Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԱՐԴՄԱՆԱ ԶԱՎԱԿՆԵՐԸ



Բանաստեղծ, գրող-հրապարակախոս Սերժ Առաքելյանի կյանքի անցած ճանապարհն արտացոլված է իր իսկ ստեղծագործություններում՝ մերթ երազային երփներանգ ծաղիկներով դաշտ ու սարեր, մերթ քարափ ու անդնդախոր ձորեր՝ վիհ ու քերծ, որոնց շուրթերին բուսած ծաղիկների թերթիկները թրթռում են հայրենի բնաշխարհի բազմերանգ գույներով ու լույսերով։ Երազային լուսե պատկերները գալիս են մանկությունից, ծննդավայր Արցախի Խերխան գյուղից, որտեղից ճանապարհը նրան տարավ Բաքու։ Գրական աշխարհում արդեն հայտնի բանաստեղծի կյանքում եղել են ճակատագրական պահեր։ Բաքվի արյունալի դեպքերից հետո, երբ ընտանիքով տեղափոխվել էին Երևան ու այդ գիշեր Երևանից պետք է մեկնեին Գյումրի՝ ինչ-ինչ հանգամանքների պատճառով մնացին Երևանում։ Հաջորդ առավոտ տեղի ունեցավ երկրաշարժը… Եվ շատ փախստականներ զոհվեցին։ Ճակատագիրը հետո նրան տարավ հայրենի սահմանները՝ զինվորական լրագրող դարձած մտավորականը մեկ Հայաստանի, մեկ Արցախի սահմաններում էր և գրում էր հայրենասիրական գողտրիկ ակնարկներ, բանաստեղծություններ, պատմվածքներ։

Թվում էր, թե այժմ արդեն պահեստազորի սպա, զինվորական թոշակառու Սերժ Առաքելյանը իր խաղաղ հանգիստը պետք է վայելի, սակայն հայրենիքի, ծննդավայրի համար ազատագրական պայքարի ելած նվիրյալների հանդեպ ունի պարտք և պատասխանատվություն։ Նրանց հերոսական մաքառումները, նրանց սխրանքները որպես երկրի հարազատ զավակ` ուզում է պահ տալ սերունդներին, որովհետև դեռ շատ կան պատմության անավարտ դասեր, որոնք պետք է սերտեն գալիք սերունդները։ Այսպես ծնվեցին «Ես տեսա երկինքների համազարկը», «Ոգի և հավատ», «Արցախ, ներշնչանքի ծաղիկ հրեղեն» գրքերը։

Հերթական գիրքը, որը հեղինակն անվանել է «Գարդմանաց հողի զավակները», հայրենասիրական այդ դասի շարունակությունն է։ Երբ սկսվեց Արցախյան ազատագրական շարժումը, բանաստեղծ Վահագն Դավթյանը այսպիսի մի միտք արտահայտեց. «Ավետյաց երկրի դարպասն Արցախն է։ Արցախով է անցնում այնտեղ տանող ճանապարհը»։ Այսինքն՝ Արցախը Մայր երկրի թիկունքն է, հենարանը, իսկ թիկունքը պետք է ամուր լինի։ Հաղթական հրադադար է. թշնամին չի ուզում հաշտվել իր խայտառակ պարտության հետ և պատեհ-անպատեհ հոխորտում է։ Այսպիսի գրքերը նաև այդ հոխորտանքների պատասխանն են՝ թշնամին պետք է գիտակցի, որ դեռ կան չիրականացած գործեր։ Ավետյաց երկրի ճանապարհը բռնելիս դեռ թիկունքում գործեր կան՝ Հյուսիսային Արցախ, Դաշտային Արցախ, հայրենի եզերքներ, որոնք դեռ գտնվում են գերության մեջ։ Երկիր դրախտավայրից պոկվել են սուրբ մասունքներ և մնացել շան բերանում։ Թշնամու հոխորտանքը ավելի է բացում մեր սպիացած վերքերը, մեր վրեժխնդրությունը, համենայն դեպս, Սերժ Առաքելյանի գիրքը կարդալով ընթերցողն այդ զգացողությունն է ունենում։ Ծով կարոտ կա այդ գրքում՝ հայրենի Չարդախլուում ծնված իր զավակների հոգում։ Եվ անհնար է պատկերացնել, որ ծննդավայր տանող ճանապարհը փակ է մնալու։

Եվ Սերժ Առաքելյանի հերոսները քայլում են այդ ճանապարհով, պատրաստ են քայլելու այդ ճանապարհով, միայն թե այս անգամ ձեռքին ցուպ ու գավազան չի լինելու…

Այդ գյուղի զավակներին ես հանդիպել եմ սահմաններում, դիրքերում կանգնած, նրանք ձեռքը մեկնում են հայրենի օջախների ուղղությամբ ու անգամ հեռավորությունը գիտենալով, ցույց են տալիս ծննդավայր տանող ճանապարհը։ Իսկ թշնամու հոխորտանքները է՛լ ավելի են բորբոքում սպասումը…

