ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍՊԱ-ՀՈԳԵԲԱՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված է, որ ՀՀ ռազմական անվտանգությունն ապահովում են մարտունակ, արտաքին ագրեսիայի հետմղման խնդիրների լուծմանը մշտապես պատրաստ զինված ուժերը: Միաժամանակ, ՀՀ ռազմական դոկտրինը սահմանում է, որ ռազմական անվտանգության ապահովման ազգային երաշխիքը մարտունակ, արդիական սպառազինությամբ զինված, մարտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությամբ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ունակ, ռազմական անվտանգության սպառնալիքների կանխմանն ու չեզոքացմանը պատրաստ զինված ուժերն են (ԶՈՒ): Իսկ ԶՈՒ լիարժեք կայացման և հաստատուն քայլերով հզորացման գործում կարևոր են զինվորի կայուն բարոյահոգեբանական վիճակն ու մարտական ոգին:
Խաղաղ պայմաններում զինծառայողների համախմբման, զինվորական կոլեկտիվի ձևավորման գործընթացները պահանջում են զինվորական գործի նկատմամբ արհեստավարժ մոտեցում` այն բոլոր հոգեբանական գործոնների հաշվառմամբ, որոնք անուղղակիորեն կարող են խոչընդոտել զինծառայողների ռազմական գործունեությունը: Եվ քանի որ բանակը համալրվում է սոցիալական բոլոր շերտերի, այդ թվում ոչ բարեհաջող դաստիարակություն ստացած երիտասարդներով (որոշ ընտանիքներում առկա են սոցիալ-կենցաղային խնդիրներ և բավարար ուշադրություն չի հատկացվում երեխաների դաստիարակությանը), պետք է սպասել, որ զորակոչիկներն իրենց հետ բանակ կարող են բերել այն բոլոր ոչ ցանկալի դրսևորումները, որոնք նկատվում են քաղաքացիական բնակչության համապատասխան շերտերում: Կարևոր խնդիր է նաև զորակոչիկների հնարավորինս արագ ընտելացումը բանակային կենսակերպին, ինչը հեշտացնելու համար նպատակահարմար է ցուցաբերել համապատասխան հոգեբանական աջակցություն, քանի որ հոգեբանական խնդիրները չհաղթահարելու դեպքում զորամասերում ի հայտ են գալիս լարված միջանձնային հարաբերություններ, բարդ հոգեվիճակներ, ներխմբային և միջխմբային հակասություններ, որոնք էլ բացասական ազդեցություն են գործում ԶՈՒ մարտունակության վրա:
Թեև ՀՀ ԶՈՒ հոգեբանական ապահովման գործին մասնակցում են բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ (հրամանատարաշտաբային անձնակազմ, բժիշկներ և այլն), այդուհանդերձ, հիմնական ծանրությունը կրում են զինվորական հոգեբանները:
ՀՀ զինվորական հոգեբաններ կրթելու գործում զգալի աշխատանք է կատարվում Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Հոգեբանություն և սոցիալական մանկավարժություն» ֆակուլտետում, ինչի արդյունքում 1999 թվականից մինչ օրս բուհի «Զարգացման և կիրառական հոգեբանության» ամբիոնի ռազմական հոգեբանության բլոկի պատասխանատուները պատրաստել են համապատասխան առարկայական ծրագրեր: Չի բացառվում նաև այլ ասպարեզներում մասնագիտացած հոգեբաններին իբրև ռազմական հոգեբան վերապատրաստելն ու զորամասային աշխատանքներում ներգրավելը:
Անդրադառնալով միջազգային փորձին` հարկ է նշել, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում կան մեծ թվով կազմակերպություններ, որոնք զբաղվում են ռազմական ոլորտի հոգեբանական խնդիրների ուսումնասիրմամբ: Դրանցից 80 կազմակերպություններ փաստացի ԶՈւ կառուցվածքում են, մոտ 100 գիտահետազոտական կենտրոններ, տասնյակ համալսարաններ, մասնավոր հետազոտական ինստիտուտներ, մասնագիտացված հիվանդանոցներ և լաբորատորիաներ գործում են Պենտագոնի հետ կնքած պայմանագրերի շրջանակներում: ԱՄՆ-ի ԶՈՒ կազմում աշխատում են 8000 դիպլոմավորված հոգեբաններ (5000 ռազմական և 3000 քաղաքացիական): Ամեն տարի ծառայության են անցնում ամենաքիչը 800 նոր մասնագետներ:
ՌԴ ԶՈՒ այսօր ներդրված է հոգեբանական միջոցառումների ամբողջական համակարգ` ուղղված ուսումնական, ծառայական և մարտական խնդիրների բարելավմանը, որը դասակարգվում է որպես «ռազմական գործունեության հոգեբանական ապահովում»: Ռուսաստանում «ռազմական հոգեբանի» մասնագիտական ծառայությունը կիրառության է դրվել 1992թ., և գոյություն ունի ռազմական հոգեբանի մոտ 2000 հաստիք:
Հաշվի առնելով ՀՀ զինված ուժերում հոգեբանների իրականացվելիք աշխատանքների արդիականությունն ու կարևորությունը` պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը վերջերս առաջին ընթերցմամբ ներկայացրեց «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով ամրագրվում են զինված ուժերում ներդրված սպա-հոգեբանի գործառույթները:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը` կարևորելով զինված ուժերում սպա-հոգեբանի ինստիտուտի ներդրումը: Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակելու քննարկումները և լրամշակելու օրինագիծը՝ գտնելով ընդունելի լուծումներ:
ՍԱՐԳԻՍ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Ռազմական