Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՈ՝ ՀԱՂԹԵՑԻՆՔ…



Ուղիղ քառորդ դար առաջ այս օրը՝ փետրվարի 13-ին, Ստեփանակերտի փողոցները հեղեղվեցին բազմահազար ցուցարարներով, որոնք ոտքի ելան՝ պահանջելու միացում մայր հայրենիքին: Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի դասախոսական կազմը, ուսանողությունը, շարժման առաջնորդների գլխավորությամբ, նախկին Կիրովի, այժմ Ազատամարտիկների փողոցով երթ կազմակերպեց և հասավ նախկին Լենինի հրապարակ, որը շրջապատված էր ադրբեջանցի ոստիկաններով: Ժողովրդի վճիռն անհաղթահարելի էր, և ճեղքվեց թուրք օմօնականների օղակը: Հրապարակն ամբողջությամբ լցվեց ցուցարարներով: Սկսվեց Արցախյան շարժումը, որը ցնցեց խորհրդային կայսրությունը: Օրեր անց Արցախի հայրենակիցներին սատար կանգնեց ողջ հայությունը, և Երևանի օպերայի հրապարակում գրեթե միլիոնի հասնող ցուցարարներ մի մարդու պես պահանջեցին՝ «Մի՛-ա՛-ցո՛ւմ»:

Այդ հերոսական օրվա տարեդարձի առիթով փետրվարի 13-ին Ստեփանակերտում կայացավ տոնական միջոցառում, որը այս անգամ ևս սկսվեց երթով Արցախի պետական համալսարանից: Բացի համալսարանի դասախոսա-ուսանողական կազմից, ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԿԳ նախարարության աշխատակիցներ՝ նախարար Սլավա Սարգսյանի գլխավորությամբ: Ինչպես հետո իր խոսքում նշեց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, այս քայլով երկրի իշխանությունները փորձել են վերարտադրել 1988-ի ժամանակագրությունը։ Մինչև երթի դուրս գալը՝ միջոցառման մասնակիցները հարգեցին Արցախյան գոյամարտում նահատակված համալսարանականների հիշատակը, այնուհետև անցան Ազատամարտիկների պողոտայով՝ վեր պարզած Հայոց Եռագույնը, բազում կարգախոսեր, որոնցից շատերը նման էին քառորդ դար առաջ պարզվածներին: Այս անգամ արդեն Վերածննդի հրապարակում ցուցարարներին դիմավորեց հայոց բանակի հաղթանակած ԶԻՆՎՈՐԸ՝ պատրաստ կյանքի գնով պաշտպանելու երկրի սահմանները, գեղանի աղջիկներին, որոնց հետ նաև Քոչարի պարեց, արդեն ալեհեր այս կանանց ու այրերին, ովքեր այն հերոսական օրերին իր նման երիտասարդ էին, հարթակում խրոխտ կանգնած Արցախի նախագահին, պետական այրերին ու հոգևոր առաջնորդին: Եղանակն էլ զարմանալիորեն նման էր 25 տարի առաջվանին:

Սրտի խոսք ասացին շարժման առաջամարտիկները: Արցախի հերոս դուստր Ժաննա Գալստյանն իր խոսքում ասաց. «Դե արի ու լաց մի եղիր. 25 տարի առաջ այս օրը, այս նույն հրապարակում 70 տարի եկեղեցազուրկ արցախցին դուրս եկավ Տյառըն ընդառաջ, ընդառաջ ազատության, ընդառաջ Սիրո, ընդառաջ Հույսի…»:

Հայտնի մտավորական, ԼՂՀ ԿԳ նախկին նախարար, ԱրՊՀ նախկին ռեկտոր Համլետ Գրիգորյանը, խոսելով այդ օրերի մասին, դիմեց հրապարակում ներկա ուսանողությանն ու երիտասարդներին՝ արդյոք պատրա՞ստ են շարունակելու Շարժման սերնդի գործը: Պատասխանը հարյուրավորների միահամուռ ծափահարությունն էր:

Տերունական խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազանն իր խոսքը եզրափակեց աղոթքով, խնդրելով, որ Աստված զորավիգ լինի մեր երիտասարդ հանրապետությանը, հերոսական մեր ժողովրդին, սահմանին կանգնած հայ զինվորին:

Տոնի ողջ ընթացքում հրապարակում հնչում էր պարեղանակը, և միասին պարում էին զինվորն ու ուսանողը, պարի խմբերը, այդ թվում նաև «Կարին»-ը, որի ղեկավար Գագիկ Գինոսյանը նույնպես իր խոսքն ասաց՝ նվիրված այդ օրերի և այսօրվա արցախցուն: Շատ երիտասարդներ հպարտորեն հսկա եռագույնն էին տանում՝ ի ցույց աշխարհի, որ կանք, պիտի լինենք ու դեռ կշատանանք:

Հիշում եմ, երբ 1988 թվականի նոյեմբերի 11-ին առաջին անգամ Արցախ այցելեցի որպես «Գարուն» ամսագրի թղթակից, Ստեփանակերտի օդանավակայանում առաջին խոսքը, որ լսեցի, այն էր, թե հենց այդ օրը խորհրդային բանակի զինվորները փողոցներում, իրենց տների բակերում, պատշգամբներում ծեծել էին ստեփանակերտցիներին, մի քանի տասնյակ հայորդիների, ծերունիների… Ահա այդ օրերից անցան տարիներ, երկարատև պատերազմն էլ ի զորու չեղավ ընկճելու արցախցուն:

Հիշում եմ 1989-94 թվականների Ստեփանակերտը, պայթող ռումբերը, դեպի ապաստարան շտապող երեխաներին, Բերդաձորը, Քարինտակը, իմ մարտական ընկերներին, որոնցից շատերն այսօրվա տոնախմբությանն արդեն երկնքից են նայում: Անցել է քառորդ դար: Այն հրապարակը, որտեղ Լենինի արձանն էր, իսկ գիշեր-ցերեկ խորհրդային բանակի զինվորներն ու ադրբեջանցի օմօնականները զորավարժություն էին կատարում՝ ձգտելով ընկճել արցախցու ոգին, այժմ մեր ազգային բանակի զինվորներն են խրոխտ շարք կանգնել՝ որպես պատվար, որպես երկրի անպարտելիության գրավական:

Այո՝ հաղթեցինք…

Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Բանակ և հասարակություն


21/02/2013