Հերոսական գյուղ Չարդախլու, որը միայն Հայրենական մեծ պատերազմին 1254 զինվոր տվեց հայրենիքին, 753 հրամանատար, մարշալներ Հովհաննես Բաղրամյան և Համազասպ Բաբաջանյան, գեներալ-մայոր Գուրգեն Մանասյան…

Այս հերոսական անունների շարքը համալրվում է նաև այսօր՝ Լեոնիդ Մարտիրոսյան, Գարեգին Գաբրիելյան, Ռաֆայել Հովհաննիսյան, Վագիֆ Համբարձումյան, որոնք ազատամարտի ճակատագրական օրերին իրենց անմնացորդ նվիրումը բերեցին հայրենի գյուղի, հայրենի երկրի պաշտպանությանը՝ երիցս հավաստելով, որ Չարդախլուն քաջերի, հերոսների գյուղ է։

Հեղինակը հայրենի Չարդախլուն ներկայացնում է ծննդավայրում իր արմատները խորը գցած պատվարժան մի գերդաստանի պատմությամբ։ Դա Ավագյանների գերդաստանն է, որի պատմությունը գրի է առել Սմբատ Ավագյանը։ Այդ հիշատակարանում գրառել է իր նախնիների պատմությունը։ Այն հիշեցնում է Աստվածաշնչյան «Ծննդոց» գիրքը, միայն փոխված են անունները. «Մեր նախապապ Հարությունը ունեցել է երկու որդի՝ Ավագ և Սարգիս, այստեղից էլ ճյուղավորվել են Ավագյան և Սարգսյան գերդաստանները»։

«Ավագ պապս ունեցել է երկու որդի՝ Սիմոն և Հարություն։ Սիմոնը եղել է իմ հայրը։ Ամուսնացել է Շախին Բալաբեյանց Ծատուրի դստեր՝ Շախանումի հետ և ունեցել ինը զավակ. Մագթաղ, Սարգիս, Արշակ, Գևորգ, Պողոս, Ավագ, Խաչատուր, Համազասպ, Սմբատ»։ Այնուհետև մանրամասն տեղեկություններ է հաղորդում նրանց ընտանիքների մասին։ Ամենակրտսերը «Հիշատակարանի» հեղինակն է՝ Սմբատ Ավագյանը. «Հիմա պատմեմ իմ մասին։ Մեր ընտանիքում ամենակրտսերն եմ։ Վեց երեխաների հայր եմ՝ Լյուբա, Արկադի, Հրանտ, Ասյա, Հայկազ, Կամո»։ Իր մասին համեստորեն լռել է. «Մատյանի խունացած էջի վերջին գրառումից վերև իր լուսանկարն է կնոջ՝ Վարդուշի հետ։ Մեկ այլ լուսանկարում որդու՝ Կամոյի հետ է, երեխաներից ամենակրտսերը»։ Այստեղ ավարտվում է հիշատակարանը, որովհետև ընդհատվում է ծննդավայրի դպրոցի մանկավարժ Սմբատ Ավագյանի երկրային կյանքը։ Սակայն հիշատակարանը շարունակվում է իրական, հերոսական պատմություններով, որն արդեն գրի է առել հեղինակը։ Գրքի տպագրությանն իր օժանդակությունն է բերել Սմբատ Ավագյանի կրտսեր որդին՝ Կամոն, որն այն օրհասական օրերին իր համագյուղացիների հետ զենքը ձեռքին պաշտպանել է հայրենի գյուղը։

Վերջին հրաժեշտը տվեցին գյուղի եզրին կանգնած երկու հսկա Թաքաղաջի ծառերին, որտեղ միշտ դիմավորում էին իրենց սիրելի համագյուղացի մարշալներին, նշանավոր չարդախլվեցիներին։

Բաժանումին բարձրացան Խաչ սարի գագաթը, որտեղ Սահակ Սևադայի ժամանակներից կանգուն հրաշք խաչքարի կողքին 25 փթանոց զանգ էին տեղադրել, և օրհասական պահերին զանգի ղողանջները համախմբել էին նրանց պայքարի։ Խաչքարը, ինչպես բնորոշ է վայրենուն, ադրբեջանցիները ջարդել էին, հոշոտել։ Խաչքարի սուրբ մասունքները Կամոն ընկերների հետ բերեց և տեղադրեց Տավուշի Զորական գյուղի մոտակա բարձունքին։ Եվ արդեն 24 տարի այդ բարձունքը դարձել է չարդախլվեցիների ուխտավայրը…

Սերժ Առաքելյանի «Գարդմանաց հողի զավակները» գիրքը այդ հինավուրց գյուղի անվեհեր զավակների մասին է, որոնք մի օր պետք է վերադառնան ծննդավայր։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Ճակատագրեր


21/02/2013