Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



«ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպությունը փետրվարի 15-ին անցկացրեց հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ տարվա երկրորդ կիսամյակում կատարված աշխատանքները, ինչպես նաեւ քննարկվեցին այս տարվա առաջին կիսամյակում անհրաժեշտ անելիքները: Նիստին ներկա էին պատվավոր հյուրեր` Արցախի հերոս, գեներալ- մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, Երեւանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանն ու այլք: Նրանք ստանձնեցին նիստի նախագահությունը:

ՀՀ վետերանների միավորման խորհրդի կատարած աշխատանքները ամփոփ զեկույցով ներկայացրեց ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը.

«Հաշվետու ժամանակահատվածում մեր հիմնական եւ կարեւորագույն խնդիրը եղել եւ մնում է վետերանների սոցիալական ապահովվածության բարելավումը, նրանց օրինական իրավունքների եւ արտոնությունների պաշտպանումը, նրանց նկատմամբ մարդկային հոգատարության դրսեւորումը: Մեր հաջորդ կարեւոր խնդիրը նախազորակոչային ու զորակոչային տարիքի երիտասարդության եւ բնակչության հետ տարվող ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների կազմակերպումն է: Այս նպատակով կազմակերպվել են հանդիպումներ, զեկուցումներ, ռազմահայրենասիրական բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ դպրոցներում, զորամասերում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, կառուցվել են նոր հուշարձաններ, փառքի սրահներ եւ այլն»:

Կիսամյակային հաշվետվություններից, ըստ զեկուցողի, երեւում է, որ մի շարք կազմակերպությունների նախագահներ մատների արանքով են նայում կատարվելիք աշխատանքներին, սակայն այսպիսի երեւույթները քիչ տոկոս են կազմում. «Հոբելյանական 10-րդ համագումարից հետո ավելացել են լավագույն վետերանական կազմակերպությունները, ամրապնդվել են հարաբերությունները տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքի զինկոմիսարիատների, ուսումնական կազմակերպությունների, զորամասերի, առողջապահական եւ սոցիալական ապահովման հիմնարկների հետ, արդյունքում՝ նոր ծրագրեր են ծնվել, կատարվել են դրական աշխատանքներ»:

Նոր նախաձեռնություններ են ձեռնարկել եւ կյանքի կոչել մի շարք վետերանական կազմակերպություններ. Եղեգնաձորում, օրինակ՝ բոլոր վետերաններին անվճար բուժօգնություն է տրամադրվում, Դիլիջանում գործում է բարեգործական ճաշարան, անկողնային հիվանդ վետերանների համար կատարվում է ճաշատեսակների եւ դեղորայքի առաքում, խիստ կարիքավոր վետերաններին տրվում է վառելափայտ, բոլոր վետերաններն օգտվում են անվճար երթեւեկությունից, ազատված են գույքահարկից, Հրազդանում անապահով վետերանները անվճար սնունդ են ստանում քաղաքի բարեգործական երկու ճաշարաններից, եւ բոլոր վետերանները քաղաքում երթեւեկում են անվճար, Եղվարդում վետերաններն ապահովվել են կապից օգտվելու` 50% վճարման արտոնությունից: Երեւան քաղաքի Աջափնյակ համայնքում վետերանների համար գործում է վարսավիրանոց, վարչական շրջանի ղեկավարը յուրաքանչյուր ամիս փակում է վետերանական խորհրդի ծախսերը, Շենգավիթի 37 վետերաններ հանգստացել են Վանաձորի հանգստյան տներից մեկում, Նոր Նորքում 99 վետերաններ ստացել են սննդամթերք, Ավանում քաղաքապետը Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին եւ 75 միայնակների օգնել է 20 հազարական դրամով, սննդամթերքով եւ այլն: Անտարբեր չեն գտնվել եւ վետերաններին օգնության ձեռք են մեկնել անհատ բարերարներ. Իջեւանում` ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Եղեգնաձորում` Ջերմուկ գրուպ ՓԲԸ ընկերությունը, Նոյեմբերյանում` Ֆլորա Անտոնյանը, Գավառում` Տիգրան Արզաքանցյանը, Չարենցավանում «Պանդոկ» ռեստորանի տնօրեն Սիմոնյանը տոնական օրերին վետերանների համար ճաշկերույթ է կազմակերպում:

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ դեռեւս թույլ են կապերը Սիսիանում, Աշոցքում, Արագածում, Վայքում, Բերդում, Մասիսում, Գյումրիում, Արաբկիրում, Աբովյանում. «Մի շարք վետերանական կազմակերպություններ ապահովված չեն աշխատանքային սենյակով, այսինքն՝ տարածքի վետերանները իրենց հոգսերն ու խնդիրները ներկայացնելու հասցե չունեն»,-նշեց Ս. Եսայանը:

Ըստ վետերանական կազմակերպությունների 2012թ. երկրորդ կիսամյակի հաշվետվությունների տվյալների` 2013թ. հունվարի 1-ի դրությամբ մեր հանրապետությունում բնակվում են Հայրենական մեծ պատերազմի 1988 մասնակիցներ. «Ցավով նշեմ, որ ամենաշատ կորուստը տվեցինք հունվար ամսին` 56 մարդ: Այժմ մեր հանրապետությունում Հայրենական մեծ պատերազմի 1932 մասնակից է բնակվում»:

ՀՀ վետերանների միավորման խորհուրդը որոշեց հավանություն տալ 2012թ. 1-ին կիսամյակի գործունեությանը եւ ՀՀ վետերանական կազմակերպությունների աշխատանքը գնահատել բավարար, նաեւ հաստատվեց Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակի տոնակատարության նախապատրաստման եւ անցկացման պլանը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Բանակ և հասարակություն


21/02/2013