրեր Գոհար Սարգսյանը, Սոնյա Թամրազյանը, Ջեմմա Մելքոնյանը երկար տարիների աշխատանքային փորձ ունեն։ Բարեխիղճ են, հոգատար։ Չեմ կարծում, թե գտնվի որևէ մեկը, որը նրանց աշխատանքից դժգոհ կլինի։ Հետաքրքիր պատմություններ են վերհիշում դեռ խորհրդային տարիներից.

-Մի անգամ Երևանից մի երիտասարդ բժիշկ եկավ։ Որոշեցինք փորձել` գրագե՞տ է, ու սկսեցինք հարցեր տալ։ Ինչ հարց տվեցինք՝ պատասխանեց։ Վերջը, երբ գլխավոր բժիշկը հարցրեց մեր կարծիքը, բուժքույրերից մեկն ասաց.

-Շատ խելացի է, բայց շաշ է։

-Ո՞նց թե՝ շաշ,- հարցրեց բաժնի վարիչը։

-Ինչ գիտի՝ ասում է, շատ է խոսում։

…Երբ նոր-նոր հանգստյան տունը սկսել էր սպասարկել պաշտպանության նախարարությանը, ու պատահում էր, որ բժիշկ-մասնագետների պակաս էր զգացվում, Վ.Սարգսյանը Երևանից մեկ կամ մի քանի ամսով մասնագետներ էր ուղարկում։ Ասում էր՝ գնացե՛ք, հա՛մ կհանգստանաք, հա՛մ էլ կբուժեք։

ՁՄԵՌ ՊԱՊԻ ՆՎԵՐԸ

…Երիտասարդ սպա Հովիկ Հովհաննիսյանը եկել է կնոջ՝ Արմինեի, 4-ամյա գեղեցկուհի Անուշիկի ու փոքրիկ չարաճճի Անահիտի հետ։ Ճաշարանում փոքրիկ չարաճճին ոչ ինքն էր ուզում ուտել, ոչ էլ թողնում էր «սեղանակիցները» հանգիստ ուտեն։ Միայն ժպտերես Հերմինեին էր ուշադիր լսում-ծիծաղում։ Փոքրիկ Անուշիկին ու չարաճճի Անահիտին ճաշարանի աշխատակցուհի Հերմինեն ու բուժքույր Աստղիկը արդեն սովորեցրել էին, որ երբ ծնողները հարցնեն, թե Ձմեռ պապը Ամանորին ինչ բերի, քույրիկները ասեն. «Ուզում ենք մեզ այս տարի Ձմեռ պապը ապերիկ բերի»։

Մարինեն կատակով դիմում է ծնողներին.

-Չմոռանաք քույրիկների խնդրանքը փոխանցել Ձմեռ պապին։

…Առողջարանում իրենց հանգիստն են անցկացնում զոհված ազատամարտիկ Գրիգոր Ղազարյանի մայրը՝ տիկին Լիդան, գրող-հրապարակախոս Սամվել Շահմուրադյանի մայրը՝ Կլարա մայրիկը, Արտակ Ղազարյանի մայրը՝ տիկին Զոյան, զինվոր Գեւորգի ծնողները՝ Ազատ ու Անժելա Պետրոսյանները, Երասխի կռիվներին ոտքը կորցրած Վահագն Մարկոսյանը` տիկնոջ` Ռուզաննայի հետ, և էլի շատերը։ Մայրերը պատմում են իրենց զավակներից, վերհիշում նրանց սխրանքներն ու հպարտության հետ աղոթքի ու բարեմաղթանքի խոսքեր ասում Հայաստան աշխարհի, իրենց զավակներին փոխարինած` սահմաններին կանգնած հայոց բանակի զինվորին ու հրամանատարին։ Ասում են հպարտությամբ, վստահ, որ իրենց զավակների արյամբ ազատագրված տարածքները ամուր և անսասան ձեռքերում են։

ՄԵՆՔ ՔԻՉ ԵՆՔ, ՍԱԿԱՅՆ…

…Վանաձորից դերասան-ասմունքող Ջիվան Սարգսյանը եկել է առողջարան և մայրերի, ազատամարտիկների, զինծառայողների համար հանպատրաստից միջոցառում է կազմակերպել։ Արտասանում է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից հատվածներ, «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությունը, Գևորգ Էմինի «Սասունցիների պարը», իր ազատամարտիկ ընկերների բանաստեղծություններից։ Մայրերի ջերմ ծափահարություններից, սրտի խոսքերից հետո ելույթ է ունենում վիրավոր ազատամարտիկ Պարգևը, որն իր հրաշալի ձայնով կատարում է Ջիվանու «Քանքարավոր ընկեր» երգը։ Նորից ջերմ ծափահարություններ, ոգևորություն… «Լեռնային Հայաստան» առողջարանի մեկ օրն էլ անցնում է այսպես… Իսկ հանգստյան տանը այդպես հետաքրքիր, հանգիստ և խաղաղ են անցնում բոլոր օրերը։

ԱՆԿԵՂԾ ՎԵՐՋԱԲԱՆ

Եվ վիրավոր ազատամարտիկների, հերոսների մայրերի, հարազատների, այրիների, զինծառայողների շնորհակալական խոսքը իրոք անկեղծ է։ Նրանք բարի խոսքեր են ասում առողջարանի ղեկավարության, պաշտպանության նախարարի, բոլոր այն մարդկանց հասցեին, ովքեր լսում են իրենց, ձեռք են մեկնում։ Ի վերջո, այդ բոլոր բարի խոսքերը, օրհնանքները օղակ-օղակ բարձրանալով՝ հասնում են մինչև երկրի գերագույն գլխավոր հրամանատարը։ Եվ մտածում ես՝ որքան լավ կլիներ կյանքը, մարդիկ որքան բավարարված իրենց կզգային, եթե ամեն մի օղակ աշխատեր այսպես՝ սրտացավ, հոգատար։

Եվ հարկ եմ համարում բոլոր հանգստացողների խնդրանքով գրել նրանց անունները՝ ի նշան երախտիքի ու շնորհակալության։

Զորամասի հրամանատար, «Լեռնային Հայաստան» առողջարանի պետ, գնդապետ Կորյուն Եղիազարյան, տեղակալ, մայոր Սամվել Հովսեփյան, թիկունքի գծով տեղակալ մայոր Միքայել Մելյան, բ/ծ պետ, մայոր Արթուր Արզումանյան, քույր-դիետոլոգ Ռոզա Սանթրոսյան, ճաշարանի պետ Վարդան Վարդանյան։

Նրանց շնորհիվ հանգստյան տնից վերադարձողները ոգևորություն, գոհունակություն, մի խոսքով անչափ դրական լիցքեր են փոխանցում շրջապատին։

Գ.ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Հոգևոր-մշակութային


21/02/2013