Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ Լ. ԱՍՐՅԱՆ. «ԱՐՑԱԽՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐ»



Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի 2012թ. լավագույն զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, փոխգնդապետ Լեռնիկ Ասրյանը ծնվել է 1970թ. Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։ Դպրոցից հետո 1988թ. զորակոչվել է խորհրդային բանակ։ Զորացրվելուց հետո ընդունվել է Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետը և հարազատ գյուղի կամավորական ջոկատի կազմում մասնակցել պաշտպանական գործողություններին։

Շատ չանցած` սկսվում է բանակի կազմավորման գործընթացը, և ջոկատին տրվում է վաշտի կարգավիճակ, իսկ Լեռնիկ Ասրյանը նշանակվում է դասակի հրամանատար։ Այժմ նա զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն է։ Նա պարգևատրվել է ԼՂՀ երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, «Արիության համար» և գերատեսչական մի շարք այլ մեդալներով։

Զրույցը փոխգնդապետ Լ. Ասրյանի հետ Արցախի, արցախցու և զինծառայողների հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին է։

-Պարոն Ասրյան, լրացավ Արցախյան շարժման 25-ամյակը, մեկ տարուց էլ կբոլորի հրադադարի հաստատման 20-ամյակը։ Ճիշտ է, սահմանագծում կրակոցներ, տեղային բախումներ, վիրավորներ ու, ցավոք, նաև զոհեր են լինում, բայց, մեծ հաշվով, խաղաղությունը չի խաթարվում, քաղաքների ու գյուղերի վրա ռումբեր չեն պայթում։ Ներկայումս ինչո՞վ է ապրում, շնչում Արցախը, ժողովուրդն ինչո՞վ է զբաղված։

-Այո՛, հրադադարը շարունակվում է, Արցախում տոն է, երիտասարդության նոր սերունդ է ասպարեզ եկել, բայց ժողովրդի մտածողությունն ու հոգեբանությունը չի փոխվել։ Մարդկանց համար գլխավոր խնդիրը Արցախի անվտանգությունն է։ Թեև բոլորը վստահ ու համոզված են, որ բանակն ապահովում է երկրի անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում, պաշտպանվելուց բացի, կարող է և շատ այլ խնդիրներ լուծել, այնուամենայնիվ, այստեղ յուրաքանչյուրն իրեն համարում է հայրենիքի զինվոր և կարող է հանպատրաստից շարք կանգնել, համալրել զինվորների շարքերը։

Այս ամենին զուգահեռ՝ Արցախն ու արցախցին ձգտում են հետ չմնալ քաղաքակիրթ որևէ այլ երկրից, միջազգային զարգացումներից, պետություն կառուցելու գործում միջազգային հանրության համար ընդունելի գաղափարներից ու սկզբունքներից։ Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակական-քաղաքական կազմակերպությունների, անհատ գործիչների աշխատանքը միտված է նրան, որ Արցախը միջազգային հանրությանը ներկայացվի այնպիսին, ինչպիսին այն կա իրականում, այսինքն՝ ազատ, ժողովրդավարական, քաղաքակիրթ աշխարհի արժեքներով զարգացող երկիր։

Արցախցու մեջ շատ մեծ է իր սոցիալական վիճակն ապահովելու, բարեկեցիկ կյանքով ապրելու ձգտումը։ Ձեռներեցության ազատությունը թույլ է տալիս և դրդում է մարդկանց ստեղծելու, արարելու, ունենալու այն ամենը, ինչն անհրաժեշտ է ընտանիքին ու պետությանը։ Գյուղատնտեսությունը եղել ու մեր երկրի համար մնում է որպես տնտեսության առաջնային ճյուղ։ Այն մեր աչքի առաջ օր օրի, տարեցտարի զարգանում, վերելք է ապրում, կառուցվում են նոր տներ, թաղամասեր, հյուրանոցներ, դպրոցներ, կենցաղի ու մշակույթի օջախներ։ Արտադրությունն ու առևտուրը նույնպես զարգանում են։ Մենք՝ արցախցիներս, անցնող ժամանակի հետ ավելի լավ ենք զգում ազատության ու անկախության համն ու բերկրանքը, ժողովրդավարության կարևորությունը։

-Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի զորամասը լինի առաջինը, այն էլ Արցախի պաշտպանության բանակում։

-Մարտունակության հիմնական գրավականը կարգապահությունն է, գիտակցված նվիրումը ծառայությանը, աշխատանքին։ Գաղտնիք չէ, որ բարոյակամային բարձր հատկանիշներով օժտված մարդն ի զորու է հաղթել իրենից շատ ուժեղ, բայց արժանիքներից զուրկ մարդուն։ Մենք Արցախյան պատերազմում հաղթեցինք մեր մարտիկների բարոյակամային բարձր հատկանիշների, գաղափարական համոզվածության ու նվիրվածության շնորհիվ։ Քանակով զիջում էինք հակառակորդին, բայց մեզ խեղդում էր հաղթելու ձգտումը և կռվելով, պաշտպանելով յուրացնում էինք գաղտնիքները։ Իհարկե, հեշտ չէր, ու շատերն իրենց ջահել կյանքը զոհեցին։ Բայց նրանց կորստյան ցավն ու կսկիծը մեզ այսօր ստիպում են չնահանջել, բաց չթողնել ձեռքբերումները։ Ու չշեղվելով ուղենշից` մենք ձգտում ենք միշտ բարձր պահել զինվորի ոգին։ Միասին սովորում ենք, միասին աշխատում ու հանգստանում։

-Կարդո՞ւմ են մեր զինվորները, ունե՞ն ընթերցելու ցանկություն։

-Ես վստահ եմ, որ մեր զինվորների ծնողներից շատերը թերի կարծիք ունեն իրենց որդիների մասին, չգիտեն, թե իրականում որքան լավն են նրանք։ Զինվորի ազատ ժամանակը շատ չէ, բայց կարդացողները քիչ չեն։ Կան տղաներ, որ հենց այստեղ, բանակում են սկսում կարդալ։ Զինվորի հետ պետք է խոսես, շատ խոսես, բացահայտես, տեղեկանաս նրա ցանկություններին, մտքերին։ Կար ժամանակ, որ չէր ստացվում կազմակերպել հասարակական խորհուրդների աշխատանքը, չէինք կարողանում խորհրդի նախագահ ընտրել, բայց շփումների միջոցով իրավիճակը փոխվեց, այժմ իրենք են ձգտում կազմակերպել, ղեկավարել։ Զինվորին պետք է վստահես, հարգանքով վերաբերվես նրան՝ որպես անհատի, հաճախ հետը խոսես, ինչպես հավասարը հավասարի հետ, առանձին երևույթների, իրավիճակների շուրջ հաշվի առնես նաև նրա կարծիքը։ Այսպիսի մոտեցման դեպքում հարաբերությունները դառնում են պարզ ու թափանցիկ, խնդիրները՝ հեշտ հաղթահարվող։

-Ինչպիսի՞ն է զորամասի կապը մտավորականության, մշակույթի գործիչների հետ։

-Մենք ստանձնել ենք տարածաշրջանի հինգ դպրոցների շեֆությունը։ Հաճախ ենք այցելում, արիության դասեր վարում։ Կապն ամրապնդողը, նախաձեռնողը հիմնականում զորամասն է։ Իրենց հերթին զորամաս են այցելում մեր ընկերները, պատերազմի վետերանները, վիրավորները։ Նրանց ասելիքը շատ է և կարևոր։ Զինվորները սիրով են նրանց լսում։ Հայ մշակույթի գործիչները երևի ավելի շատ Արցախի, քան Հայաստանի զորամասերում են լինում, գալիս են նաև Արցախի բանաստեղծները։ Սա այն հարցն է, որը սահմանափակում չի ընդունում, որքան շատ լինեն նման հանդիպումները, այնքան լավ. մեր դռները միշտ բաց են բոլորի առաջ։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


21/02/2013